fbpx

Իսկ ո՞վ ասաց, թե մի կերպարը բացահայտելուց հետո, մեկ այլ կերպար չեմ ստեղծել

26 մարտի, 2014թ․, Անկախ

Վերջին ամիսներին (կամ գուցե ավելի երկար ժամանակ) գրող-բլոգեր Դօրիանը (իսկական անունը` Գրիգոր Մուրադյան) լռում էր: Ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղվում: Դօրիանը սիրով համաձայնեց պատասխանել «Անկախի» հարցերին:

Դօրիան, վերջին ժամանակներս կրկին լռում ես, ինչո՞ւ

Եզակի երևույթ է, չէ՞, երբ ասելու բան չունեն ու լռում են: Երբ կատարած աշխատանք եմ ունենում, ներկայացնում եմ, երբ հարցեր են տալիս` պատասխանում եմ: Դրանից ավելի ի՞նչ ասեմ: Ամիսներ առաջ Ֆեյսբուքում գրել էի, որ մեր օրերում լռությունը ոչ թե ոսկի է, այլ հարստացված ուրան: Մարդիկ սկսել են այնքա՜ն շատ խոսել, ամեն առիթն անգամ օգտագործում են: Վերջերս գրանցվեցի Ask.fm կայքում: Այդ կայքն ամեն օր իր օգտվողներին մեկ հարց է տալիս, և բոլորն այդ հարցին են պատասխանում: Հրաշալի միտք է: Ինչքա՞ն կարելի է սպասել, մինչև մի կինո ցուցադրեն, Եվրատեսիլի մասնակցին ընտրեն, Յանուկովիչը գրիչը կոտրի… Գրանցվում ես այնտեղ ու ամեն օր խոսելու թեմա ունես: Սեփական մտորումներն այլևս պետք չեն, քեզ ոչինչ կարող է չհուզել, չհետաքրքրել, կա օրվա հարցն ու դրա պատասխանները: Ահա և մարդկության առաջ դրված բոլոր խնդիրները: Մյուս խնդիրները քո անձնականն են, ու, բնականաբար, պետք է անձնական տարածքդ զբաղեցնեն: Գրականությունն իմ անձնական տարածք տանող միակ դուռն է, որ բոլորի առաջ բաց եմ թողել: Մյուս դռները հիմնականում փակ են:

Ինչպե՞ս ես:

Ինձ բավարարված եմ զգում: Կարծում եմ՝ դժգոհություններս մեծ մասամբ շատ մտածելու հետևանք են: Ժամանակի սղությունից եմ դժգոհ, քիչ բան եմ հասցնում անել: Երևի վերջ, ուրիշ դժգոհություններ չունեմ, ուրեմն ամեն ինչ կարգին է:

Գրականությունն էլ չի՞ հետաքրքրում:

Հեշտ եմ ինձ համար նոր հետաքրքրություններ գտնում, փոխում սովորություններս: Բայց գրականությունն ինձ համար ոչ միայն հետաքրքրություն ու սովորություն է: Չգիտեմ, թե ինչպես են անվանում այն, ինչ մազերիդ նման է՝ կարող ես տարբեր գույներով ներկել, կտրել, սափրել, բայց միևնույն է, այն նորից հայտնվում է ու նորից առաջվա գույնն ունի: Գրականությունը, որպես ոլորտ, ինձ միշտ էլ քիչ է հետաքրքրել, բայց ընթերցանությունն ու գրելը բնազդային մակարդակում են գտնվում, անգամ եթե դադարեմ ուսումնասիրել այդ բնազդները, դրանք չեն կարող վերանալ: Նույնն է, թե մոծակը թռչի աչքիդ ուղղությամբ ու աչքը չփակվի նախքան մոծակի՝ այնտեղ հայտնվելը: Չէ՞ որ դա տեղի է ունենում միլիվայրկյանների ընթացքում, նախքան քո կամքի արտահայտվելը: Նմանապես նաև ստեղծագործությունը: Այդ պրոցեսը հնարավոր կլիներ կանխել միայն այն դեպքում, եթե դա կամքի արտահայտում լիներ: Մինչդեռ գործնականում ստեղծագործությունը կամքի արտահայտում չէ, կամքի արտահայտում է միայն այդ գործընթացի արդյունքում գոյացածը նյութականացնելը: Ինչով և ես շարունակում եմ զբաղվել:

Գրախանութներից մեկում հարցրի Դօրիանի ստեղծագործություններից ունե՞ք, գրավաճառուհին ասաց վերջացել է և մատնանշեց «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպը:

