Հեղինակային իրավունք
Այս կայքի բովանդակության հեղինակն է ժամանակակից հայ գրող Դօրիանը։ Այն հասանելի է Creative Commons «Attribution-NonCommercial-NoDerivatives» 4.0 միջազգային արտոնագրի պայմաններով (ոչ կոմերցիոն նպատակներով օգտագործում՝ առանց ձևափոխման իրավունքի)։
Դօրիանի առաջին կայքը՝ «Հոգու մերկապարը» ստեղծվել է 2009 թվականի հունվարի 13-ին։ Կայքի վերնագիրը վերցված է հեղինակի 2007 թվականին գրված բանաստեղծությունից՝
Երդման տակ վաղավճիռ Ու կարծես թե՝ սուտ, Հոգիս քեզ համար Մերկապար է պարում…
«Հոգու մերկապարում» հրապարակվել են մինչև 2009 թվականը գրված մի քանի տասնյակ բանաստեղծություններ, «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» և «Ադհյատման» վեպերը։ Կայքի գոյության ընթացքում են գրվել «Սատանան մայրամուտին», «Թոքախտավոր սուտը» վիպակները, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ պատմվածքներ։
Կայքում Դօրիանը վարել է իր առաջին և առայժմ միակ բլոգը, որտեղ կիսվում էր անձնական ապրումներով և մտքերով։ «Հոգու մերկապար» բլոգի գրառումներից մի քանիսը և «Լեռներից այն կողմ» հեքիաթը 2009 թվականին հրապարակվել են «Yes!» երիտասարդական ամսագրում։
«Հոգու մերկապարում» գործում էր նաև բաց չատ, որտեղ կարող էր գրառում կատարել ցանկացած այցելու։ Համաձայն կայքերից մեկի, հենց այնտեղ է սկիզբ առել այդ տարիներին հայտնի «Բարև էս չատի ամենասիրուն աղջկան» մեմը։
Այդ տարիներին գործող Circle կայքերի վարկանիշային ցուցակում «Հոգու մերկապարը» երկար ժամանակ այցելությունների քանակով բարձր դիրքեր էր զբաղեցնում «Արվեստ և մշակույթ» բաժնում։
Իր առաջնային տեսքով «Հոգու մերկապարը» պահպանվում է մեկ տարի, որից հետո տեղափոխվում է WordPress բլոգ-հարթակ, նախ՝ «Եվ Աստված ստեղծեց Դօրիանին», ապա՝ «Լինել Դօրիան» վերնագրերով։ Կայքից հեռացվում է հեղինակի բլոգը, հրապարակվում են միայն արձակ և չափածո ստեղծագործությունները։
WordPress.com հարթակի հայերեն բաժնում կայքը ստեղծված օրվանից պահպանում է առաջատար դիրքեր։
Կայքի ներկայիս՝ dorian.am դոմենը գրանցվում է 2010 թվականի վերջին։ Կայքն ամբողջությամբ տեղափոխվում է նոր հարթակ և մնում առանց վերնագրի։
Առաջիկա տարիներին dorian.am-դառնում է իր տեսակի մեջ եզակի՝ մեկ անձին նվիրած սոցիալական ցանց՝ հարյուրավոր գրանցված օգտվողներով։ Դօրիանի ստեղծագործություններից բացի, այնտեղ սկսում են հրապարակվել նաև այլ նյութեր։ Մի քանի տարվա ընթացքում կայքի «Աֆորիզմներ» բաժնում օգտվողների կողմից թարգմանվում և հրապարակվում են շուրջ 2000 աֆորիզմներ, կայքում տեղադրվում են նաև գրական նորություններ, հոդվածներ։
2016 թվականին, սակայն, նվազող պահանջարկի և աճող ծախսերի պատճառով սոցիալական ցանցը փակվում է։ Օգտվողների կողմից հրապարակված նյութերի մի մասը տեղափոխվում է այլ հարթակներ, որոնք շարունակում են զարգացվել վերջիններիս ուժերով։ Հեղինակի արձակ ստեղծագործությունների մեծ մասը հեռացվում է համացանցից, մյուս մասը տեղափոխվում է Bookmate և Medium հարթակներ, ստեղծվում է «Իմ գրադարակը» հավելվածը (այժմ փակված), որտեղ առաջին անգամ հրապարակվում է «Իմ երկու հայրը» պատմվածքը։ Նոր ստեղծագործությունները հրապարակվում են Facebook սոցիալական ցանցում։ Dorian.am-ը դառնում է մեկ էջից բաղկացած այցեքարտ-կայք, որտեղ ներկայացվում է միայն հակիրճ տեղեկություն հեղինակի մասին։
2020 թվականի մարտ ամսին dorian.am-ը վերաբացվում է՝ իբրև Դօրիանի ստեղծագործությունների ամենաընդգրկուն հավաքածուն։ Կայքում նախատեսվում է հրապարակել հեղինակի՝ մինչ օրս գրած ողջ չափածոն, բոլոր պատմվածքները և հարցազրույցները։
Վիճակագրություն
Այս պահին կայքում հրապարակված նյութերի քանակը․