Սևը մեզ մոտ մոդայիկ էր, Ու գլխիս սև էր եկել, Բախտը իմ երկերեսանի Փորձում էր երես թեքել: Ու դառնագույն տագնապս կույր Հայացքն էր ինձանից փախցնում, Կյանքն ինձ, ինչպես գրկի մանկանն, Վշտի կրծքով էր իր սնում: Ու թվում էր լույսը պայթյուն, Անձրևնհեղեղ, քունը վախճան, Ձեռքս ձեռքից բաց չէր թողնում Միայն վախս անդավաճան: Մեկն ինձ համար արճիճ թափեց. «Չեմ նախանձում, սևդ է եկել»: Ես ժպտացի. «Ռեխդ փակիր, Սևն, ախր, շատ մոդայիկ է»:
2008
Հույզերի անատոմիա
Խաղն էր մեր խաղացված ու հին, Անծիր սիրո լցված կրքով, Պահը, ինպես կավատուհի, Ինձ վաճառեց գիշերը քո։ Եվ աչքերիս մրուրի մեջ Դու կարդացիր մեղքեր միայն, Դու կարդացիր դեռ չգրված Իմ «Հույզերի անատոմիան»։ Ես լճացած քո մտքերին Մատուցեցի սառույցով հյութ, Ես տվեցի ցունամիներ Քո անալյակ, աղի հոգուն։ Եվ հաշվեցիր մտահոգված. «Խեր, շառ, Աստված»… Խեր, շառ, էլ ի՞նչ, Եթե արդեն, ցավոք սրտի, սիրել ես ինձ։
Վերլուծիր
Դու՝ այնքան նման ինքդ քեզ, ինքդ քեզնից այնքան տարբեր
Որ անգամ ես՝
Կես-իմաստուն ու կիսախենթ,
Քեզ վերլուծելով եմ տարվել։
Ու կոչելով ինքս ինձ պոետ,
Ավելի շատ դարձել եմ Ֆրեյդ՝
Քո երազներում խճճված,
Անհաշտ իրականության հետ։
Ես, քեզ վաղուց արած անգիր,
Քո հասարակ բայց նաև բարդ էության մեջ,
Գտնում եմ միշտ նոր ծածկագիր։
Տեսնես ո՞վ ես առհասարակ
Եվ ինձ համար։
Գուցե հիմա ինքդ էլ մտքում
Տալիս ես քեզ նման մի հարց՝
Շաղկապելով մտքերը իմ
Ու արարքները անշաղկապ՝
Չես գտնում ընդհանուր մի բան…
Վերլուծիր այս,
Վերլուծիր այն։
Վերլուծությունն՝
Անդադար կրկնվող խնդիր
Տարրական թվաբանությամբ,
Բայց անհայտներով բազմաթիվ։
Թույլ կտա՞նք ճանաչել իրար,
Կհեշտացնե՞նք ինքներս մեզ,
Թե մեզ սպասվում է գժանոցն,
Ինչպես, գիտես՝ որ գրքի մեջ,
Որտեղ, հիշի՜ր, մեզպեսները
Գտան իրար,
Որտեղ, հաստա՜տ, մեզպեսները
Իրար չէին կարծում խելագար։
Ապրում առանց վերլուծության,
Այլ սեփական հոգեբանի
Դեղատոմսերի համաձայն։
Սահարա
Ա՜խ, անհանգիստ, կենսահարամ
Զգացմունքների իմ սահարան
Վաղ է տապում՝
Ձմեռ է դեռ։
Եվ ինձանից մի քանի գրամ
Օրեր առաջ թրթուր դառած
Շատ է շտապում
Դառնալ թիթեռ։
Այն ավազե ժամացույցին
Փնտրում է կորած սլաքներ
Ու չի գտնում,
Փորձում է նորից գուշակել,
Թե ամեն մի լուսանալուց
Հետո կրկին
Խի է մթնում։
Սպասում է այն, թե երբ պիտի
Գրկի կրկին
Լուսե մի օր
Իր սրինգին։
Չբացես
Տուր ինձ գոյություն չունեցող մի հասցե
Ու հեռացիր անդարձ,
Որ կարոտեմ ու, Աստված մի արասցե,
Չգտնեմ քեզ հանկարծ։
Երեկոյան նորից
Անհետ կորածներից
Երբ խոսի BBC-ն,
Այլևս չեմ լսի՝
Իմ միակ կորստին
Կփնտրեմ վերստին
Ես պատրանքում։
Փողոցները անվերջ լաբիրինթ են իմ քաղաքում,
Եվ դրանցից մեկում,
Մի տասնահարկ շենքի
Քսանմեկերորդ հարկում
Կկարդամ ցուցանակ.
«Ես եմ»։
Պայմանի համաձայն
Դուռը եղունգներով կծեծեմ։
Կիմանաս, որ փայտե պատնեշի ետևում
Կանգնած եմ ես։
Չբացես։