2008

Մազակալ

Նեյլոնե մազակալ է կապում իմ հոգին,
Որ վարսերը չիջնեն ուսերին,
Եվ անվերջ, անդադար, մի հին, տխուր ջազ
Շշնջում է հազիվ լսելի։

Եվ հոգուս շշունջից խլացած՝
Մտքերդ իրենց պատեպատ են տալիս,
Խելագար, մոլորված, մոռացված,
Կարոտած հոգեմետ հայացքիս։

Սպասում են դրանք հանդիպման,
Տենչում են հաջորդ ցրտերին,
Հաշվելով, թե քանի նյուտոն կլինի
Բախման ուժը մեր հոգիների։

Թաքցնում են իրենց մերկությունը
Ժպիտի տակ լալ, անհուզելի,
Մինչ մազակալ է կապում իմ հոգին,
Որ վարսերը չիջնեն ուսերին։

Նժույգները պատրաստ են վազքի

Նժույգները պատրաստ են վազքի,
Ու լծված են սայլերը արդեն,
Ես սպասում եմ մթին ընթացքին,
Պիտ հասնել մինչև լուսադեմ։

Ինձ էնտեղ ապրել չի սազում,
Որտեղ կյանքն ապրելու տնազ է,
Իսկ հեռվում գագաթներ են սպասում,
Հուպ տուր, սայլապան, վռազ եմ։

Իմ հոգին կրակներ է ուզում,
Խարույկը մարած` քամի,
Ոտքդ կախ չգցես, ծերուկ,
Հասցրու ինձ իմ հին մեհյանին։

Մյուսները, գուցե, ձև բռնած
Մտածեն, թե ոնց կնայվեն,
Եկ շարժվենք դեռ չսափրված,
Ետևում թողնենք էդ թայֆեն։

Ես գիտեմ, սայլապան, ես տեսա
Սև սքեմ հագած էն մարդուն,
Նա խոսում է չարի անունից,
Խոսում է, թեև, իմաստուն։

Ներշնչում էր նա ինձ, թե, յանըմ,
Ճակատիս է գրած իմ բախտը,
- Մի շտապիր, հասնելու ես, ջանըմ,
Ամեն ինչ ունի իր վախտը։

Եկ վախտին չսպասենք, սայլապան,
Պոկիր դու տեղից քո սայլը,
Ես ուզում եմ շտապել, հուսալ,
Մուսաներ է ծնում հուսալը։

Համարդ կամ աշխարհդ

Կամ համարդ է փոխվել, կամ աշխարհդ,
Կամ կողքինդ է փոխվել, կամ հոգիդ,
Ինձ թվում էր, այնքան դժվար է
Կորցնել մեկին։

Կամ գնացքդ ես փոխել, կամ հայացքդ,
Կամ հավատդ ես փոխել, կամ ճամփադ,
Ցրտերից հեռացող երամում
Ես տեսա, որ չվում եմ մենակ։

Վերադարձրու սառույցներդ հրշեջ

Վերադարձրու սառույցներդ հրշեջ,
Ես սկսել եմ պաշտել կիրքս մարելդ,
Սերը քո հյուսել եմ մազերիս մեջ
Ու անգիր եմ արել մարմնիդ խալերը։

Կոպերիս կարկատիր հաճույքը հին,
Մկրտիր ինձ մեռոնով արծաթե,
Ճրագով քո խանձիր գունատ հոգիս,
Լուսացրու օրը իմ, մինչ լուսադեմ։

Ցավերով ցավեցրու չցամաքող,
Ես ներել եմ ու էլի կներեմ,
Շպրտիր վերջապես քո էդ քողը,
Ու տրվիր ինձ․․․ «Տե՞ր ես»․․․ Տեր եմ․․․