16 ապրիլի 2010, «Անկախ» շաբաթաթերթ #12 (36)
Համացանցում լավ հայտնի Դօրիանը օրեր առաջ ինքնակամ փակել է Ֆեյսբուքի իր էջը: Այդ լուրը շատ արագ տարածվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ուր նա շատ ակտիվ օնլայն կյանք էր վարում:
Նրա ընկերներից Զարուհի Բաթոյանն ասում է, որ շատ արագ նկատեց Դօրիանի բացակայությունը, որովհետև գրառումներ չէր անում: «Տխրեցի ու մի քիչ էլ չեմ հավատում, որ էլ էջ չի բացելու, – ասում է Զարուհին, – ես նրան որպես մարդ հավանում եմ, սիրում եմ, բայց շատ հաճախ նրա հղումներն ինձ նյարդայնացնում էին, երբ ամեն ինչ ոչ թե իրավունքների պաշտպանության է վերածվում, այլ քարոզարշավի»:
Դօրիանի այս քայլի համար շարժառիթ էր ծառայել դրանից մոտ մեկ ամիս առաջ մամուլում տարածված այն լուրը, թե նրան ծեծել են: Լուրը տպագրել էր «Հրապարակ» օրաթերթը: «Հրապարակից» «Անկախին» ասացին, որ այդ մասին նամակ են ստացել, և այն ուղարկվել էր էլի ուրիշ լրատվամիջոցների. «Մենք մտածեցինք, որ նամակը գրել են Դօրիանի պաշտպանները, և երևում էր, որ այն սրտի ցավով էր գրված: Մենք այն տպեցինք ի պաշտպանություն նրան»:
Հետո այդ լուրը հերքվեց, և հայտնի դարձավ, որ ծեծվող երիտասարդը նա չէ, սակայն դրանից հետո համացանցի տարբեր միջավայրերում Դօրիանը տեսել է, որ մարդիկ շատ բացասաբար էին անդրադառնում իր անձին:
«Արդեն հոգնել էի էս ամենից: Մտնում էի տարբեր էջեր, տեսնում էի, որ իմ մասին շատ վատ բաներ են գրված, – «Անկախին» ասաց Դօրիանը, – գրում էին` դրան տեղն ա, հլը էդ քիչ ա, պիտի գլուխը ջարդեին, ու էդ կարգի բաներ: Վրաս ազդում էր: Առաջ չէի մտածում, որ էդ կարգի կազդվեմ: Որոշեցի փակեմ»:
Իսկ դրանից առաջ էլ նրան էջը Ֆեյսբուքի ադմինիստրացիան ջնջել էր: Այն վերականգնելու համար ուղարկված նամակին պատասխան էր եկել, որ Դօրիանի վրա մարդիկ բողոք էին գրել, իբր նա ֆիկտիվ անձ է, որի գոյությունը վիրավորում է ինչ-որ մարդկանց:
Դօրիանը համացանցում հայտնի է որպես համասեռամոլություն քարոզող: Նրա համացանցային կյանքը լի է սկանդալային պատմություններով:
«Ես գեյերի պաշտպանությամբ սկսեցի ավելի շատ հանդես գալ «Սատանան մայրամուտին» պատմվածքի աղմուկ հանելուց հետո»
– ասում է Դօրիանը
Նա պատմում է, որ պատմվածքի հերոս Դավիթը իրական կերպար է, իսկ մյուս հերոսի՝ Ալեքի նախատիպն իր ծանոթներից մեկն է, որ խորհուրդ է տվել` «եթե ուզում ես միանգամից ճանաչվել, եղիր գեյերի կամ հրեաների կողքին»:
«Բայց մենակ էդ չի պատճառը, որ պաշտպանում եմ գեյերին, – ասում է Դօրիանը, – իմ իրական նպատակը հանդուրժողականություն քարոզելն է, այդ թվում նաև հանդուրժողականություն գեյերի նկատմամբ»:
Դօրիանի «Սատանան մայրամուտին» պատմվածքն արժանացավ «Ինքնագիր» բլոգի հայտարարած գրական ստեղծագործությունների գլխավոր մրցանակին, որի համար դատափետվեց «Իրավունք» թերթում: «Երկնագույն խրախճանքը» հոդվածում թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը գրել էր. «Այդ հաղթող «գլուխգործոցը» կոչվում է «Սատանան մայրամուտին», ու այդ գարշանքին Վ. Իշխանյանի (նախկին խմբագիր Վահան Իշխանյանի մասին է խոսքը) թերթում մրցանակ հանձնելով` հավանաբար այդ աղբն արդեն չի գոյատևի զուտ ինտերնետում ու մուտք կգործի տպագիր տարածք»:
Սակայն, ժյուրիի անդամ Միսաք Խոստիկյանն ասել էր, որ գործի արժեքը տաբու թեմա հաղթահարելը չէ, թեպետ պատմվածքի թեման միասեռ կապն է, այլ Հայաստանում տիրող սոցիալական խնդիրներն ու առօրյա միջակությունը:
Արվեստաբան, նկարիչ Արման Գրիգորյանը Դօրիանին համարում է շատ վատ ու թույլ գրող, իսկ նրա գրելաոճը՝ քաղքենի գրականության ձև: «Ես այդ պատմվածքն էլ չէի հավանել ու ենթադրում եմ, որ նրան մրցանակ են տվել թեմայի համար,- ասում է Գրիգորյանը,- մի տեսակ կոնֆորմիստական(հարմարվողական) բան կար մեջը, հարուստների գովերգություն՝ սնոբ ու մեծամիտ նոտաներով: Այդ գործը կարդալուց հետո իմ մեջ հետաքրքրություն չառաջացավ նրանից ուրիշ բան ընթերցել»:
