Մարդիկ

Մարդի՜կ, մարդիկ նայեք՝ տեսեք, ես արտասվել եմ,
Ես հայհոյել եմ լավը իմ բախտի,
Դրսում ու առավել ներսումս սաղ թարսվել է,
Նայեք, ուրախացեք հիմար մարդիկ։

Մարդի՜կ, մարդիկ տեսեք՝ զգացեք, ես կոտրվել եմ,
Ես վաճառել եմ տեղը իմ պատվի,
Հանձնել, որ կառուցեն այնտեղ բամբասանքները
Իրենց՝ ցրվեն փոքր ինչ պարապ մարդիկ։

Մարդի՜կ, մարդիկ զգացեք՝ լսեք խղճիս ճիչերը՝
Փորձում եմ բռնել սանձն ինքս իմ կամքի,
Ես ամպերից օրեր առաջ թողել, իջել եմ,
Երկրից եմ պատրաստվում իջնել, չկամ մարդիկ։

Մարդի՜կ, մարդիկ լսեք՝ լռեք, արդեն սպառվել եմ,
Հոգնել եղունգներով կառչել կյանքից,
Շտապեք գնել, քանի դեռ չեն սպառվել տոմսերը
Իմ շոու-թաղումի, դատարկ մարդիկ։

Մարդի՜կ, մարդիկ լռեք՝ մարսեք բոլոր ստերս,
Ձեր ցավը թող մեղմվի իմ “ցավերից”
Էլ չեմ պատմի երբեք ես ձեզ իմ սերը… սե՜րս,
Ու ոնց եմ երջանիկ, դժբախտ մարդիկ։
Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։