Դօրիանը` իր «Երկու հայրերի», նրանց «հեռանալու ու վերադարձի» մասին

6 Սեպտեմբերի 2013, Yerkir.am

Սեպտեմբերի 13-ին dorian.am-ում հասանելի կլինի Դօրիանի նոր պատմվածքը` «Իմ երկու հայրը»: Նույն օրը Դօրիանը կներկայացնի Chrome դիտարկչի համար նախատեսված «Իմ գրադարակը» հավելումը եւ իր էլեկտրոնային գրքերը, ինչպես նաեւ դրանց ընթերցման համար ծրագիրը` մեկ փաթեթի մեջ։ Այն կլինի անվճար եւ հնարավորություն կտա կարդալ Դօրիանի ստեղծագործությունները նաեւ կապի եւ էլեկտրոնային գրքեր կարդալու համար նախատեսված լրացուցիչ ծրագրի բացակայության դեպքում: Ներկայացնում ենք Դօրիանի մտորումը` իր «Իմ երկու հայրը» պատմվածքի հերոսների խոսքերի վերաբերյալ:

Մեթն ընտրում էր այն, ինչ հենց այդ օրը չկար:

Մեթը դա դիտմամբ էր անում՝ անզոր դարձնելով Աստծուն Հայկի աչքերում։ Ես որդի չունեմ, ունենայի էլ՝ չեմ կարծում թե նմա՛ն կերպ հեռու պահեի նրան հավատքից։ Ծանոթանալով Հայկի հատ՝ կտեսնենք, որ նա ոչ միայն աթեիստ է, այլև չի հանդուրժում կրոնը, հավատացյալ մարդկանց։ Ես փորձել եմ ցուցադրել դաստիարակող ծնողի ազդեցությունը երեխայի վրա, նրա ներդրումը անձի կայացման հարցում։ Այս հարցում Մեթը չափն անցել էր, կարծում եմ։ Միակ պակասությունը, որ զգում եմ ինքս՝ ժամանակի պակասությունն է, իսկ այն չես լրացնի:

Հիշվելն ամենից առավել են կարևորում:

Այս հարցում համամիտ եմ իմ հերոսի հետ՝ հիշողությունը դրախտ է անհաջողակ մարդկանց համար։ Մի չհրապարակված բանաստեղծություն ունեմ՝ «Թույլ տուր ինձ մեռնել, իմ Վեռլեն», որտեղ երազում եմ հավերժության մասին։ Կհրապարակեմ այս հարցազրույցից հետո։ Դա վաղուց էր։ Այժմ արդեն հավերժությունն հիմարություն է թվում ինձ, ինչպես և հուշերը, որոնք թողնելու եմ ինձանից հետո։ Ես միայն ուզում եմ որքան հնարավոր է երկար մնալ այստեղ՝ կյանքում։ Եթե անգամ մեռնելուցս հետո ինձ ոչ ոք չհիշի, հավատացեք՝ չեմ հիասթափվի:

Նախկինում նա տարածք էր սիրում, այժմ խուսափում էր տարածքից:

Ես սիրում եմ տարածություն ու որքան այդ տարածությունը մեծ է, այնքան այն ինձ ավելի է ոգեշնչում։ Սա նյութական աշխարհի մասին, նաև մտքի։ Իմ անձնական տարածությունը շատ ավելի փոքր է, այն կարելի է վերելակի նմանեցնել՝ կարող ես բարձրանալ նյութական տարածքի, ինֆորմացիոն տարածքի հարյուրավոր հարկեր՝ միևնույն ժամանակ դրանից դուրս չգալով ու ներս չթողնելով այլ մարդկանց։ Ես չափազանց բարդացրել եմ այդ մեխանիզմը, ընդ որում՝ ներս մտնելն ու դուրս գալը հավասարաչափ դժվար դարձնելով:

Աշխարհից էլ հին ճշմարտությամբ, այն մասին, որ ամեն ինչ, վաղ թե ուշ, անցնում է… եթե միայն համառորեն ջնջես:

Ես շատ վատ հիշողություն ունեմ։ Օրինակ, եթե չլինեին դասընկերներիցս ոմանք, որոնց հետ կապ եմ պաշտպանում, գրեթե ոչինչ չէի հիշի դպրոցի մասին։ Երբ նրանք պատմում են պատմություններ, որոնց գործող անձանցից մեկն էլ ինքս եմ, լսում եմ այնպես, կարծես ներկա չեմ եղել։ Ժամանակի ընթացքում սկսել եմ կասկածել՝ դպրոցից մնացած սակավաթիվ պատկերներն իմ հիշողություններն են, թե դասընկերներիս։ Երկրորդ տարբերակն ավելի հավանական է։ Այդ պատճառով էլ ջնջելու մասին ես չեմ մտածում, հակառակը՝ կուզեի ավելի շատ բան հիշել։ Երբ մտածում եմ անցած օրերից ամենակարևորների մասին, հաճախ նյարդայնությունից լաց եմ լինում, քանի որ ոչինչ չեմ կարողանում հիշել՝ ինչպես դա տեղի ունեցավ, ով էր մեղավոր կամ ով արեց առաջին քայլը, որոնք էին պատճառները․․․ Դա անձնական միկրոողբերգություններ են ինձ համար։ Այնպես որ, իմ դեպքում շատ բան անցնում է իմ կամքին հակառակ։ Բայց ես առանձնապես չեմ սիրում անցյալը, եթե չմտածեմ, որ հիշողությանս հետ ինչ-որ բան այն չէ, ավելի թեթև կտանեմ մոռացությունը։ Թեկուզ, ո՞վ է հասկանում մարդկային ուղեղը, գուցե այն հատուկ է ջնջում ամեն ինչ՝ հետևելով ենթագիտակցաբար տրված իմ հրամաններին:

