07 դեկտեմբերի 2011, Aravot.am
Ժամանակակից գրող, բլոգեր, վիրտուալ աշխարհում հայտնի Դօրիանը դեռ անցած ամիս խոստացել էր իր լսարանին «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գրքի շնորհանդեսը: Նշել էր՝ գրքին իր ձեռքով էր ստորագրելու: Այդ օրն էլ լսարանը կճանաչեր նրան: Ընթերցողներն այդ առիթը պետք է ունենային այս տարվա նոյեմբերի վերջին կամ էլ դեկտեմբերի սկզբին: Ինքն էր այդ մասին ասել: Այսօր արդեն դեկտեմբերի 7-ն է, սակայն ոչ Դօրիանը կա, ոչ ձեռքերը, ոչ էլ գիրքը: Պարզվում է գրողի ծրագրերում փոփոխություններ կան. գրքի շնորհանդեսի օրը հետաձգվել է, «մեղավորը» տպարանն է: «Տպարանը խոստացված ժամկետում չհանձնեց գիրքն ու մինչ օրս էլ չի հանձնել: Այդ պատճառով էլ շնորհանդեսի մասին առայժմ չեմ կարող խոսել: Առանց գրքի՝ շնորհանդեսն անգամ ինձ համար տարօրինակ արարք կլինի», – ժպտում է նա: Ասում է՝ իր անձի «բացահայտումը» կլինի մինչ գրքի շնորհանդեսը՝ դեկտեմբերի 11-ին եւ 12-ին հայկական հեռուստաընկերություններից մեկով: Նշում է՝ երեք տարի կեղծանունով եւ անձը թաքցնելով գործելը հոգնեցուցիչ էր, այս տարի էլ որոշեց բացահայտվել.
«Վաղուց էի որոշել, որ վիրտուալից ռեալ աշխարհ դուրս կգամ առաջին գրքիս հետ: Միևնույն ժամանակ իր հանդեպ հետաքրքրությունն արդեն սպառել էր անդեմ Դօրիանն ու ինկոգնիտո վիճակից որևէ սպասում էլ չկար: Երեք տարին ձանձրանալու համար քիչ ժամանակ չէ ու, համոզված եմ, որ մարդիկ հասցրել էին ձանձրանալ ինձ հետ պահմտոցի խաղալուց»,
– ասում է նա:
«Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններն» գրքի շնորհանդեսն էլ լավագույն առիթն էր իր ընթերցողների հետ անձամբ ծանոթանալու համար: Ասում է՝ առաջին վեպն է, նաեւ՝ իր ընթերցողների կողմից ամենասիրվածը: Ոչ բացահայտ հանդես գալու մասին էլ անկեղծանում է. «Թաքնվելու պատճառներից մեկն էլ, ինչպես տարիների ընթացքում պարզեցի ինձ համար, վախն էր մարդկանցից, որը մանկուց չէի հաղթահարում, կոմպլեքսներն էին: Ու թեև դրանք մինչ այժմ լիովին հաղթահարված չեն` աշխատում եմ այդ ուղղությամբ: Բացահայտվելն էլ այդ աշխատանքի մի մասն է, եթե ոչ՝ արդյունքը»: Բոլորին հայտնի դառնալուց հետո էլ չի վախենում, որ իր նկատմամբ եղած հետաքրքությունը կպակասի: Ասում է՝ «վարկանիշ կոչվածը» ընկնելու եւ բարձրանալու սովորություն ունի եւ առաջին անգամը չէ, որ իր վարկանիշային աղյուսակում փոփոխություններ պետք է գրանցվեն:
«Իհարկե, այս անգամ փոփոխությունն ավելի գլոբալ կլինի ու, եթե վարկանիշի կտրուկ նվազում գրանցվի, երկար ժամանակ կպահանջվի նախկին դիրքերը վերականգնելու համար: Սակայն գիրանամ ես, թե նիհարեմ, ունեմ անփոփոխ կմախք` իմ գրականությունը սիրող մարդիկ, իմ իրական ընթերցողը, որն, ինչպես տարիների փորձն է ցույց տալիս, չի լքում ինձ և «սկանդալակայուն» է: Թուղթ ու գիր և ոչ միս ու արյուն փնտրող մարդը իմ աշխատանքի հիմնական շարժիչ ուժն է»,
– ասում է Դօրիանը:
Ինտերնետում հանդես գալով՝ ժամանակակից գրողը նախաձեռնում է իր ստեղծագործությունների քննարկում, խոստանում պարգեւներ եւ անմիջական տոնով, բայց համացանցով միջնորդավորված շփվում, անկեղծանում է իր ընթերցողների հետ: Հեղինակը իր արածն ինքնագովազդ չի համարում, ասում է.
«Անկեղծանալն, իհարկե, մոդա չէ` գուցե և ասածներս որպես ինքնագովազդ ընդունվեն: Չեմ վախենում դրանից ու ոչինչ էլ չունեմ ասելու խոսքերիս մեջ գովազդ փնտրողներին: Միևնույն է, դրանք այն մարդիկ են լինելու, ում համար կարևոր չէ, թե ես ինչ կասեմ»:
«Արհեստական արբանյակ» պիեսի շուրջ ստեղված աղմուկի մասին էլ ասում է, ինքը չէ, բայց իր ներկայացուցիչը փորձաքննության ընթացքում խոսել է պիեսն «իրենով արած» Ֆրունզե Գեւորգյանի հետ: Վերջինս չի եկել փորձաքննության եւ ասել է, որ տվյալ պիեսը իրեն այլեւս պետք չէ: Դօրիանն էլ ասում է. «Եթե նրա կողմից կրկին փորձ չարվի ներկայացնել «Արհեստական արբանյակը», իբրև սեփական աշխատանք, այլեւս չեմ պատրաստվում խոսել այդ մասին: Իսկ եթե նա դրդի խոսել, կխոսեմ արդեն դատարանի միջոցով: Բացահայտված լինելն ինձ կտա այդ հնարավությունը»: Այս ընթացքում իր գլխավոր անելիքը շնորհանդեսի պատրաստությունն է, ասում է՝ որեւէ անակնկալ էլ չի լինելու.
«Միակ բանը, որ մարդիկ անգամ իմ ասելուց հետո չեն ակնկալում, դա հենց հանդիպումն է ինձ հետ ու շնորհանդեսը: Հետևաբար անակնկալը պատրաստ է` շնորհանդեսը տեղի կունենա այս ամիս: Եթե ոչ գրախանութներից մեկում (մա՜րդ ես), ապա որևէ մթերային խանութում»: