2010

Կյանք չկրակես

Կյանք, չկրակես, ախր անզեն եմ,
Կյանք, գուցե խաղա՞ս խղճիդ դեբյուտը,
Հարբում ես, ախր, երբ շատ ես խմում,
Երակներիս մեջ հոսող էս հյութը։

Համառ ես հաստատ, ինձնից էլ համառ՝
Չես ուզում փոխել քո հին դրվածքը,
Ու, ցուցադրաբար՝ մոմած պարանիդ,
Կախում ես հոգուս խոնավ լվացքը։

Ինչու՞ ես կապտած տեղերիս խփում,
Ինչու՞ ես բացում նոր փակված վերքը,
Կյանք, ընկածներին չեն խփում, ախր,
Կյանք, ընկածներին մեկնում են ձեռքը։

Մերժիր

Մերժիր, ներս մի թող ինձ, մեղքիս մեջլիս՝
Հույսին միշտ հաջորդում է տառապելը,
Հուշիր, փորձիր հուշել, թե որն է ճիշտ,
Իմ ցավը վախ չափե՞լ, թե՞ խաչ կապելը։

Մերժիր, ու չդառնաս դո՛ւ էլ կավատ,
Ու չդառնաս վշտի ու իմ քավորը,
Ասա ինձ, ավելի սնահավատ
Արճիճ թափո՞ղն է, թե՞ սքեմավորը։

Մերժիր ու հեռացրու քեզնից, քանի
Հիմարի պես դեռ չեմ կապվել ես հետդ,
Ես վախենում եմ, գիժ Մումթազ Մահալ,
Գերեզմանիդ սարքել իմ մինարեթը։

Մերժիր, որ ես երբեք էլ չաղոթեմ,
Որ չխնդրեմ Աստծուց իմ փայ ղսմաթը,
Օգնի՜ր, դու հին տականք ես, դու գիտես,
Որ կորցնելուց ցավոտ է զուր հավատը։

Մազերս կտրեցի

Մազերս կտրեցի, որ մեզ վրա փողոցում չնայեն,
Մազերս կտրեցի, որ մեզ վրա մարդ մատով ցույց չտա,
Մազերս կտրեցի, հիմա հոգիս կհինայեմ,
Աչքերս կթրջեմ արածիս շթի տակ։

Մազերս կտրեցի, որ ավելի հաճախ հետդ լինեմ
Մազերս կտրեցի, որ քո հանդեպ տածած սերս ցույց տամ
Մազերս կտրեցի, այժմ իմ հայելիս պիտի լինես,
Կխաբես, թե սիրուն եմ ու ստիպես ինձ ժպտալ։

Մազերս կտրեցի, որ «իսկական» տղու նման լինեմ,
Մազերս կտրեցի, որ ինձ տանես, ընկերներիդ ցույց տաս,
Մազերս կտրեցի, ու բոլորի վրա թքած ունեմ,
Ես վաղուց եմ արդեն իզուր ի ցույց դրած։

Մազերս կտրեցի, որ ամբոխում հանկարծ չտարբերվեմ,
Մազերս կտրեցի, որ անցորդի ամեն աստղով չտամ,
Մազերս կտրեցի, պատվիրեցի կանաչ ներկ պատրաստել,
Որ քեզանից հետո նորից «ծիծաղելի» դառնամ։

Մազերս կտրեցի, որ ստուգեմ, թե ինչպես սողալ գիտեմ,
Մազերս կտրեցի, որ չկարոտեմ սեփական լացին,
Մազերս կտրեցի, որ այ սենց հոնքերս կիտեմ
Ու գիշերով գրեմ «Մազերս կտրեցին»։

Չսիրես էլ ինձ պեսին

Ու եթե հանկարծ սիրես էլ՝ չսիրես էլ ինձ պեսին,
Սիրելը սիրելու կեսն է, դու սպասիր հաջորդ կեսին,
Ուր ամեն վայրկյան մի հարց է, տե՜ս, հանկարծ չասես «եսիմ»՝
Սիրելը սիրելու կեսն է, կես սիրելը՝ սոսկ տեսիլք:

Ինձ լքիր

Ես ներքուստ միշտ անհաշտ եմ քեզ հետ,
Քո բերքից ծանրացնում եմ հոգիս,
Խոր վերքից ինձ դարձնում երկու կես,
Սիրելի իմ, փրկիր ինձ՝ լքիր։

Ես բնավ չգիտեմ քեզ սիրել
Էն սիրով, որ սիրում ես դու ինձ,
Երազում եմ մեկին նվիրվել
Փոխադարձ… դե օգնիր ինձ՝ լքիր։

Ես փնտրում եմ քո մեջ Ուրիշին,
Ու փորձում քեզ Ուրիշը դարձնել,
Չփոխվես, էս խոսքերս հիշիր,
Ինձ լքիր, քեզ գտիր ուրիշ սեր։

Ես ուժեղ եմ, դու էլ՝ ինձ լքիր,
Ժամանակն իր դանդաղ կրակին
Սերը մեր այրելով կսպառի,
Սաղ կանցնի։ Ինձ լքիր, ինձ լքիր։