20 դեկտեմբերի 2011, Aravot.am
Հայ ժամանակակից գրող, բլոգեր Դօրիանին ներկայացնելու հարկ չկա, նրա ստեղծագործությունները ամենաընթերցվածներից են, իսկ «բաց» թեմաների մասին խոսելիս, գրողը երբեք վուլգար չի լինում: Դօրիանը վերջերս համարձակ քայլի դիմեց՝ «բացվելով» մարդկանց առաջ իբրեւ Գրիգոր Մուրադյան: Հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հեռուստադիտողը տեսավ նաեւ նրա դեմքը: Նշենք, որ Դօրիանը 23 տարեկան է, ինչպես ինքն է ասում՝ «ընտանիքիս անդամները սովորական մարդիկ են» ժամանակին սովորել է համալսարաններից մեկի լրագրություն ֆակուլտետում ու ինչ-ինչ խնդիրների պատճառով չի ավարտել այդ բուհը: Բացահայտվելուց հետո Դօրիանին խնդրեցինք պատասխանել «Առավոտի» հարցերին:
Քո ստեղծագործություններում կարծես կռիվ եմ տեսնում հանուն անհատականության, ինքնատիպության պահպանման ու գազոնայնության, համահարթեցման եւ միօրինակության դեմ յուրատեսակ պայքար… Հե՞շտ է գրչով պայքարելը:
Ավելի դժվար է, քան բռունցքով պայքարելն ու մեծ մասամբ՝ անիմաստ, քանի որ ընթերցողիս դեմ չեմ պայքարում, այլ նրանց, ովքեր այսպես, թե այնպես չեն կարդում: Ստերեոտիպային մտածողության դեմ, կարծում եմ, ավելի շատ իմ օրինակով ու այդ օրինակը հրապարակային դարձնելով եմ պայքարում, քան գրականությամբ: Գրականությունս էլ, բնականաբար, իմ մտքերով է մտածում, որոշ դեպքում իմ պայքարի, աշխարհի հետ անհաշտ ապրելու արտացոլումն է դառնում:
Գրում ես. «Պատիժը միշտ իր տեղում է, այն մենք չենք կորցնի, սակայն ճշմարտությունը նկատելի դառնալու մեկ ակնթարթ ունի, որը չպիտի բաց թողնենք, որին պարտավոր ենք սպասել»: Սրանք հենց այնպես ասված խոսքեր չեն, ըստ քեզ՝ ե՞րբ է գալու ճշմարտության ժամանակը Հայաստանում, ե՞րբ են լիքը կարծրատիպեր կոտրվելու ու վերանալու «թզբեհով տղերքը»:
Այն ժամանակ, երբ կամքով ուժեղ կդառնա խելացի մարդը, ով, ինչ-որ անհասկանալի օրինաչափությամբ, խեղճ է: Ինձ համար մութ է մնում, թե ինչպե՞ս կարող է մտածող մարդը վախկոտ լինել, չհասնել ֆիզիկական աշխարհի երկրորդային լինելու գիտակցմանը, չազատվել ֆիզիկական պատժի վախից: Ինչպե՞ս կարող է նա ապտակից վախենալով լռել, երբ մտածող մարդու համար վատագույն ապտակը լռելն է: Երբ տեսնում եմ բոլորին նմանվել ձգտող խելացի մարդու, չեմ մտածում, թե նա այդ «բոլորի» նման է, այլ հասկանում եմ, որ վախենում է այդ «բոլորից»:
Համակարգիչներն այսօր բակերից տուն են բերել տղաներին: Ճշմարտության ժամանակն այսօր է: Ֆիզիկական հաշվեհարդարից վախեցող կես-խելացիներին ամեն ինչ փոխելու հրաշալի հնարավորություն է տրվել ու հուսով եմ՝ կօգտվեն դրանից: Համացանցի զարգացումը լավագույնն է, ինչ պատահել է մեր հասարակության հետ, այնտեղ առայժմ դոմինանտ է հենց այդ խելացի մարդը: Անհրաժեշտ է օգտագործել դա, հարկ եղած դեպքում ագրեսիվ քարոզչությամբ զբաղվել, ծիծաղի առարկա դարձնել «կարգին տղային» ու խրախուսել մտածողին: Պետք է գիտակցել, որ հանրության «վիրտուալացումն» ամեն ինչ փոխելու մեր հնարավորությունն է:
