9 փետրվարի, 2012թ․, Երկիր օրաթերթ #23/2355
Ժամանակակից երիտասարգ գրող Դօրիանը ներկում է մազերն ու եղունգները՝ դրանով իսկ «էշի տեղ» դնելով նրանց, ում դա է հետաքրքիր։ Դօրիանը սիրում է մենակ մնալ, քանի որ միայնության մեջ իրեն հարմար է զգում։ Նա չի սիրում աղմկոտ վայրեր հաճախել և, առհասարակ, տնից դուրս է գալիս, երբ միայն անհրաժեշտ է։ Դօրիանը բացեց իր դեմքը, քանի որ մարդիկ սկսել էին չվստահել նրան։ Գրողը կարծում է, որ ժամանակակից հայ գրողները ընթերցված լինելու համար պետք է դուրս գան իրենց՝ նեղ-հայկական շրջանակից և ավելի շատ արտասահմանյան գրականություն կարդան։
Ինչքան ակտիվ ես գրական կյանքում, այնքան պասիվ ես առօրյայում․ ստեղծագործե՞լն է ողջ էներգիադ տանում։
Օրական գրում եմ մեկ ժամից ոչ ավել, դա չի խանգարում ակտիվ կյանքով ապրելուն։ Հարցը նախասիրությունների մեջ է․ նախընտրում եմ ժամանակս անցկացնել ընթերցելով, ֆիլմեր կամ սերիալներ դիտելով, համակարգչային «կարևոր» խաղերը փորձելով։ Եթե ասեմ, որ կյանքս Google Reader-ում է անցնում, այնքան էլ չեմ սխալվի։ Հետևում եմ գրեթե 300 տարբեր թեմատիկայով կայքերի, օրական մի քանի հարյուր հոդված աչքի անցկացնում կամ ընթերցում։ Ինֆորմացիա ստանալը իմ սիրելի զբաղմունքն է ու առայժմ չեմ փոշմանում դրան շատ ժամանակ տրամադրելու համար։
Ստեղծագործություններդ այնքան էլ երևանյան չեն, այսինքն՝ մեր առօրյայից կտրված են, մեր միջավայրից օտարված լինեն կարծես․ դու՞ էլ ես քեզ մի տեսակ օտարված զգում։
Վաղ շրջանի ստեղծագործություններս, որոնք չհրապարակված կամ հրատարակված են, այո, կտրված են տարածությունից, որում ապրում եմ։ Ու խնդիրը ոչ թե տարածությունը չճանաչելու մեջ էր, այլ այդ տարածությունը չարժևորելու։ Ըստ իս, կա մի տարիք, որի ընթացքում յուրաքանչյուրս էլ չի հաշտվում այն տարածքի հետ, որում ապրում է։ Դա պատճառ է դառնում հերոսներին «օտար» անուններ տալուն կամ գործողությունների վայրն անտեսելուն։ Քեզ պարզապես անհեթեթ են թվում մարդիկ ու բարքերը, որոնց մեջ ապրում ես, ցանկանում ես դուրս գալ դրա միջից։ Տարիքի հետ, իհարկե, այդ կոմպլեքսն էլ է անցնում։ «Սատանան մայրամուտին» ու «Թոքախտավոր սուտն», օրինակ, այդ առումով արդեն փոքր-ինչ հասունացել են։ Այն գործերը, որոնց վրա աշխատում եմ այժմ, նույնպես ավելի իրական տարածության մեջ են։ Ես ինձ օտարված չեմ զգում։ Անկախ այն հանգամանքից, թե քանիսը չի սիրի իմ տեսակը, կան մարդիկ, որոնք այն սիրում են ու որոնք իմ կողքին են։ Խոսելով մարդկանց մասին՝ ես նախ և առաջ վերջիններիս եմ հաշվում, դրանից ելնելով էլ կարծում եմ, որ մարդիկ ինձ սիրում են։
Ինչու՞ ես փորձում արտաքինով «էականորեն» տարբերվել մյուսներից․ չէ՞ որ քո ընթերցողն այսպես թե այնպես կարդալու է գրածներդ։
Դա արվում է «խաբելու» համար այն մարդկանց, ովքեր չեն կարդում այս հարցազրույցը, քանի որ այն երկար է։ Ու դա էլի կարվի իմ կամ մեկ ուրիշի կողմից, քանի դեռ մարդկանց մոտ չի թուլացել կենտրոնացումը մարմնի վրա, ուրիշի կյանքի վրա։ Միայն այդ ամենն անտեսել սովորելով՝ նրանք կկարողանան խուսափել խաբվելուց։ Եթե ինտերնետում սեղմում ես ճչացող բովանդակությամբ հղումների վրա, ուրեմն պիտի պատրաստ լինես ընդունել, որ քեզ էշի տեղ են դրել։ Ես կասեմ դա… անում եմ հենց էշի տեղ դնելու համար նրանց, ում դա է հետաքրքիր։
Իսկ մնացածները, որոնց ամենևին էլ դա հետաքրքիր չէ, չե՞ն տուժում դրանից։
Տուժում են միայն այն դեպքում, երբ իմ տեքստի որակը արտաքինիս փոփոխության հետ փոխվում է։ Ինքս, առայժմ, նման բան չեմ նկատել։
Ժամանակիդ մեծ մասն անցկացնում ես տանը․ տանը երկար մնալուց շունչդ չի՞ կտրվում։
Ոչ, քանի որ չեմ ձանձրանում։ Միայնակ մնալու մեջ եմ գտել իմն ու գտնում եմ նաև ինձ։ Շփման մեջ կորցնում եմ մտքիս թելը։ Հիմնականում աշխատում եմ հյուր գնալ, երբ պատրաստ եմ մոտակա օրերին օգտակար ոչինչ չանել։
Ի՞նչ ես փնտրում միայնության մեջ (ստեղծագործություններիդ մեջ էլ հերոսը փնտրտուքի մեջ է)։