Միակ կետը, որին հասնելու մասին մտածում էի այժմ, Մեթն էր:

Կարծում եմ չկան այդպիսիք։ Մեռելների մոտ չես հասնի, այլապես շատ կուզեի հասնել մարդկանց, ում կորցրել եմ:

Բայց հեռանա՞լ է արդյոք որևէ պատնեշի ետևում չլինելը: Ոչ ոք չի վերադառնում:

Ոչ ոք չի վերադառնում։ Համոզված եմ, որ վերադարձ իսկապես գոյություն չունի, եթե իհարկե խոսքը ֆիզիկական տարածության մասին չէ։ Ես հասկանում եմ ցանկացած կորստի կարևորությունը։ Երբեմն-երբեմն անցածը կարոտելը մեղք չէ, բայց վերադարձնելու ցանկության մեջ տգեղ ինչ-որ բան կա։ Մեր բանականության կարևոր հատկանիշներից մեկն էլ ցանկություններից ուժեղ լինելն է, այդ թվում և անցածը վերադարձնելու ցանկությունից:

Սերը վերջում է մեռնում:

Վերջում (իսկ վերջը սուբյեկտիվ է) մեռնում ենք մենք ու ամբողջ մեր սերը։ Բայց այո՝ կորցնելով ավելի լավ ավարտի հույսն ու հավատը, որ այդպիսի ավարտ կարող է լինել, մենք անզոր ենք նման ավարտի հանդեպ մեր սիրո առաջ։ Անգամ զենքը վայր դնելուց հետո՝ սերը հաղթանակի հանդեպ չի նվազում՝ թաքնվում է ինչ-որ տեղ մեր ներսում ու վերանում այդ ներսի հետ միևնույն ակնթարթում:

Շարեք իրար հետևից բառերն ու ոչինչ դրանցով մի ասեք:

Դժվար է պատկերացնել հասարակություն՝ առանց պայմանականությունների։ Անգամ ամենօրյա «ո՞նց ես»-ն այն հարցը չէ, որը պիտի արտահայտվեր բառերի այդ համադրության միջոցով։ Բայց մտերիմների մեջ պայմանականությունները պիտի որքան հնարավոր է քիչ լինեն։ Որքան տեղին ենք օգտագործում բառերը դիմացինի հետ շփվելիս, այնքան ավելի մտերիմ ենք նրան։ Իրերն իրենց անուններով կոչելը բացառիկ հատկություն է։ Մտերիմներին ուղված իմ բառերն ավելի են համապատասխանում իրենց ուղղակի իմաստին, օտարների հետ աշխատում եմ գոնե մասամբ պահպանել կանոնները:

Գուցե հենց ուղիղ պատասխաններ ստանալու վախի՞ց չեն տրվում ուղիղ հարցեր ու ուղիղ պահանջներ չեն դրվում:

Էդպես էլ կա։ Մենք խոցելի ենք ուրիշի կարծիքի առաջ։ Ու որքան խոցելի, այնքան ավելի անհեթեթ։ Էլ չեմ խոսում մերժված լինելու վախի մասին, մերժումն ամոթալի համարելու։ Եթե մենք սովորեինք ճիշտ օգտագործել ոչ նյութականը, մերժումից հրաշալի հյութ կքամեինք՝ ինքնակատարելագործման, հայացքների վերանայման, արդյունավետության տեսքով։ Մերժումից հազար ու մի բաղադրատոմս կա, որոնք չեն փորձել ու չեն փորձի դրանից վախեցողներն ու զզվողները։ Դա չի խանգարում մեր ինքնասիրությանը, հակառակը, դա ինքնասիրության ավելի կատարյալ, ավելի մտածված ու խորը արտահայտում է։ Ինքդ քեզ անթերի չհամարելը, արարքդ կամ ստեղծածդ քննարկման դնելը, անկողմնակալությունն անգամ սեփական անձիդ հանդեպ ու փոխվելու պատրաստակամությունը։ Մարդիկ, ովքեր կարծում են, թե գտնվում են ինչ-որ հասուն, կայացած, ստաբիլ վիճակում հազվադեպ են ներքուստ բավարարված լինում։ Այդ պատճառով էլ մենք պիտի դնենք ուղիղ հարցեր, նամականիշների կամ այլ աղբի փոխարեն հավաքենք կարծիքներ, արձագանքներ, մտքեր, վերաբերմունք ու դրանց միջոցով ստեղծենք լավագույնը՝ մեզ։ Պայմանականությունների մեջ ընկնելով, մենք չենք ստանում պատասխաններ, այլ դիմացինին դրդում ենք անորոշ կամ ցանկալի պատասխաններ տալու:

Արգելում եմ մտածել այն մասին, թե ժամանակն օրինաչափություն չունի

Իհարկե օրինաչափ չէ։ Սկսած ժամանակն օրերի բաժանելուց, մինչև այդ օրը գործերի ցուցակի միջոցով կտոր-կտոր բաժանելը մեր հարմարության համար է արված՝ մեր իսկ կողմից։ Չեմ պատկերացնում որևէ օրինաչափություն առանց մարդու, ով այն կնկատի։ Ժամանակն աբստրակտ է ու անկանխատեսելի՝ դրանով իսկ ավելի մեծ ազատություն է տալիս մեզ ու ավելի մեծ պատասխանատվության առջեւ կանգնեցնում

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։