Ես տեսա Նահապետ Ղուշչյանին՝ Քայլում էր ասես ոչինչ չի եղել, Փնտրում էր, ամա՜ն, Աստված ոչ անի, Ինձ պես դեռահաս, պարզամիտ տղերք։ Քայլում էր խելառն, ինչպես տրանսֆորմեր՝ Վերածված մաշված ու կուզիկ պապի, Որդեր էին սողում կոպերից այտեր (վերջինը ճիշտ չէ, բայց թվաց աչքիս)։ Շտապում էր՝ գուցե աշխատում է դեռ, Եթե չէր փախչում սեփական քայլքից, Հագուստն էր մաշված (վաղու՜ց է գնել), Անխիղճը գոնե արդուկեր կարգին։ Ճաղատ էր մասամբ, կնճիռին՝ կնճիռ, Հաստատ Բուկովսկին պայուսակի մեջ, Անվերջ կրկնվող պահի պես չնչին, Չնչին պահի պես՝ կրկնվող անվերջ։ Քայլում, չէր տեսնում անցում, լուսացույց, Մարդկանց չէր տեսնում (գուցե կատարա՞կտ), Անտերը տեսնես երբվանի՞ց՝ վաղու՞ց Ջահել չէր փնտրում աչքը չորս արած։ Վաղու՞ց, երբվանի՞ց չէր փնտրում արկած, Ու երջանկություն չէր խնդրում կյանքից, Երբվանի՞ց սկսեց երազել քիչ ցավ, Ինչպես ասում էր իր այդ Բուկովսկին։ Ու իրականում ի՞նչ էր, ի՞նչ դառավ, Ինչպե՞ս ազատվեց իր փուչ պարծանքից, Կա՞ կողքին արդյոք մի դժբախտ պառավ, Ով չի ճանաչում՝ անիծում է ինձ։ Հանուն ու՞մ է դեռ թափառում այսպես՝ Մեռնելը կրկին թողնելով վաղվան, Երազանքների հետ իր ի՞նչ պատահեց, Բա՞ հին պլանները որտեղ են թաղված։ Ի՞նչ անունով է ինքն իրեն կոչում, Ու հուշերի մեջ ո՞վ կա, ո՞վ չկա, Ի՞նչ… Ու մեքենան թեքվեց այլ փողոց, Ու հեռախոսիս ծանուցում եկավ… Տեսա՝ ինչպես էին երկու դեռահաս «Ֆաք» գրում չասեմ, թե ում արձանին, Ահ, մեկ էլ կարծեմ այդ օրը տեսա Անունը ի՞նչ էր… Դե՝ էն Ղուշչյանին։
2016
Աննա Պապյան – Լալեյ
Հեղինակ-կատարող Աննա Պապյանի «Լալեյ» սինգլը թողարկվել է 2016 թվականի փետրվարի 14-ին։ Այն գրված է Դօրիանի համանուն բանաստեղծության հիման վրա։
Գամփռ Ջոն
Երբ տեսնում էր՝ վաղուց է արդեն գարուն, Ելնում էր տանիք ու ծխամորճով Երկնքում խուճուճ ամպեր նկարում Իմ պապը՝ պառավ կովբոյ Գամփռ Ջոն։ Անձրև էր լցնում իր սրտին մոտիկ Մարդկանց աշխարհին՝ ներքևում փռված, Հոգնած հառաչում էր հողի որդին՝ Կարոտն հառելով լեռներից լոռվա։ Բարև փոխանցում քամու հետ վաղվա՝ Թոռների ցանած դաշտերին անձև, Խնդրում նժույգից ցած իջնել մի պահ, Խոնավ մտրակով երաշտը սանձել։ Շոյում էր ամեն արձակած քուլան՝ Սիրո կարիքից հանկարծ չշտապեն, Գգվեն արևին, լույս ծծեն դանդաղ, Որ մարդն հովանա՝ չորս օր է տապ էր։ Ստվերներ էր տալիս ստվեր երազողին, Իջնում տանիքից ու ծխամորճով Օրորոցիս մոտ արև նկարում Իմ պապը՝ պառավ կովբոյ Գամփռ Ջոն։
Թե խի եմ լացում
Հերիք նայես միայն, ի սեր քո Աստծո, Ինձ կամ խմիչք տուր, կամ էլ հանգստացնող, Կանգնիր կողքիս ու վարդագույն հովհարով Ցրիր հիմար մտքերս։ Ու չհարցնես հանկարծ, թե խի եմ լացում, Ես կարդացել եմ վաղու՜ց մի հոդվածում, Որ չհարցնելը քսան մարդուց քսանմեկին Գլխացավից փրկել է։ Երբ մութ է դեռ մինչև տասն անց քառասուն, Ու կեսօրից արդեն ոչինչ չես սպասում, Նյարդերդ ի զորու չեն հանգստացնել Ո՛չ սուրճը, ո՛չ գրկվելը։ Այդ երկնքում նստած է գիժ, աննորմալ՝ Ես պատրաստվել էի լուսավոր մի օրվա, Գուցե ոտքով մեկի տուն հյուր կգնայի, Կամ հյուր կգար ընկերս։ Կամ զբոսնեի մինչև «էն մեծ շան» փողոց, Կարճ թևքերով ու առանց անձևանոց, Ապրիլը մի՞թե այն մտքով չեն ստեղծել, Որ մրսեցնես ձեռքերդ։ Որ խառնվես եռուզեռին քաղաքի, Ու համտեսես սիրածդ պաղպաղակից՝ Միակ դեղից, որ ի զորու է բուժել Անտանելի ձմեռը։ Մեկ էլ ընկճախտը՝ Սարդ-մարդի պես հզոր, Բացի քեզնից՝ կարծես մեկին չհուզող, Որ լցվելով մռայլությանդ հետ տուն՝ Քիչ-քիչ դարձել է տերդ։ Հերիք նայես միայն, կարծես չես լսում, Ես քեզանից խնդրեմ, իսկ դու՛ քո Աստծուց, Մինչ գարնան գալը՝ վարդագույն հովհարով Ցրել հիմար մտքերս։
Խմոր
Ձեռքս սիրիր, հարս իմ՝ խմոր, Քեզ գնդեմ, գրտնակեմ նորից, Գուրգուրելով՝ ջանիդ քսեմ Ջեմ, մուրաբա, անուշ խորիզ։ Տամ կրակին՝ գալուդ սպասեմ, Պատուհանիս փեղկը բանամ, Ամեն ծանոթ ու անծանոթ Հոտդ առնեն, տեղդ իմանան։ Բարև տան ու, Աստծո բարիք, Քեզ անելով բաժին֊բաժին՝ Մի բաժինը հետս կիսեն, Մեկը տան պառավին, ճժին։ Ուտեն ու գոհ գլուխ ճոճեն․ «Քաղցր էիր, համա ծարավ թողիր», Շիրեդ մատներից լպստեն, Օրհնեն հա՛մ քեզ, հա՛մ թխողիդ։