Տեքստը՝ Էլլա Կալենց, 2012թ․, Emporium
Ամենահայտնի գրքերի հեղինակ Ջեյ Կոնրադ Լեվինսոնն ասում էր, որ «մարքեթինգային ոգեշնչման» աղբյուր կարող է հանդիսանալ գրեթե ամեն ինչ առանց ոլորտային սահմանափակման: Խթանման միջոցներն ունիվերսալ են և հմուտ ձեռքերում ու մեր լեզվով ասած «քթի ծակի» առկայության դեպքում կիրառելի են թե գրականության, թե կաթնամթերքի խթանման դեպքում:
Համացանցի ուրվականը կամ Դօրիան
«Ես գիտեմ ով է նա…հաստատ Վիոլետ Գրիգորյանն ա կամ էլ իրա ամուսինը: Հաստատ իրանք են…սեքս, ու տենց բաների մասին իրանք են գրում»
Մի պահ նմանատիպ խոսակցությունները ողողել էին գրեթե ողջ քաղաքը: Շշմելու բան, կարծես թե «տեղական» ժամանակակից գրականությունն այդքան շատ մարդկանց չէր հետաքրքրում, որքան հիմա… ինչո՞ւ… միայն այն պատճառով, որ գրողն իրեն ծածկել էր վիրտուալ շղարշով ու չէր ցանկանում ի հայտ գալ, թե չափից դուրս ցավոտ թեմաների էր «կպնում»: Իսկ միգուցե նա համատեղել էր այդ երկու գործոնն էլ ու այդ ամենը համեմել այլ միջոցներով, որպեսզի հնարավորինս հաջողված խթանում իրականացնի:
«Ինքս եմ որոշել ինկոգնիտո ներկայանալ: Մի կողմից դա հետաքրքրություն առաջացնելու համար էր, մյուս կողմից էլ ունեի վախ, որ տարիքս, կամ որևէ այլ ֆակտոր, ի նպաստ իմ ներկայացրած գրականության չէր լինի: Անհրաժեշտ էր, որպեսզի նախ ընդունվեր իմ գրականությունն անկախ հեղինակից, որպեսզի այն գտներ իր ընթերցողին: Հենց դրա շնորհիվ է, որ մարդիկ այսօր արդեն ծանոթ լինելով աշխատանքին, կարծիք են հայտնում, որ անկարևոր են համարում հեղինակի ով, կամ ինչպիսին լինելու հանգամանքը…
… Այս կամ այն քայլի նախագծման հարցում որևէ օգնություն չի եղել: Օգնությունն իրականացման ընթացքում է եղել: Եթե չհաշվենք առաջին կես տարիների աշխատանքը, իմ մյուս բոլոր քայլերը եղել են հաշվարկված, հիմնված առցանց հետազոտությունների վրա: Սկսած թեմաներից, որոնք պիտի բարձրացվեին, վերջացրած Facebook-յան առաջխաղացումը, որտեղ, օրինակ, ի պատիվ ինձ բացված էջերում ներգրավվում էին առավելապես իգական սեռի ներկայացուցիչներ, իսկ իմ դեմ բացված էջերում (նույնպես մեր կողմից)` արական, մաքսիլմալ արդյունքի հասնելու համար:Ինտուիտիվ չեմ համարում արված աշխատանքը, քանի որ սիրողական մարկարդակով PR և մարքեթինգ եմ ուսումնասիրում և փորձ եմ անում գործնականում կիրառել: Ոլորտում ծանոթներ չունեմ, առաջարկող էլ չկա: Կարդում էի ու կարդում եմ ինչ պատահի, փառք Աստծո, դրա հետ խնդիր չունեմ: Top-երը, կամ նորություններն, իհարկե, ազդում են (ինքս էլ գովազդի տակ ընկնող եմ)…»
Դօրիան
Մի կողմից վիրտուալ տարածությունը լայն հնարավորություններ է ընձեռում հատկապես գրողներին ու լրագրողներին ընթերցված լինելու համար (եթե լեզվական պատնեշի առաջ չես կանգնում մի օր)… մյուս կողմից միայն վիրտուալ տիրույթում մնալը կարող է բերել իրական գործունեության սահմանափակմանը: Նմանատիպ խնդիրներից հնարավորինս խուսափելու համար Դօրիանը նաև ակտիվացրել է իր գործունեությունը (օֆֆլայն)` հեռուստատեսային հարցազրույցներ, բեմադրություններ և այլն: Բոլոր ռեսուրսները պետք է հնարավորինս արդյունավետ գործածել:
Հիմա գրեթե ամեն ինչի խթանումը կենտրոնացված է համացանցում, հատկապես որոշ սոցիալական կայքերում ինչպիսին են Facebook-ը: Այն հարմար է, արագ է աշխատում, սակայն միշտ չէ, որ զգալի արդյունքներ է թողնում ապրանքի խթանման վրա…
Ներկել եմ, որ ցույց տամ` դա թույլատրելի է:
Ներկել եմ, որ, օրինակ, Վազգենը, քաղաք Երևան, 21 տարեկան, աղեղնավոր, նույնպես ներկի: Որ տիկին էսինչն ու ընկեր էսինչը Վազգենին էլ ամեն օր ներկած մազերով տեսնեն ու չզարմանան դրա վրա: Ներկել եմ, որ հետո ասեմ, թե ինչքան աննշան բան ա էդ ներկելն ու քանի հազար անգամ կարող եմ ներկել: Ներկել եմ, որ մարդկանց սովորեցնեմ դրան նշանակություն չտալ: Մեղքս գալիս ա իմ թզբեխով ու փողոցներում թքող ժողովուրդը: Ներկել եմ, որ ապացուցեմ` պարտադիր չի էդպիսին լինել:
