Գամփռ Ջոն

Երբ տեսնում էր՝ վաղուց է արդեն գարուն,
Ելնում էր տանիք ու ծխամորճով
Երկնքում խուճուճ ամպեր նկարում
Իմ պապը՝ պառավ կովբոյ Գամփռ Ջոն։

Անձրև էր լցնում իր սրտին մոտիկ
Մարդկանց աշխարհին՝ ներքևում փռված,
Հոգնած հառաչում էր հողի որդին՝
Կարոտն հառելով լեռներից լոռվա։

Բարև փոխանցում քամու հետ վաղվա՝
Թոռների ցանած դաշտերին անձև,
Խնդրում նժույգից ցած իջնել մի պահ,
Խոնավ մտրակով երաշտը սանձել։

Շոյում էր ամեն արձակած քուլան՝
Սիրո կարիքից հանկարծ չշտապեն,
Գգվեն արևին, լույս ծծեն դանդաղ,
Որ մարդն հովանա՝ չորս օր է տապ էր։

Ստվերներ էր տալիս ստվեր երազողին,
Իջնում տանիքից ու ծխամորճով
Օրորոցիս մոտ արև նկարում
Իմ պապը՝ պառավ կովբոյ Գամփռ Ջոն։
Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։