Գիրքն առայժմ կա, այն «անխիղճ» տպաքանակ ուներ, և դեռ որոշ ժամանակ կլինի գրախանութներում: Այդ հարցով ընկերս է զբաղվում, ամենայն հավանականությամբ, ալարել է ճշտել վաճառքի մասին տվյալները և էլի գրքեր հանձնել: Այնուամենայնիվ գիրքն անվճար տեղադրված է համացանցում, կա Երևանում Մոսկվայի տան գրադարանում, որտեղից նույնպես հնարավոր է անվճար վերցնել ու կարդալ: Ես չեմ պատրաստվում նույն գիրքը ևս մեկ անգամ տպագրել, նրանք, ովքեր զուտ հետաքրքրությունից դրդված են ցանկանում կարդալ, կարող են աչքի անցկացնել անվճար տարբերակները, իսկ մնացած գրքերը թողնեն այն մարդկանց, ում համար դրանք ունենալն իսկապես կարևոր է:

Դօրիան, հիմա որ մի քանի տարի հետ ես նայում, ի՞նչ ես կարծում, ճի՞շտ էր բացահայտվելը:

Իսկ ո՞վ ասաց, թե մի կերպարը բացահայտելուց հետո, ես մեկ այլ կերպար չեմ ստեղծել: Բացահայտումս բոլոր առումներով շահավետ էր: Նախկինում այդ շահն այլ էր, այսօր ես այլ շահ եմ տեսնում դրանում: Այժմ ինձ թվում է, որ դա նախ և առաջ կատարելագործվելու հսկայական ստիմուլ տվեց ինձ, օգնեց հասկանալ, թե ինչ տրանսֆորմացիաների եմ ընդունակ, ինչ մետամորֆոզների, որքան չօգտագործվող ներուժ ունեմ: Անցած երկու տարվա ընթացքում ես կարծես տասը տարով առաջ ընկա: Ինչպես այժմ մոդայիկ է ասել, պարադիգմայի հսկայական շարժ տեղի ունեցավ: Դա դրական փորձ էր: Ճիշտ ժամանակին, թեկուզ շոշափելի կորուստների գնով, որևէ բանից հրաժարվելն ու այլ՝ ավելի հեռանկարային ընտրություն կայացնելը հերոսական արարք է:

«Հոգու մերկապարում» ի՞նչ նորություններ կան:

Իմ կայքը վաղուց արդեն այդպես չի կոչվում: Ինչևէ: Dorian.am-ը փակել եմ: Ստեղծել եմ «Իմ գրադարակը», որտեղ հավաքված են ստեղծագործություններս, անվճար տեղադրել եմ համացանցում ու քաշվել մի կողմ: Գործում եմ «ստեղծագործություն արա, գցիր ջուրը» սկզբունքով: Մարդիկ իրենք էլ շատ հեշտ գտնում են ընթերցելու եղանակը, իրար են ուղարկում աշխատանքս, տեղադրում են ֆորումներում, բլոգներում և սոցիալական ցանցերում: Եթե տարիներ առաջ տարածմամբ ստիպված էի ինքս զբաղվել, այժմ միայն հրապարակում եմ գրադարակում, որտեղ անգամ սոցիալական ցանցերի կոճակներ չկան, և ընթերցողներս իրենք են պատճենում, իրար փոխանցում: Այժմ ես ինձ կարող եմ թույլ տալ նաև դրանով չզբաղվել, ու դա ճոխություն եմ համարում:

Կարծես մեր երկրում գրական զարթոնք է, մարդիկ վերադառնում են դեպի գիրքը:

Որևէ զարթոնք մեր երկրում չկա: Այն, ինչ տեղի է ունենում գրականության մեջ, քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը, աշխուժությունը մյուս ոլորտներում, ընդամենը կենտրոնացված սոցիալական ցանցի առկայության արդյունքն է: Իսկ սոցիալական ցանցերում ապակենտրոնացում է սկսվել, մարդիկ խումբ-խումբ առանձնանում են և որպես շփման հիմնական հարթակ ընտրում են տարբեր սոցիալական ցանցեր: Շուտով գիրք վաճառողների համար ավելի դժվար կլինի Սիրուշոյի երկրպագուներին գրավել և ստիպել գնել իրենց արտադրանքը: Շուկայի ընդլայնումը կպահանջի այնպիսի ներդրումներ, որոնք Հայաստանում գիրք վաճառելով անհնար կլինի արդարացնել: Հրատարակիչները կտարվեն մեծ շուկաների որոնումներով, շեշտը չեն դնի ներքին շուկայի վրա ու զարթոնքի այդ պատրանքն արագ կվերանա: Հետագայում մեզ կուրախացնեն դրսում ինչ-որ մեկի գիրքը տպագրելով, դրսից բերած որևէ մրցանակով ու նման բաներով: Մեր ժողովուրդը հակված է դա առաջընթաց համարել, մեծ մասին դա միանշանակ կբավարարի: Ներքին խմորումների բացակայության պատճառով առաջացող տոտալ դեգրադացիան որևէ մեկին չի անհանգստացնի: Այդ առումով Հայաստանը շատ ոլորտներում է հաջողություններ գրանցում:

