Եթե սպասում էիր ու չեկա, ներիր` ճպռոտ էի, Ների՜ր, ինձ մոտ էին դեսպանները քո իզուր սպասումների, Օրակարգում էին ընկերներն ու ծխախոտը, Ու իմ մտքերը տրանսֆորմեր` փոխակերպված ցասումների: Օրակարգում էին անտեղի ասված խոսքերը, Շփոթությունը՝ հագուստիս ու սենյակիս հետ ներդաշնակ, Կասկածներիս վճռաքարերը` սև լույսերս, Որ խուսափում էի, բայց ստիպված էի, ամենուր հետս քարշ տալ: Օրակարգում էր անցյալիդ` շրջած գլխարկը, Ուր ուրիշներ էիր անպատիվ հարստության պես կուտակել, Ու իմ քյասիբ հպարտության անվերջ մենակը, Որն այդպիսին էլ կմնար, եթե փեղկերս չթակեիր: Օրակարգում էր ա՛յս ու ա՛յն, մեկ էլ է՛ն մեկը, Ես զզվեցնում էի հորանջող դեսպաններին սպասումներիդ, Բողոքարկում էի միայն քեզ տրված ցերեկը Ու պահանջում այն միացնել մեր ընդհանուր գիշերներին: Հրաժարվում էի ընդունել ամենն, ինչ խորթ էր, Դեսպաններն քո ձեռնունայն ղրկելով ետ դեպի քո տուն, Եթե սպասում էիր ու չեկա, գիտե՛ս, ճպռոտ էի, Միայն մնում է իմանաս, թե էդ ինչից են ճպռոտում: