Աչքերս բացեմ՝ տեսնեմ լուսացել է, Ու կողքիս նստել է բարի հոգին, Ու տուփից հանել է իմ սիրած խաղը, Շարել գոգին։ Նայում է, ժպտում է․ «Բարլու՜ս քեզ, ծիտս, Տես, էլի հաղթել ես, չունես դուշման, Խաղը քո խախանդ է, դու էլ խախանդ ես Խաղիդ նման։ Նախշուն կավիճով գծել է սահմանը Խալխն՝ իր տանը տվել է տարբեր անուն, Տունը քո դեռ սերն է, իսկ սերը, սերս, Չեն սահմանում։ Տունը քո թռչում է, երբ լույս է դուրսը, Այն չունի ոչ դուռ, ոչ անգամ տանիք, Ու ներսում երգում է քեզ հետ, թռչունս, Հազար քամի։ Մանկան պես ամենքը լսում աղոթքդ, Կրկնում է, ինչպես հին շուտասելուկ՝ Իբրև զենք՝ բարձի տակ պահած ասեղը Աստծով թելում։ Վրեժին կարում է ներումն իր, հարսս, Ու ցավին անուշ բալասան կարում, Իր թոշնած բոլոր փեշերին կարում է Սիրուն գարուն։ Մի մոմից մյուսը վառում է մարդը՝ Լույսդ ակամա թշնամուդ տանում, Աչքերը չռած հետևում է Չարը, Օտարանում։ Ու թողնում մենակ քեզ բարեկամիդ հետ, Հետքն իր վերացնում է՝ կարծես չկար, Անկողնուցդ վեր կաց, ու դուրս եկ, ծիտս, Մարդկանց աշխարհ»։