վերցված է Դօրիանի Facebook էջից
Ահա նմանատիպ ստատուս է գրել Դօրիանն իր ֆեյսբուքյան էջում հեռուստատեսային իր առաջին բացեիբաց հարցազրույցից հետո:
Նրա գրական գործերն ու արարքները միևնույն կոնցեպտի ներքո են արվում (կամ այսպես ասած «բրենդային ստվերի»), ինչը դրանք ավելի գրավիչ կարող է դարձնել, քան «թույն» վերնագիրն ու գրքի հաջող դիզայնը: Ներկայացվող գործերի ու դրանց հեղինակի կերպարի ընդգծված կապը կարևոր է «սպառողների» համար, քանի որ թույլ է տալիս մեկը մյուսի հետ ասոցացնելով ավելի լավ հիշել երկուսն էլ:
Այդ ամենին գումարվում է նաև ներկայացվող գրական գործերի փաթեթավորումը հասարակությունը տանջող խնդիրներով: Դա կարող է լինել բուն գրական գործի կամ դրա խթանմանը հարակից միջոցներով: Գլոբալ նպատակների առկայությունն իհարկե պարտադիր չէ, սակայն միշտ օգնում է ապրանքի կամ «ապրանքի» հանդեպ վստահություն ու համակրանք առաջացնել: Այլ կերպ ասած ոչ պակաս կարևոր է նաև գործերի «նպատակային դիրքավորումը»: Այսինքն բացի նրանից, որ ներկայացնում ես սեփական գործերն ու ուզում, որ դրանք կարդացվեն , դրանք ավելի լայն կոնտեքստում ես տեղադրում ու փորձում ցույց տալ, որ սոցիալապես ներգրավված ու պատասխանատու քաղաքացի ես: Նման մոտեցման դեպքում յուրաքանչյուր գործ, որն անում ես դառնում է ավելի գլոբալ գործունեության մի մասնիկ և ինքնստինքյան կարևորվում ու «ձգում»:
ԳՕվազդ
Մի կողմ թողնելով սոցիալական ներգրավվածոթյունն ու դրա պատրանքներն անցնենք այլ հարցին` ինչպիսի միջոցների են դիմում ժամանակակից հայ գրողները սեփական գործերը գովազդելիս և որ մասնիկներն են անտեսում:
«Ասել, թե ժամանակակից գրողները չեն փորձում գովազդվել, սուտ կլինի: Վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտը բավականին ակտիվացել է: Կայքեր են ստեղծում, փորձում են Facebook-ում առաջխաղացնել իրենց աշխատանքը, ծանոթ-բարեկամ խառնելով հարցազրույցներ ու հոդվածներ են հրապարակում: Հետևաբար, նրանց մոտեցումն ակնհայտ է՝ բնա՜վ, ոչ մի ռոմանտիկա:
Մեկ այլ հարց է, որ գովազդվելը ոչ բոլորի մոտ է ստացվում: Մարդիկ, պարզապես, որպես անձ հետաքրքրություն չեն առաջացնում, չեն կարողանում ներկայանալ: Ո՞վ ասեց, որ բոլորը պիտի ինքնուրույն կարողանան դա: Կան մասնագետներ, մարդիկ, ովքեր ունեն համապատասխան հմտություններ ու աշխատում են մյուս մարդկանց հանրությանը գրագետ ներկայացնելու ուղղությամբ: Կարծում եմ լավ կլիներ, եթե դիմեին, աշխատեին մասնագետների հետ»:
Դօրիան
Իհարկե մեր պայմաններից ելնելով բարդ է աշխատել մասնագետների հետ, բայց կարելի է մի քանի քայլ ձեռնարկել, որոնք կօգնեն առաջ գնալ: Ահա մի քանի կետեր, որոնք կարելի է համարել խթանման ելակետը․
- Գրական հիշվող ու լավ կլինի ասոցիատիվ անուն
- Վառ ընդգծված կերպար, որը մաքսիմալ կարտացոլի սեփական կենսակերպն ու կասոցացվի սեփական գործերի հետ
- Ընթերցողի մոտավոր կերպար, որը կօգնի հասկանալ թե ում համար ես գրում
Կարծում եմ սկզբնական փուլում այսքանն ու համացանցն իր անծայրածիր հնարավորություններով բավարար են սեփական գործերի խթանումն իրականացնելու համար:
Սակայն մինչև տարատեսակ հարցերի ու խնդիրների մեջ մխրճվելը կարևոր է պատասխանել մեկ գլխավոր հարցի` ո՞րն է այս ամենի նպատակը: Միայն այս հարցին անկեղծ պատասխան տալով հնարավոր կլինի հետագա գործողություններն ու ռազմավարությունը հստակեցնել: Իմանալով նպատակը՝ միշտ ավելի հեշտ է դրան հասնելու միջոցներ ձեռնարկել։