Չափածո

Ժամանակակից հայ գրող Դօրիանի չափածո ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները և քառյակները։ «Կարոտ», «Թե ինձ սիրես», «Աղոթք», «Բաժանում» և այլ չափածո աշխատանքները։ Դօրիանը հեղինակ է շուրջ 300 չափածո ստեղծագործությունների, որոնց մի մասը ներկայացված են այս կայքում։ Մյուս բանաստեղծությունները պատրաստվում են հրապարակման։

Որդուս

Դու կաս ու գիտեմ ես, թե խի ես կամ՝
Որ ծածկեմ քո վրա, երբ բացում ես մեջքդ,
Որ, հեռու քեզանից, երբ հանկարծ ընկար,
Ափդ իմ ափի մեջ ուղեկցեմ վայրէջքդ։

Դու կաս ու գիտեմ ես, թե խի ես կամ,
Որ մի բան չունենաս` քոռանան աչքերս,
Որ քայլեմ, ուր քայլես, ստվերը քո գրկած՝
Արծաթե խաչերով քշելով չարքերը:

Դու կաս ու գիտեմ ես, թե խի ես կամ՝
Որ թաքուն արտասվեմ, երբ ցավի մի տեղդ,
Որ լարած մկան պես դես ու դեն ընկած
Որոնեմ հարբուխի կամ ականջիդ դեղը։

Դու կաս ու գիտեմ ես, թե խի ես կամ՝
Որ օրերդ հաշվելով՝ շատացնեմ օրերս,
Որ թեկուզ ուշացած, հասցնեմ սակայն,
Հասկանալ նաև, թե ինչու կա մերս։

Բարի հոգին

Աչքերս բացեմ՝ տեսնեմ լուսացել է,
Ու կողքիս նստել է բարի հոգին,
Ու տուփից հանել է իմ սիրած խաղը,
Շարել գոգին։

Նայում է, ժպտում է․ «Բարլու՜ս քեզ, ծիտս,
Տես, էլի հաղթել ես, չունես դուշման,
Խաղը քո խախանդ է, դու էլ խախանդ ես
Խաղիդ նման։

Նախշուն կավիճով գծել է սահմանը
Խալխն՝ իր տանը տվել է տարբեր անուն,
Տունը քո դեռ սերն է, իսկ սերը, սերս,
Չեն սահմանում։

Տունը քո թռչում է, երբ լույս է դուրսը,
Այն չունի ոչ դուռ, ոչ անգամ տանիք,
Ու ներսում երգում է քեզ հետ, թռչունս,
Հազար քամի։

Մանկան պես ամենքը լսում աղոթքդ,
Կրկնում է, ինչպես հին շուտասելուկ՝
Իբրև զենք՝ բարձի տակ պահած ասեղը
Աստծով թելում։

Վրեժին կարում է ներումն իր, հարսս,
Ու ցավին անուշ բալասան կարում,
Իր թոշնած բոլոր փեշերին կարում է
Սիրուն գարուն։

Մի մոմից մյուսը վառում է մարդը՝
Լույսդ ակամա թշնամուդ տանում,
Աչքերը չռած հետևում է Չարը,
Օտարանում։

Ու թողնում մենակ քեզ բարեկամիդ հետ,
Հետքն իր վերացնում է՝ կարծես չկար,
Անկողնուցդ վեր կաց, ու դուրս եկ, ծիտս,
Մարդկանց աշխարհ»։

Նժույգները պատրաստ են վազքի

Նժույգները պատրաստ են վազքի,
Ու լծված են սայլերը արդեն,
Ես սպասում եմ մթին ընթացքին,
Պիտ հասնել մինչև լուսադեմ։

Ինձ էնտեղ ապրել չի սազում,
Որտեղ կյանքն ապրելու տնազ է,
Իսկ հեռվում գագաթներ են սպասում,
Հուպ տուր, սայլապան, վռազ եմ։

Իմ հոգին կրակներ է ուզում,
Խարույկը մարած` քամի,
Ոտքդ կախ չգցես, ծերուկ,
Հասցրու ինձ իմ հին մեհյանին։

Մյուսները, գուցե, ձև բռնած
Մտածեն, թե ոնց կնայվեն,
Եկ շարժվենք դեռ չսափրված,
Ետևում թողնենք էդ թայֆեն։

Ես գիտեմ, սայլապան, ես տեսա
Սև սքեմ հագած էն մարդուն,
Նա խոսում է չարի անունից,
Խոսում է, թեև, իմաստուն։

Ներշնչում էր նա ինձ, թե, յանըմ,
Ճակատիս է գրած իմ բախտը,
- Մի շտապիր, հասնելու ես, ջանըմ,
Ամեն ինչ ունի իր վախտը։

Եկ վախտին չսպասենք, սայլապան,
Պոկիր դու տեղից քո սայլը,
Ես ուզում եմ շտապել, հուսալ,
Մուսաներ է ծնում հուսալը։

Համարդ կամ աշխարհդ

Կամ համարդ է փոխվել, կամ աշխարհդ,
Կամ կողքինդ է փոխվել, կամ հոգիդ,
Ինձ թվում էր, այնքան դժվար է
Կորցնել մեկին։

Կամ գնացքդ ես փոխել, կամ հայացքդ,
Կամ հավատդ ես փոխել, կամ ճամփադ,
Ցրտերից հեռացող երամում
Ես տեսա, որ չվում եմ մենակ։