Մեղքդ թե նետես, ետ կգա նորից՝ Այն դատարկության պես հավիտյան է, Բայց դու դադարիր քեզ մաշել, Մարիամ, Քո Դոնատելլոն գտավ պատյանը։ Աչքդ թողնելով ճամփին, օրդ՝ սև, Պարտքն իր մարելով՝ ճակատին գրված, Կախվեց հեռացող առագաստներից՝ Քունդ տանելով ուսերի վրա։ Քեզ վերլուծելով՝ չարը գիտակցեց, Դևերին տեսավ՝ նենգ ու արնախում, Իր ծեր ուսուցչի դասը ուրացավ, Գնաց, առնետին գտավ կոյուղում։ Սիրեց նմանին, եղավ աշակերտ Իր պես ոխերիմ վրիժառուին, Հանդիպեց նրա խարխուլ հարկի տակ Խենթ հանճարներին թշվառ՝ նոր ու հին։ Կարծես քաջացավ, զենք սկսեց սիրել, Քե՛զ ատեց, սակայն պատժեց թշնամուն, Անունդ զուր տեղ բերանը չառավ, Ինքն էլ որոշեց լինել անանուն։ Ու դարձավ ուրիշ՝ լրիվ անծանոթ, Հանդիպես, հաստատ արդեն չես սիրի, Էլ ետ մի նայիր, հանդարտվիր, Մարիամ, Դուրս եկ կորստի խեղդող թմբիրից։