Ներեք

Ներեք:
Ներեք ինձ ողջ իմ կյանքը,
Ներեք ապրելս ու չապրելս,
Ու ճողոպրելս ապրելուց,
Ներեք ինձ ուղղորդող հոսանքը,
Ներեք այն թանկը,
Որը ստիպել եմ վճարել,
Ներեք այն զանգը,
Որ ոչ մի բան էլ չէր գուժում,
Ու մշուշում
Անգիտակից գիտակցության
Արնաշշուկ խաշոցի մեջ
Լսեք իմ ճիչը,
Թողե՜ք իմ խիղճը
Իմ խղճին,
Թող ինձ կրող փակ արգանդից,
Այն կողմ, անդին,
Ես չտեսնեմ,
Ու արբեցնեմ հոգիս
Պղտոր պտղաջրով մեկի ներսի:
Հազա՜ր մերսի
Ինձ հոգեկուլ ստով մի օր փաթաթողին
Ու էս դողիս,
Էս հուզմունքիս հեղինակին:
Ներեք:
Ներեք ինձ հեռանալս
Աշխարհներից ու մարդկանցից
Ու այն անձից,
Որին որդի ու կամ եղբայր էիք համարում
Ու խավարում
Կենսանման ձեր դժոխքի
Դուք բացառեք իմ մի խավարը՝
Այն ինձ համար է:
Ներեք:
Մետաստազները լինելուս
Ձեր գոյության վրա անխղճորեն իմ տարածելը,
Ու մտածելս
Միայն իմ սեփական շահի մասին:
Ներեք ինձ նաև այն, ինչ չարեցի,
Ու ճարեցիք
Ինձ համար միշտ փոխարինող,
Ներեք իմ նոր
Ու ձեր համար օտար իմ դերը,
Ու մա՜յր, թոռներդ,
Որոնք հազիվ թե ունենաս,
Ինձանից խերը
Երբ, հը՞, էդ երբ ես դու տեսել,
Դու միշտ քեզ հետ
Պահել ես բարուրած խելառությունս:
Ներեք էն քունը,
Որ փախցրել եմ՝ չուզելով,
Ներեք էն հունը,
Որ թույլատրել եմ ինձ տանի,
Ու կենդանի
Թաղել եմ ինքս իմ ջահելությունը:
Ներեք էն թույնը,
Որը ստիպեց կորցնել իմ գինը,
Ներե՜ք իմ հինը,
Նաև պատրաստ եղեք ներել
Ամբո՜ղջ իմ նորը՝
Ես չեմ փոխվի․․․
Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։