Ֆեյսբուքից բացի Դօրիանն էջեր ունի Հայաստանում գործող բոլոր սոցիալական ցանցերում և բլոգային տիրույթներում: Նրա ասելով՝ ունի մոտ 20 հաշիվ, որոնք վարում են իր ընկերները և մուտք ունեն այդ էջեր:
«Դա ինձ համար անում են իմ ընկերները` լրիվ անվճար, որովհետև ինձ սիրում են: Մի տեղ ստատուս եմ գրում, մնացած տեղերը քոփի-փեսթ են անում։ Առաջ հիմնականում գրում էի «Հոգու մերկապարում»: Հիմա դա փակ ա, WordPress-ն ա հիմնականը, – ասում է նա, – բայց նամակներիս ես եմ պատասխանում, իսկ էջերից մենակ «Հայլենդինն» ա լրիվ իմը, որ մշտական ներկայության տպավորություն լինի»:
Նա ասում է, որ դա անում է ինֆորմացիան ավելի ինտենսիվ ու բազմակողմանի տարածելու համար: Ասում է նաև, որ համասեռամոլությանը վերաբերող թեմաները հայ հասարակության մեջ առավել անընդունելի են, իսկ հարցին` համասեռամո՞լ է ինքը, թե ոչ, չի պատասխանում:
Բոլորի համար դա մեկ պտի լինի: Ու՞մ ինչ գործն ա ես ում հետ եմ քնում՝ տղայի, աղջկա, թե փափուկ արջուկի։ Որոշ մարդկանց համար հարմար ա, որ ես նույնասեռական լինեմ, օրինակ հենց նույնասեռականների ու լրագրողների: Առաջինների համար ես ոնց որ մի տեսակ ավտորիտետ լինեմ, երկրորդների համար էլ` խոսակցության թեմա: Եթե պատասխանեմ էդ հարցին, խոսակցությունները կդադարեն, իսկ ինձ դա ձեռք չի տալիս:
– Դօրիան
Բլոգեր Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ Դօրիանի առանձնահատկությունն այն է, որ թեպետ նրա անձը հայտնի չէ, սակայն նրան շարունակում են կարդալ: «2008 թ. մարտիմեկյան իրադարձություններից հետո որոշվեց, որ բոլոր բլոգերները հայտնի լինեն, որովհետև, երբ մարդը գրում է ծածկանունով, և հայտնի չէ անձը, նրա գրած ինֆորմացիան կասկածելի է, – մեկնաբանում է Մարտիրոսյանը, – սակայն նա այդ առումով հետաքրքիր է, որովհետև մարդիկ նրան կարդում են»:
Մարտիրոսյանն ասում է, որ «Դօրիան» նախագիծը հետաքրքիր է նաև նրանով, որ կարելի է դիտարկել որպես սոցիալական փորձ, թե ինչպես է հանրությունը վերաբերվում նրա գործողություններին կամ նրա բարձրացրած թեմաներին:
Իսկ Դօրիանի մուտքը համացանց եղել է այն պատճառով, որ դպրոցական տարիներին, երբ սկսել է բանաստեղծություններ գրել պատի թերթի համար, ամաչել է մարդկանց ցույց տալ, և հրապարակելու համար որոշել է տեղադրել համացանցում:
Դօրիան անունը նա վերցրել է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործության հերոսի անունից. «Գեյ մշակույթի մեջ մի քիչ տարածված են ամեն տեսակ Դօրիանները, ու կարծիք կա, որ դրա համար եմ էս անունն ընտրել, կամ որ Օսկար Ուայլդը գեյ էր, կամ որ Դորիան Գրեյն էլ երկնագույն երանգ ուներ»:
Նրան այդ անունը խորհուրդ է տվել ծանոթներից մեկը: «Նա ասում էր` քո տեղը ես եմ ծերանում, որ դու միշտ ջահել մնաս, – ասում է Դօրիանը, – Տենց էլ որոշեցինք: Նա իմ դիմանկարն է, ինչպես Դորիան Գրեյի դիմանկարը, որ նրան տվել էր Սատանան: Ես միշտ երիտասարդ եմ մնում, իսկ դիմանկարը ծերանում է»:
Իսկ ե՞րբ հայտնի կդառնա Դօրիանի դեմքը: «Ոչ ոք չի տեսնի իմ դեմքը, քանի դեռ կլինի էդ հարցը. ո՞վ եմ ես, – ասում է նա, – քանի դեռ ես դրանից օգուտ ունեմ։ Իսկ էդ հարցը գնալով ավելի շատ են տալիս։ Այ, երբ որ կիջնի վարկանիշս, կդադարեն հետաքրքրվել, էն ժամանակ էլ կհայտնվեմ ես ու համացանցում կլինի նկարս»:
Դօրիանը 17-18 տարեկանում գրել է «Իսկ գիշերվանից հետո շուշաններ» և «Ադհյատման» վեպերը: Ադհյատման սանսկրիտից թարգմանաբար նշանակում է գերագույն հոգի: Այժմ նա 21 տարեկան է:
Դօրիանը նաև վերջերս բեմադրված «Կապտուկներ հոգուն» պիեսի հեղինակն է: Այժմ աշխատում է երկու նոր պիեսների վրա, որոնք նախատեսել է ավարտել մինչև գարնան վերջ:
«Ու ես չեմ պատրաստվում հավերժ գաղտնի մնալ, ուղղակի հարմար պահին եմ սպասում, հետո շատ սովորական մարդու պես ինձ էլ կճանաչեն», – ասում է նա: Ու որպես հարմար պահ նա ընտրել է վեպերից մեկի շնորհանդեսը, սակայն գրքի տպագրության համար անհրաժեշտ 2 մլն. դրամը չի կարողացել հայթաթել: