Նոր վեպս ավարտելուց հետո մի քանի տարի չեմ գրի, այլ նախագծի վրա կաշխատեմ

18 սեպտեմբերի 2012թ․, Անկախ

Գրող-բլոգեր Դօրիանի բացառիկ հարցազրույցը

Վերջին ամիսներին Դօրիանը (իսկական անունը Գրիգոր Մուրադյան, հեղ.) տարօրինակ լռում էր: Հիմնականում շփվում էր մի քանի ընթերցողի հետ… ու վերջ: Հետաքրքիր էր որտե՞ղ է, ինչո՞վ է զբաղվում: Դօրիանը համաձայնեց պատասխանել մեր հարցերին:

Դօրիան, ինչպե՞ս ես:

Շատ լավ: Ամիսների լռությունից հանգստացած, շունչ քաշած:

Վերջին տարիներին ուսերիդ ծանրացավ հայտնի լինելու բեռը: Այն ինչպե՞ս քեզ տրվեց, և ինչպե՞ս ես պահպանում:

Դժվար չէ հայտնի դառնալ, եթե ունես մի բան, որով կարող ես կիսվել մարդկանց հետ: Բարեբախտաբար, գրելու տաղանդից բացի, ինձ նաև գովազդելու տաղանդ է տրվել: Ես օգտագործեցի այն՝ գրավելու համար ընթերցողիս, միլիոնավոր հայերի միջից գտնելու այն մի քանի հազարին, որոնք պիտի կարդան գործերս, ուղեկցեն ինձ, զրուցեն ինձ հետ, օգնեն ինձ դառնալու ավելի լավը: Հայտնի լինելն ինձ համար բեռ չէ, ես ձգտել եմ դրան: Այժմ ինձ այլևս մենակ չեմ զգում: Ինձ գրում են իմ ընթերցողները, որոնք օգնում են կողմնորոշվելու հետագա անելիքներիս մեջ, ինձ գրում են լրագրողները, որոնք մեկ անգամ օգնեցին ինձ բարձրանալու և շարունակում են օգնել: Ես հազվադեպ եմ տնից դուրս գալիս, սակայն երբ բացում եմ էլ. փոստս, ինձ թվում է, որ, թեկուզ կարճ ժամանակով, բայց այցելել եմ մի քանի տուն: Դա աննկարագրելի զգացում է, երբ կյանքդ դառնում է ավելի լավն անգամ, երբ չես դադարում զբաղվել միայն ու միայն նրանով, ինչով սիրում ես զբաղվել: Ինչ վերաբերում է «սնդուսե», սկանդալային, անիրական հայտնիությանը, ես սովորեցի դրան ուշադրություն չդարձնել: Գիտեմ, որ այն ինչ-որ տեղ կա, գոհ եմ դրանից, բայց չեմ շփվում հետը:

Մեր նախորդ զրույցի ժամանակ կարծեմ դեռ չէր տպագրվել վեպդ՝ «Իսկ գիշերվանից հետո շուշաններ»-ը: Լսել եմ, գիտեմ, որ հայաստանյան պայմաններում այն ռեկորդ է սահմանել: Ասում են` սպասվածից ավելի է գնվել և, հետևաբար, կարդացվել գործդ:

Ռեկո՞րդ էր, թե՞ ոչ չգիտեմ, ես ոչ բոլոր գրողների տպաքանակներին եմ ծանոթ: Գիտեմ, որ երկու անգամ ավելի շատ գիրք վաճառվեց, քան այժմ տպագրում են այլ հայ հեղինակներ: Օրերս լույս կտեսնի նույն գրքի ևս մեկ՝ համեմատաբար փոքր տպաքանակ: Այս անգամ գիրքը սեփական միջոցներով եմ տպագրել և նախատեսում եմ վաճառել ինքնարժեքով: Նաև կնվիրեմ մեկ-երկու գրադարանի, որպեսզի կարդալու հնարավորություն ունենան նաև նրանք, ովքեր ի վիճակի չեն վճարելու գրքի համար: Նախորդ տարի չկարողացա դա անել, քանզի գիրքը հովանավորի օգնությամբ էր տպագրվել, ու նախ և առաջ անհրաժեշտ էր արդարացնել ներդրումը: Այդ մասին այլևս կարող եմ չմտածել ու կենտրոնանալ գրքերս ավելի շատ մարդկանց հասանելի դարձնելու ուղղությամբ:

Քո գործերի ընթերցողուհիներն ասում են, որ շատ խորքային ես կարողանում ներկայացնել հիմնականում կնոջ կերպարը: Դա ի՞նչ նախադրյալներով է պայմանավորված:

Ես, ընդհանրապես, հետևող, ուսումնասիրող մարդ եմ, կարող եմ մատների արանքով նայել երևույթներին, բայց կենտրոնանալ դրանց պատճառների վրա: Եթե իմ հերոսները խորքային են ստացվում, չի նշանակում, որ նրանց հիմքում իմ սեփական ապրումներն են, դա, առավելապես, ուսումնասիրության արդյունք է: Երբ երեխա էի, մայրս երկար տարիներ բուժքույր էր զինվորական հոսպիտալում, ես այնքան բժիշկներ ու զինվորականներ էի տեսել, ուսումնասիրել, որ ավտոբուսով ինչ-որ տեղ գնալիս նստում էի պատուհանի մոտ ու մարդկանց մեջ «գտնում» բժիշկներին ու քաղաքացիական հագուստով զինվորականներին: Դա խաղ էր, որն իմ հասունացման հետ սովորություն դարձավ: Մտերիմների շրջանում ես ունեմ նաև լավ սուրճի բաժակ նայողի համբավ, վերցնում եմ բաժակն ու գուշակում այն ամենը, ինչի մասին տեղյակ էլ չեմ: Ու դա ամենևին ձիրք չէ, դա մտովի վիճակագրություն կազմելու, դրանից բխող ենթադրություններ անելու արդյունքում է ստացվում: Նույնը և իմ հերոսների դեպքում:

Գիտեմ, որ ծանր մանկություն ես ունեցել: Այն արտահայտվո՞ւմ է քո գործերում:

Նույնքան, որքան կարդացածս յուրաքանչյուր գիրքը:

«Անտարես» հրատարակչության տնօրենը, լսել եմ, ժամանակին քեզ խորհուրդ էր տվել պահպանել գաղտնիությունդ ու չգաղտնազերծվել… Իհարկե, կարծեմ պայմանով, որ կտպագրի բոլոր գրածներդ: Ինչո՞ւ որոշեցիր, ի վերջո, բացահայտվել հանրության համար:

Նախ` պարոն Մարտիրոսյանն ասել էր դա մի ծրագրի շրջանակում, որում ես արդեն բացահայտվում էի, հետևաբար, խորհուրդը չէր կարող հաշվի առնվել, և հետո, որքան էլ հարգեմ աշխատանքը, որը կատարում է գրականության ու հատկապես գովազդի ոլորտում, այդ հարցում, նա, կարծում եմ, սխալվում էր: Ծրագրերը, որոնցում ես բացահայտվեցի, միայն առցանց տարածքում յուրաքանչյուրը 10.000-ից ավելի դիտում գրանցեցին: Ցավոք, չենք կարող հաշվել, թե քանի մարդ տեսավ դա հեռուստացույցով: Այդ օրն ամբողջ ֆեյսբուքյան պատն էր իմը, նման «պատվի» միայն պոռնոսկանդալներն են արժանանում: Գուցե գաղտնի Դօրիանն ավելի սկանդալային էր, ուներ, թեկուզ չեմ սիրում այդ բառը` բայց «չամիչ», սակայն քիչ էր հավանականությունը, որ նա «վաճառվող» հեղինակ կլինի: Բացահայտվելը ստրատեգիական քայլ էր, որն անխուսափելի էր: Կարևոր էր, որ Դօրիանին ճանաչողների թիվը կտրուկ ավելանար ու այդ թիվն ավելացավ: Գովազդից լավ հասկացող հրատարակչի աչքից, կարծում եմ, դա չի վրիպել: Ինչ վերաբերում է տպագրել-չտպագրելուն, ես դրա հետ խնդիր չունեմ, բացարձակ փողասեր մարդ չեմ ու հեշտ եմ լեզու գտնում ներդրողի հետ: Արդեն հովանավոր ունեմ իմ հաջորդ՝ ոչ գեղարվեստական աշխատանքի համար, որը դեռ կիսատ է ու, հավանաբար, կտպագրվի հաջորդ տարեվերջին: Դա, իհարկե, չի նշանակում, թե կմերժեմ հրատարակչին, եթե դիմի ինձ: Պարզապես որևէ մեկը չի դիմել:

Դօրիա՛ն, քեզ կամ շա՛տ սիրումեն, կա՛մ սարսափելի արտահայտվում: Դրական գնահատականները վերաբերում են հիմնականում գրական շնորհքիդ, բացասականը` երևի առանձնահատկությանդ… Ի՞նչ կասես այս մասին:

