Խեդվիր բոժոժում, իմ շերամ,
Դռները հոգուդ գոցիր,
Սպասումին քո պատճառ փնտրելով`
Մետաքսե պատանք մի գործիր։
Խնայիր ցավերդ աղի,
Մոռանալ, նորանալ փորձիր,
Եվ սիրել, բայց մի առավոտ
Ճանապարհել ու չսպասել վերադարձի։
Խեդվիր բոժոժում, իմ շերամ,
Դռները հոգուդ գոցիր,
Սպասումին քո պատճառ փնտրելով`
Մետաքսե պատանք մի գործիր։
Խնայիր ցավերդ աղի,
Մոռանալ, նորանալ փորձիր,
Եվ սիրել, բայց մի առավոտ
Ճանապարհել ու չսպասել վերադարձի։
Կամ համարդ է փոխվել, կամ՝ աշխարհդ,
Կամ կողքինդ է փոխվել, կամ՝ հոգիդ,
Ինձ թվում էր, այնքան դժվար է
Կորցնել մեկին։
Կամ գնացքդ ես փոխել, կամ՝ հայացքդ,
Կամ հավատդ ես փոխել, կամ՝ ճամփադ,
Ցրտերից հեռացող երամում
Ես տեսա, որ չվում եմ մենակ։
Գիշերն էր լի նոստալջիով,
Մտքերը պարուրել էին ինձ էլ,
Խոհերն, անշուշտ, միսս աշխարհից
Ավելի լավ անկողնակից են։
Ես հաշվեցի ու չստացա,
Չպարզեցի, թե այդ ինչից է,
Որ իմ թախիծն ու քո ծիծաղն
Այլ մայրերից, բայց նույն հորից են։
Գիշերն էր լի լռությունով,
Բայց ես լսում էի մեկի ձայնը.
– Ինձ չկապվես, էլ չխաբվես
Մեղեդային այս լռությանը։
Եվ հասկացա, որ չպեղած
Իմ տագնապի պատճառը այն է,
Որ դու սպասում ես թաղումին,
Իսկ ես սպասում եմ հարությանը։
Վերադարձրու սառույցներդ հրշեջ,
Ես սկսել եմ պաշտել կիրքս մարելդ,
Սերը քո հյուսել եմ մազերիս մեջ
Ու անգիր եմ արել մարմնիդ խալերը։
Կոպերիս կարկատիր հաճույքը հին,
Մկրտիր ինձ մեռոնով արծաթե,
Ճրագով քո խանձիր գունատ հոգիս,
Լուսացրու օրը իմ, մինչ լուսադեմ։
Ցավերով ցավեցրու չցամաքող,
Ես ներել եմ ու էլի կներեմ,
Շպրտիր վերջապես քո էդ քողը
Ու տրվիր ինձ… «Տե՞ր ես»… Տեր եմ…
Ի՞նչ ես ակնարկում, ասա,
Հոգուս հետ խաղալ թարգիր,
Սովոր չէ սիրտս դեռ որ
Րոպեում հազար զարկի։
Ասա, ինչպե՞ս հասկանամ
Քո՝ կիրք դարձած ցասումը,
Ու Աբովյան փողոցը,
Ու տասն անց քառասունը։
Ու հայացքդ սիրահար,
Ու համբույրդ ընդհատված,
Կրակոտ պոռթկումը քո՝
Մեղավոր բայց չդատված։
Խնդրանքդ քեզ մոռանալ
Ու զայրույթդ անհարկի,
Ասա, ինչպե՞ս հասկանամ,
Հոգուս հետ խաղալ թարգիր։