Տուր ինձ գոյություն չունեցող մի հասցե
Ու հեռացիր անդարձ,
Որ կարոտեմ ու, Աստված մի արասցե,
Չգտնեմ քեզ հանկարծ։
Երեկոյան նորից
Անհետ կորածներից
Երբ խոսի BBC-ն,
Այլևս չեմ լսի՝
Իմ միակ կորստին
Կփնտրեմ վերստին
Ես պատրանքում։
Փողոցները անվերջ լաբիրինթ են իմ քաղաքում,
Եվ դրանցից մեկում,
Մի տասնահարկ շենքի
Քսանմեկերորդ հարկում
Կկարդամ ցուցանակ.
«Ես եմ»։
Պայմանի համաձայն
Դուռը եղունգներով կծեծեմ։
Կիմանաս, որ փայտե պատնեշի ետևում
Կանգնած եմ ես։
Չբացես։