Միակ կապը, որը ես փորձում եմ հաստատել այլոց հետ, գրող-ընթերցող կապն է: Ես զուգընկեր կամ ընկերներ չեմ փնտրում, որպեսզի անձնական հատկանիշներ, աչքերի գույն կամ այլ տվյալներ նշելով գովազդվեմ: Կարևոր է, որ ստեղծագործությանս բաժին են հասնում դրական գնահատականներ: Իսկ թե ի՛նչ կարծիք ունեն անձիս մասին, ինձ համար հետաքրքիր չէ: «Կարծիք ունեն» բառակապակցությունը հուշում է, որ այդ կարծիքն իրենց ունեցվածքն է… Թող տնօրինեն այն, ինչպես կամենան:

Ոնց լինի-չլինի` ինքդ քո մասին շշուկներ լսած կլինես… Առանձնացրու հետաքրքիրը:

Միշտ դժվարացել եմ մի քանի հիմարության միջից ընտրել «լավագույնները»: Դրանք ճապոնացիների պես են՝ բոլորն, ասես, նույն դեմքն ունեն:

Ի՞նչ ես կարծում` քո կատարած աշխատանքը շնորհակա՞լ գործ է:

Մարդիկ ընթերցում են ինձ, գրում, հետաքրքրվում, գրքեր գնում՝ ի վերջո: Ես գնահատված ու անհրաժեշտ եմ զգում ինձ: Կարծում եմ` որպես գրող հասել եմ առավելագույնին, որ հնարավոր էր հասնել 23 տարեկանում: Աշխատանքս շնորհակալ գործ չհամարելու պատճառ չունեմ:

Գրականությունը` գրականություն, բայց գրում ես հիմնականում բաց թեմաներով: Դա մտածվա՞ծ ես անում, թե՞ քո գրողական առանձնահատկությունն է:

Վերջերս հրատարակված մի քանի հայ գրողի գրքեր աչքի անցկացրի: Բոլորի անոտացիաներում տեղ էին գտել «առնանդամ» ու «հեշտոց» բառերը: Իմ տպագիր վեպում կան իհարկե «բաց» տեսարաններ, բայց ես չեմ գովազդում աշխատանքներս` որպես էրոտիկա: Չգիտեմ, թե որտեղի՛ց է առաջացել այդ կարծիքը: Մեկ էրոտիկ պատմվածք ունեմ, մյուս աշխատանքներումս սեռականության թեման նույնքան է, որքան իրական կյանքում: Ես նկատել եմ, որ վարսահարդարները ոչ աշխատանքային պայմաններում էլ առաջինը մարդու սանրվածքին են նայում: Գուցե սեռականության վրա կենտրոնացած մարդիկ էլ իմ ստեղծագործություններում նախ և առաջ դա են նկատել: Ու դա զարմանալի չէ՝ այդ մարդիկ սուրբ գրքերում էլ դա արագ կնկատեն:

Հիմա ինչո՞վ ես զբաղված:

Ունեմ երկու նոր աշխատանք, որոնք խմբագրման փուլում են ու կհրապարակվեն Dorian.am-ում այս աշնանը, նաև աշխատում եմ իմ վերջին վեպի վրա: Աշնանը կսկսեմ վարել իմ տեխնոբլոգը, որը հետագայում ծրագրերիցս մեկի մասը կկազմի: Նաև երկու այլ նախագծի վրա եմ աշխատում, որոնք կապ չունեն գրականության հետ ու դեռ նախնական փուլում են: Գուցե շուտով կարողանամ խոսել դրանց մասին:

Լսել եմ` ուզում ես թողնել գրականությունն ու գրելը: Ինչո՞ւ:

Ճիշտ է: Սակայն խոսքը ոչ թե գրելը թողնելու, այլ ժամանակավորապես դադարեցնելու մասին է: Նախատեսում եմ նոր վեպս ավարտելուց հետո մի քանի տարի այլ նախագծի վրա աշխատել: Ես գրող եմ, ու դա անփոփոխ կմնա, սակայն կան բաներ, որոնք հարկավոր է սկսել, քանի դեռ երիտասարդ ես: Նման մի սկզբի էլ որոշել եմ նվիրել կյանքիս առաջիկա տարիները:

Մի քիչ չես բացի չակերտներն ու ասես, թե գրելուց բացի է՞լ ինչ շնորհ ունես…

Երազանք ունեի, որն այդպիսին էր մնում բավարար ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով: Այսօր այն այլևս երազանք չէ՝ նախագծի է վերածվել, ու ծրագրում եմ սկսել դրա իրականացումը: Սակայն առայժմ արգելել եմ ինձ մտածել այդ մասին, նախ պիտի ավարտեմ վեպս, այն այս պահին ամենակարևորն է:

Զրուցեց՝ Միքայել Ահարոնյանը

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է գրող Դօրիանը։ Ստեղծագործությունը տարածելիս՝ պարտադիր պետք է նշել նաև հեղինակի անունը։ Դօրիանի գրքերը կարող եք գտնել 👉այստեղ։