Գրողական համաշխարհային պրակտիկայում միշտ էլ ընդունված է եղել գրական անունով, կեղծանունով հանդես գալը, ինչու հենց Դօրիան եւ ոչ ուրիշ գրական անուն:
Երբ գրական կեղծանուն ընտրելու անհրաժեշտություն առաջացավ, Դօրիանը միակ անունն էր, որով, բացի սեփական անունիցս, երբեւէ դիմել էին ինձ: Ծանոթներիցս մեկն էր ինձ այդպես կնքել, քանզի իրեն իմ դիմանկարն էր համարում ու կարծում, թե ծերանում է իմ փոխարեն (կամ պատճառով):
Ինչպես ես վերաբերվում մուսա կոչվածին, կա՞ էդպիսի բան, ինչը կարող է ազդակ հանդիսանալ, ոգեւորել՝ ստեղծագործելու համար:
Եթե համարենք դա որոշակի հոգեվիճակի պայմանական անվանում, ուրեմն կա: Ռոմանտիկ չեմ ու մուսաների մասին երբեք չեմ խոսում՝ խոսում եմ արտաքին կամ ներքին ազդակների մասին, որոնց ներգործությամբ ստեղծագործելու պահանջ է առաջանում: Լինի դա մարդկանց որեւէ բան փոխանցելու պահանջը, բողոք արտահայտելու, չասվածն ասելու, թե պարզապես մի հրաշալի արեւոտ օր սրճելիս սիրելի ու սովորական դարձած զբաղմունքին տրվելը (ինչպես մեկը թերթ կկարդար, մյուսը երաժշտություն կլսեր):
Ի՞նչ ես անում հուսահատության պահին եւ ի՞նչ՝ ոգեւորության ժամանակ:
Հուսահատության ժամանակ մտածում եմ ինքնասպանության մասին: Վատն եմ համարում աշխարհն ու սփոփում ինձ այն մտքով, որ դրանից հեռանալու որոշումն ինձ է տրված: Ուժեղանում եմ այդ մտքով: Պանիկայի մեջ եմ ընկնում, իրեր եմ կոտրում, վիճում եմ կողիքս եղած մարդկանց հետ, խմում եմ:
Ոգեւորության պահին խոսում եմ, շատ եմ խոսում, անդադար ու կրկնություններով:
Կներես անհաջող ձեւակերպված հարցի համար՝ ո՞ւմ մռութը կուզենայիր ջարդել:
Հարցից հետո միայն մտածեցի այդ մասին, չէի մտածել: Երեւի ավելի արդար կլիներ, եթե ինձ խփեի: Ի վերջո, ինքս իմ առաջ ավելի շատ մեղք ունեմ, քան որեւէ մեկը:
Քո ամենասիրելի գրողը, ֆիլմը, կոմպոզիտորը, բաղձալի երազանք(ներ)ը:
Գրողները, որոնց հավանում եմ, շատ են, բայց Կանինգեմին կնշեմ, թող իր անունը հնչի: «Ժամերում» նա երեք անգամ պատմել է «իմ» մասին: Վերջին գրողն, ում գրքերից հաջորդաբար մի քանիսը կարդացի, Քրիստոֆեր Բակլին էր: Ֆիլմերն էլ շատ են: Սթիվեն Դալդրիի բոլոր ֆիլմերն եմ սիրում՝ «Ընթերցողը», նույն «Ժամերի» էկրանավորումը, նաեւ «Բիլլի Էլիոթը», մի տղայի մասին, որը սիրում է բալետ: Շատ են: Աշխատում եմ բաց չթողնել «կարեւոր» ֆիլմերը: Երաժշտություն համեմատաբար քիչ եմ լսում, դասականի սիրահար չեմ, նախընտրելի է լատինական էթնոն, բոսսա նովան, ֆոլկն ու նաեւ ջազը: Երգերի հեղինակներով, մեծ մասամբ, չեմ հետաքրքրվում, սիրած կոմպոզիտոր էլ չունեմ: Թող Դենի Էլֆմանի անունը նշվի՝ իմ սիրելի մյուզիքլներից մեկի՝ «Չիկագոյի» կոմպոզիտորն է ու կարեւոր մարդ ամերիկյան կինեմատոգրաֆում: Ռոմանտիկ երազանքներ չունեմ: Երազանքս չհուսահատվելն է: Եթե դա լինի, մնացած ամեն ինչին կհասնեմ ինքս:
Գուցե ռոմանտիկ բան եմ ասում, բայց քանի որ յուրաքանչյուրիս ներսում երեխա է ապրում, ուզում եմ տեղեկանալ՝ ի՞նչ նվեր կուզենայիր ստանալ Ձմեռ պապից:
Թող, ինչպես բոլոր երեխաներին, ինձ էլ խաղալիքներ բերի: Փոքր ժամանակ դրանցից քիչ ունեի…
Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