2008

Ես մի ջահել ինքնասպան էի

Ես մի ջահել ինքնասպան էի քո երազում,
Եվ ինձ գողտրիկ գերեզման էր սազում
Ուռենու ստվերի տակ։

Բայց դու որոշեցիր
Հորինել ինձ համար
Գերեզման էլիտար՝
Մարմարե սալիկով,
Չքնաղ լուսաբացով
Եվ էլիտար լացով
Ամեն չորեքշաբթի,
Ժամը չորսին։

Ինձ ստվերնե՜րը պատմեցին քո մասին,
Ես տարված էի վաղուց Աստված գիտե՝ ինչով,
Աշխարհի ողջ հոգսից թաքստոց փնտրելով՝
Անցնում էի մթության ու խավարի միջով։

Պարանը, հիշիր,
Ինքս էի մոմել,
Քո՛ միակ մեղքը
Աթոռը ոտքիս
Տակից հանել էր:

Սպանելը ինձ քո
ձեռքի գործը չէ,
դու չես դա արել։

Պետք չէ զղջալու
գործում ջանքերը
գերակատարել։

Արվեստիս տունը

Ճեմենք միասին վերջերս միայն
Դռները բացած արվեստիս տանը,
Ուզում եմ այսօր վերջ դնել շինծու՝
Հոգուս կարծեցյալ դատարկությանը։

Ահա այս շարքում մի հին իկոնա
Այնքան վաղանցյալ, ոչ վաղ անցյալից,
Գուցե սրբացրած մի չար սատանա,
Որ պտուղ մեկնեց ինձ կենաց ծառից։

Պրոմեթևսն, ահա, գամված ժայռերից՝
Առաջին-վերջին իր մեղքի համար,
Ո՞րն էր հանցանքը՝ կրակ տա՞լը ինձ,
Թե՞ որ սիրտ արեց հուրը գողանալ։

Ու հռչակավոր մի աստվածամայր՝
Վերածննդի թոհ ու բոհն անցած,
Նա, որ հար հանդարտ ծովերի վրա
Անհաշտ իններորդ ալիքը դարձավ։

Նաև կնճռոտ տրոլ ավանգարդ ոճի՝
Իր տգեղությամբ ինքնատիպ քանդակ,
Սա էլ գործել էր մի փոքրիկ ոճիր՝
Կրում է այժմ տատասկե պսակ։

Գլուխգործո՞ց են,  ասա, անպե՞տք աղբ,
Սավառնա՞նք մտքի կռնատ թռչունի,
Ինչ էլ մտածես գործերի մասին՝
Վարպետի համար քիչ արժեք ունի։

Անընկերակից

Օրս է տխուր, անընկերակից,
Վիճակս մորթած քաշում եմ շշին,
Ու՞ր ես զվռնում, կյանքիս ուղեկից,
Սրտիս հերպեսին դիր կազդուրիչ շիբ։

Էդ ո՞վ պիտի քեզ հորիներ, աղջիկ,
Որ մինչև հիմա դեռ չի հորինել,
Մի՞թե պոեմը կյանքիդ չգրված
Ինձ հակառակվող սև գրողինն է։

Իզուր են մի՞թե իմ մատաղ արած
Տողերն ու օրերն այն մեծաքանակ,
Որ Աստված տեսավ, ծիծաղեց վրաս,
Մատաղս չառավ։

Դու կաս, կամ չկաս, կգաս, կամ չես գա,
Դու ինքդ քեզ ես միշտ էլ հակասում,
Ես իմ հորինած հին կայարանում
Գալուստիդ մետրոն եմ նստած սպասում։

Ու տապակվելով սեփական խելքից
Հին միայնության հավերժ թարմ դարդում,
Ինքս ինձ խոստանում՝ հուսահատվելով,
Նվիրվել սիրուն մի տղամարդու։

Պապարացի

Հավատա, քեզ չի փրկի խաբելը,
Ստելը ինձ,
Ես կխառնեմ իմ բոլոր կապերը,
Կպարզեմ ամեն ինչ։

Ես կծել էի իմ ստորին շրթունքը,
Դրանից հեքիաթ էր դուրս ծորացել,
Ի պատասխան տեսա արտասուքդ…
Որքա՜ն էի ստորացել։

Իմ խաբեբա, իմ սուտասան մուսան
Նստել էր իմ վզին,
Իմ ճակատին այժմ արյունոտ մի սպի կա,
Որը նա չի լիզի։

Բայց և այնպես դու ինձ նույն դրամով
Խնդրում եմ, մի հատուցիր,
Ես կպարզեմ՝ իմ մեջ ապրում է մի թաքուն
Պապարացի։

Ես զանգեցի, ես հանգեցի

Ես զանգեցի, ես հանգեցի,
Ասացիր․ «Խի՞ չգնացիր»,
Փոխարեն ինձ դու հարցնեիր,
Թե խի չեկա։

Բայց դու այնտեղ էիր, ուր գալիս էի,
Ա՜խ, մի՞թե չես սպասում դու ինձ էլ,
Թե՞ ես տեսնում եմ մոռացում,
Իսկ այն չկա։

Ես խորացա իմ կասկածում,
Ես վախեցա` կմոլորվեմ,
Սովոր չեմ ես երկար ու ձիգ ճամփաների,
Ես, ինչպես հին մի հեքիաթում,
Հաց փշրեցի մտքիս ճամփին՝
Մտածելով, թե դա ինձ ետ պիտի բերի։

***

Ա՜խ, դու կորցնում ես քո թևերը,
Թափվում ես վայր փետուր-փետուր,
Դու արդեն անիմաստանում ես,
Օտարանում ես դու, կամ դուք…