Քո ո՞ր ստեղծագործությամբ կարող ես գրողին հատուկ հպարտություն ապրել:

Միշտ էլ սիրել եմ իմ վերջին ստեղծագործությունը: Այսօր դա «Իմ երկու հայրը» պատմվածքն է: Այնտեղ ես համեմատաբար ավելի նման եմ այն գրողին, որը կցանկանամ լինել: Հետո այն դրական է գնահատվել գրականության հետ ավելի սերտ կապված մարդկանց կողմից: Անկախ իր թեմայից, այն չի ընդունվել՝ իբրև պրովոկացիա: Այնտեղ ես տողատակով չեմ խոսել, բայց և այնպես կարողացել եմ ընթերցողի ուշադրությունը շեղել հասարակական այդքան ակտուալ թեմայից ու սևեռել դեպի հերոսների ներաշխարհը, նրանց խնդիրներին: Դա ստեղծագործության ֆոների հետ խաղալու փորձ էր ինձ համար, որ հաջողված եմ համարում, շարունակում եմ զարգացնել միտքը, ինչն իր ազդեցությունն է ունենում այն աշխատանքի վրա, որով զբաղված եմ այժմ:

Գրականության մեջ ժանրերը էական չեն,սիրում էր ասել Հեմինգուեյը։ Հնարավո՞ր է, որ առաջիկայում գրական այլ ժանրերի ստեղծագործություններիդ հանդիպենք:

Ինձ չի հետաքրքրել ու չի հետաքրքրում, թե որ ժանրով եմ ստեղծագործում: Ժանրերը, կարծում եմ, անհրաժեշտ պայմանականություն են ընդամենը: Ինձ համար, օրինակ, «Լոլիտան» և «Մատանիների տիրակալը» միևնույն ժանրի գրքեր են: Երկու գրքում էլ հերոսներն անվերջ ինչ-որ տեղ են գնում, ու դա ձանձրալի է: Այս օրինաչափությամբ կարելի է միլիոնավոր ժանրեր հորինել: Գրադարանի դարակները դասավորելու համար դա հարմար չէր լինի, բայց առցանց գրադարաններում, ընդունված ժանրերի հետ մեկտեղ, արդեն իսկ օգտագործվում են նաև հազարավոր այլ ժանրեր՝ «պիտակներ», որոնք օգնում են ավելի ճշգրիտ դասակարգել գրքերը (նաև ֆիլմերը, խաղերը և այլն), գտնել իրար նման գրքեր: Ամերիկյան հեռուստատեսությամբ, օրինակ, ցուցադրվում է «Գրիմմ» հեռուստասերիալը, որի հերոսները փնտրում են տարբեր հանցագործությունների մեղավորներին: Ինչ-որ մեկը կասի՝ դետեկտիվ է: Լավ: Իսկ եթե հանցագործները մոգական արարածնե՞ր են… Կամ Լարս ֆոն Թրիերը, որ իր նոր ֆիլմն անվանել է պոռնոդրամա, ու մարդիկ քննարկում էին՝ կա՞ նման ժանր, թե ոչ: Պարզ է դառնում, չէ՞, որ «պիտակները» հաղթում են ժանրերին, ծիծաղելի է անգամ մտածել՝ այս կամ այն ժանրը գոյություն ունի, թե ոչ: Հետևաբար, իմ յուրաքանչյուր ստեղծագործություն այլ ժանրերի կարելի է վերագրել:

Հետևո՞ւմ ես լրատվությանը: Ի՞նչ կարծիք ունես այսօր տիրող հասարակական, սոցիալական քննարկումների մասին:

Հայաստանյան լրատվությանը հիմնականում չեմ հետևում, եթե չհաշվենք ֆեյսբուքյան ընկերներիս տեղադրած հղումները: Կարծում եմ՝ Հայաստանում տարին 6 անգամ են լուրեր լինում, կարելի է և չհետևել: Ի՞նչ լրատվության մասին է խոսքը, եթե թեման պիտի լինի ինչ-որ խանութ կամ ԱԺ-ում հնչած հայհոյանք: Ֆեյսբուքում կարդում եմ վերնագրերը ու համոզված եմ, որ դա մեր լրատվական դաշտի արտադրանքի 98%-ն է: Հետևում եմ տեխնոլոգիական, արվեստին, գիտությանը վերաբերող նորություններին: Բայց, ցավոք, Հայաստանում այդ թեմաներով նորություններ չկան, հիմնականում կիսատ-պռատ թարգմանություններ են:

Հիմա է՞լ ես զգուշանում հասարակությունից:


Այո՛: Վերջին անգամ անցած շաբաթ եմ տնից դուրս եկել: Հիմնականում փակված եմ տանը:

Զրուցեց՝ Միքայել Ահարոնյանը

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։