Չեմ կարծում, թե որևէ բան եմ փնտրում։ Պարզապես ավելի հարմարավետ եմ ինձ զգում։ Ուսումնասիրելու, սովորելու, աշխատելու ժամանակ ունենում, անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելով՝ ինձ ավելի լիարժեք զգալու հնարավորություն եմ ստանում։ Միայնության վեց օրը ինձ թույլ է տալիս յոթերորդ օրը, մարդկանց շրջապատում լինելով, նոր հմտություններով աչքի ընկնել։ Ինձ դա դուր է գալիս։
Հարցազրույցի երկրորդ մասը թարգմանած է ռուսերեն լեզվից և կարող է աննշան տարբերվել հայալեզու բնօրինակից, որը հրապարակվել էր միայն Yerkir.am կայքում և ջնջվել է կայքի վրա տեղի ունեցած հաքերային հարձակման արդյունքում։
Ինչի՞ց են վախենում երիտասարդները, երբ սկսում են չարախոսել նրանց, ովքեր անսովոր արտաքին ունեն:
Ինքս էլ ինձ մոտ երբեմն նկատում եմ, որ ընկերների կամ հարազատների առաջ ինչ-որ երևույթի վրա «վետո» եմ դնում։ Հասկանում եմ, որ դա անում եմ ոչ թե իրականում այդ երևույթի հակառակորդը լինելով, այլ «իմ տարածքը» պաշտպանելու համար։ Երբ կան «չի կարելի»-ն, «ամոթ է»-ն կամ «ծիծաղելի է»-ն, ավելի հեշտ է ղեկավարել ուրիշներին։ Այդպես ավելի հեշտ է լինում ստիպել ընկերոջդ՝ չգնել մի կոշիկ, որն ինքդ չես կարող քեզ թույլ տալ, ստիպել, որ ընկերդ չխաղա տիկնիկներով, քանի որ նույն բանի համար քեզ ծաղրում եմ տանը։ Հոգեբանական ճնշում գործադրելով՝ մենք փորձում ենք շրջապատող մարդկանց մեզ հավասարեցնել, որպեսզի ինքներս օտար չդառնանք։ Ահա, թե ինչից են նրանք վախենում։ Նման մարդկանց վարքագիծը ոչ այլ ինչ է, քան պաշտպանական ռեակցիա:
Ասում են, թե բոլոր գրողների առաջին ստեղծագործությունները միշտ պատմում են գրողի մասին, այսինքն՝ հերոսը հենց հեղինակն է լինում։ Քո ո՞ր ստեղծագործության հերոսն ես դու։
Յուրաքանչյուր ստեղծագործության հերոս՝ այս կամ այն չափով: Իմ առաջին արձակ ստեղծագործությունը «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպն է։ Այնտեղ կա միայն մեկ հերոս, որ երբեմն խոսում է իմ խոսքերով։ Ես ավելի շատ ներկա եմ երկրորդ վեպում՝ «Ադհյատման»-ում: Իհարկե, վեպն իմ մասին չէ, բայց զուգահեռները շատ ավելի մեծ են, քան ցանկացած այլ ստեղծագործության մեջ:
Քո ստեղծագործությունների հերոսներին դու առաջին հերթին ներկայացնում ես իբրև մարդկանց, ովքեր մտածում են, ունեն իրենց թերությունները… Ինչո՞վ են տարբերվում քո հերոսները իրական՝ «շնչող» մարդկանցից։
Երբեմն իմ հերոսները շատ ավելի լավն են լինում, քան կարող էին լինել իրական կյանքում։ Եվ դու ճիշտ նկատեցիր, հիմնականում մտածող են, նույն ինտելեկտուալ մակարդակի վրա են։ Սա ես սխալ եմ համարում։ Հիմա, երբ ստեղծագործությունը սկսելուց առաջ ես գրում եմ իմ հերոսների բնութագիրը, մեծ տառերով նշում եմ նաև, թե նրանցից յուրաքանչյուրը որքան խելացի մտքեր կարող է արտահայտել։ Եթե ես վերացնեմ այս եւ մի քանի այլ փոքր թերություններ, կարծում եմ, իմ հերոսները գրեթե «կսկսեն շնչել»:
Այսինքն, շնչողները, ըստ քեզ, սկսել են չմտածե՞լ:
Ամենևին։ Պարզապես միշտ, և հիմա էլ ոչ բոլոր շնչողներն են հավասարապե՛ս մտածում։
Բայց մի՞թե բոլոր մարդկանց չի թվում, թե այլ կերպ են մտածում և դրանով են տարբերվում մյուսներից:
Եթե միայն տարբերվելու միտքն օգնում է մարդուն իր մասին ավելի դուրեկան կարծիք կազմել։ Ինձ համար մյուսներից տարբերվում է այն մարդը, ով կարողանում է նաև ուրիշների պես մտածել։ Ես ձգտում եմ առանձնանալ հենց այս ձևով։
Դու չես կարդում ժամանակակից հայ հեղինակների, իսկ նրա՞նք ինչու պետք է կարդան քո ստեղծագործությունները:
Իսկ ո՞վ ասաց, որ պետք է կարդան: Թող կարդան, եթե հավանում են։ Ես ինձ երբեք թույլ չեմ տա գանգատվել, թե որոշ մարդիկ իմ ստեղծագործությունները չեն կարդում՝ դրանով ես կվիրավորեմ նրանց, ովքեր ինձ կարդում են: Որպես ընթերցող՝ ինձ համար բոլորը հավասար են։
Զրուցեց՝ Կարինե Հարությունյանը