Տեր, ինձ սովորեցրու Նաև նրան ներել, Ով թիկունքից գալով՝ Ինձ անցյալից զրկեց… Նրան, ում պատճառով այլևս չեմ կարող Ես տարիներ հետո, մի լուսնկա գիշեր Անքնության ձեռքը բռնած պառկել լռիկ Ու առանց արտասուք «ջահել վախտս» հիշել։
Չափածո
Ժամանակակից հայ գրող Դօրիանի չափածո ստեղծագործությունները՝ բանաստեղծությունները և քառյակները։ «Կարոտ», «Թե ինձ սիրես», «Աղոթք», «Բաժանում» և այլ չափածո աշխատանքները։ Դօրիանը հեղինակ է շուրջ 300 չափածո ստեղծագործությունների, որոնց մի մասը ներկայացված են այս կայքում։ Մյուս բանաստեղծությունները պատրաստվում են հրապարակման։
Մազակալ
Նեյլոնե մազակալ է կապում իմ հոգին, Որ վարսերը չիջնեն ուսերին, Եվ անվերջ, անդադար, մի հին, տխուր ջազ Շշնջում է հազիվ լսելի։ Եվ հոգուս շշունջից խլացած՝ Մտքերդ իրենց պատեպատ են տալիս, Խելագար, մոլորված, մոռացված, Կարոտած հոգեմետ հայացքիս։ Սպասում են դրանք հանդիպման, Տենչում են հաջորդ ցրտերին, Հաշվելով, թե քանի նյուտոն կլինի Բախման ուժը մեր հոգիների։ Թաքցնում են իրենց մերկությունը Ժպիտի տակ լալ, անհուզելի, Մինչ մազակալ է կապում իմ հոգին, Որ վարսերը չիջնեն ուսերին։
Թե խի եմ լացում
Հերիք նայես միայն, ի սեր քո Աստծո, Ինձ կամ խմիչք տուր, կամ էլ հանգստացնող, Կանգնիր կողքիս ու վարդագույն հովհարով Ցրիր հիմար մտքերս։ Ու չհարցնես հանկարծ, թե խի եմ լացում, Ես կարդացել եմ վաղու՜ց մի հոդվածում, Որ չհարցնելը քսան մարդուց քսանմեկին Գլխացավից փրկել է։ Երբ մութ է դեռ մինչև տասն անց քառասուն, Ու կեսօրից արդեն ոչինչ չես սպասում, Նյարդերդ ի զորու չեն հանգստացնել Ո՛չ սուրճը, ո՛չ գրկվելը։ Այդ երկնքում նստած է գիժ, աննորմալ՝ Ես պատրաստվել էի լուսավոր մի օրվա, Գուցե ոտքով մեկի տուն հյուր կգնայի, Կամ հյուր կգար ընկերս։ Կամ զբոսնեի մինչև «էն մեծ շան» փողոց, Կարճ թևքերով ու առանց անձևանոց, Ապրիլը մի՞թե այն մտքով չեն ստեղծել, Որ մրսեցնես ձեռքերդ։ Որ խառնվես եռուզեռին քաղաքի, Ու համտեսես սիրածդ պաղպաղակից՝ Միակ դեղից, որ ի զորու է բուժել Անտանելի ձմեռը։ Մեկ էլ ընկճախտը՝ Սարդ-մարդի պես հզոր, Բացի քեզնից՝ կարծես մեկին չհուզող, Որ լցվելով մռայլությանդ հետ տուն՝ Քիչ-քիչ դարձել է տերդ։ Հերիք նայես միայն, կարծես չես լսում, Ես քեզանից խնդրեմ, իսկ դու՛ քո Աստծուց, Մինչ գարնան գալը՝ վարդագույն հովհարով Ցրել հիմար մտքերս։
Fortnite
Ֆորտնայտը ժլատ է ու չի սիրում կիսվել, Ես արդեն հաշտվել եմ` չես լինելու իմը, Անխիղճ, թույլ տուր գոնե, որ քեզ սիրեմ հեռվից՝ Եղիր հավերժ օնլայն, շարունակիր սթրիմդ։ Կառուցիր պարիսպներ ու ամրոցներ շքեղ, Որ տեսնեմ, մտածեմ՝ ինձ համար են հատուկ, Դեպի վեր սողացող տառերի հոսքի մեջ Մի քանի սրտիկ էլ ես ուղարկեմ չատում։ Ու կարծեմ՝ կարդում ես խաղալուն զուգահեռ, Ու ժպտում ես, եթե իմ գրածն ես կարդում, Շարունակեմ գրել, չդադարեմ գրել՝ Ողջ գիշերը հետդ անցկացնելով արթուն։ Լուսաբացին հոգնած աչքերս տրորեմ՝ Դիմադրելով մի կերպ բաժանմանը խրթին, Քնեմ մի քանի ժամ, արթնանամ անհամբեր, Որ միասին նորից տրվենք պարապուրդին։
Խմոր
Ձեռքս սիրիր, հարս իմ՝ խմոր, Քեզ գնդեմ, գրտնակեմ նորից, Գուրգուրելով՝ ջանիդ քսեմ Ջեմ, մուրաբա, անուշ խորիզ։ Տամ կրակին՝ գալուդ սպասեմ, Պատուհանիս փեղկը բանամ, Ամեն ծանոթ ու անծանոթ Հոտդ առնեն, տեղդ իմանան։ Բարև տան ու, Աստծո բարիք, Քեզ անելով բաժին֊բաժին՝ Մի բաժինը հետս կիսեն, Մեկը տան պառավին, ճժին։ Ուտեն ու գոհ գլուխ ճոճեն․ «Քաղցր էիր, համա ծարավ թողիր», Շիրեդ մատներից լպստեն, Օրհնեն հա՛մ քեզ, հա՛մ թխողիդ։