fbpx

Նա էլ բոլորի նման երկու ականջ ու երկու աչք ունի

29 հունվարի 2012, Անկախ

Գրող, բլոգեր Դօրիանն այլևս բացահայտ է։ Դօրիանին ներկայացնելու առանձնակի հարկ չկա: Նրա ստեղծագործությունները վերջին երկու տարվա ընթացքում ամենաընթերցվածներն ու քննարկվածներն են: Երիտասարդ հայ գրողն ու բլոգերը այսուհետ բացահայտ է: Առաջին հարցազրույցը նա վերջերս տվեց մեր տեղական հեռուստաընկերություններից մեկին: Ավելին ի լուր բոլորի բացահայտեց նաև իրական անունը և բնակավայրը Գրիգոր Մուրադյան, Երևան: Ներկայացնում ենք «Անկախին» տված բացառիկ հարցազրույցը:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործության ազդեցության տա՞կ է ընտրվել Դօրիան գրական կեղծանունդ:

Ես կասեի՝ անուղղակի ազդեցության: Ուայլդի հերոսի անվամբ ինձ ծանոթներիցս մեկն էր դիմում, որը իրեն իմ դիմանկարն էր համարում: Նա անվերջ գանգատվում էր, թե ծերանում է իմ փոխարեն: Գրական կեղծանունս ընտրելիս երկար չմտածեցի, վերցրեցի հենց դա… Իմ և Ուայլդի Դորիանի միջև միայն մեկ նմանություն եմ տեսնում` եսակենտրոն լինելը:

2009-ից ասես հաղթած թագավորի պես մուտք գործեցիր գրական աշխարհ: Մուտքդ սովորական չէր… Կարծեմ ամեն ինչ սկսվեց «Հոգու մերկապար» կայքից, չէ՞…

Մուտքս, իհարկե, աչք ծակող էր, բայց համաձայն չեմ, թե հաղթած եմ մուտք գործել: Այո, ամեն ինչ սկսվեց «Հոգու մերկապարից», որտեղ օրագիր էի վարում ու նաև հրապարակում գրական ստեղծագործություններս: Այն ժամանակ գրական ռեսուրսները դեռ հատուկենտ էին ու հիմնականում ստատիկ: Ես առաջինն էի, ով պահեց առցանց տարածքի դինամիկան, ցույց տվեց ապրող հեղինակի: Դօրիանն ամենուրեք էր, նրան կարելի էր «շոշափել»: Նա նման չէր այն գրողներին, որոնք գրում են գիրքը, հրատարակում, շպրտում գրախանութի դարակներին ու պահանջում, որ այն սպառվի: Կարծում եմ՝ հենց այդ իրական լինելն էր, որ արագ ուշադրություն գրավեց: Հետո էլ մարդկանց հետաքրքրեց այն, որ անդեմ հեղինակ եմ: Նրանք գուշակում էին, տարբերակներ քննարկում: Բավականին երկար ժամանակ իմ անդեմ լինելն ակտուալ էր մնում:

Դօրիան, անկեղծ ասած, քո գրածներից բոլորը չէ, որ կարդացել եմ, բայց կառանձնացնեմ «Սատանան մայրամուտին» վիպակը: Այն մի տղայի մասին է, որ արվամոլ է դառնում կարծես փող չունենալու պատճառով: Ի՞նչ ես կարծում, նման ստեղծագործությունները, որոնք «բաց» թեմաների շուրջ են, հասարակության լայն զանգվածների շրջանին հետաքրքրո՞ւմ են:

Միասեռական չեն դառնում, սեռական կողմնորոշման փոփոխություն չի լինում: Դավիթը գումարի դիմաց սեռական կապի մեջ մտավ տղամարդու հետ, ինչը դեռ չէր խոսում նրա միասեռական լինելու մասին: Այդ դեպքերից հետո տարիներ են անցել, սակայն ես ինքս դեռ չեմ հասկացել` ո՞վ էր այդ տղան իրականում ու ի՞նչ էր ուզում: Ինչ վերաբերում է «բաց» թեմաներին, ապա չեմ կարծում, թե կա հասարակության մի որոշակի շերտ, որը իրեն նվիրել է դրան (գուցե մեկ-երկու մոլագար): Նման թեմաները բոլորիս էլ այս կամ այն չափով հետաքրքրում են: Առհասարակ, մեզ ձգում է այն, ինչից առավել հեռու ենք, ու այն, ինչի մեջ ապրում ենք ինքներս:

Գրելիս որևէ մեկից օրինակ վերցնո՞ւմ ես:

Երբ հավանում եմ որևէ գիրք, վերլուծում եմ այն, գտնում եմ հեղինակի օգտագործած հնարքները, նրա ոճի առավելությունները և փորձում եմ այդ ամենը սինթեզել արդեն իսկ ունեցածս գիտելիքի հետ: Օրինակ եմ վերցնում յուրաքանչյուրից, ով ինձ օրինակելի է թվում: Ու ոչ միայն գրելիս, կյանքում էլ փորձում եմ «խլել» որքան հնարավոր է շատ «կենսական ռեսուրս» այլ մարդկանցից: Այլ կերպ չեմ պատկերացնում հասունացումս ո՛չ որպես մարդ, ո՛չ որպես հեղինակ:

Երբ քո գրածները հայտնվում էին բլոգերում ու սոցցանցերում, հասարակության լայն զանգվածների շրջանում կրկին հարց էր առաջանում, թե ով է այս առեղծվածային Դօրիանը: Իրական Դօրիանի հայտնվելը պատճառաբանվա՞ծ է:

Անդեմ Դօրիանը ստեղծվել էր հետաքրքրություն առաջացնելու համար: Անիմաստ էր մնալ անդեմ այն ժամանակ, երբ այդ հետաքրքրությունն արդեն մերթընդմերթ մարում էր: Այս դեպքում արդեն ծնունդ առավ բացահայտվելուս գաղափարը:

2010-ին մամուլը աղաղակում էր, որ քեզ ծեծի են ենթարկել չբացելով ով, երբ, ինչու, իսկ նույն թվականի նոյեմբերի 24-ին Դրամատիկական թատրոնում տեղի է ունենում քո «Արհեստական արբանյակը» պիեսի բեմադրությունը, և մամուլն այն դրական լույսի ներքո է ներկայացնում: Ըստ քեզ` այսքան էական փոփոխությունները ինչո՞վ են պայմանավորված:

Մամուլը չէր ասում, թե ինձ ծեծել են վատը լինելու պատճառով: Ով-ով, բայց մամուլն իմ հանդեպ միշտ դրական է տրամադրված եղել: Երեք տարվա ընթացքում իմ մասին բացասական կարծիք որևէ ԶԼՄ-ում չեմ կարդացել:

Լսելեմ, որ Դօրիան գրական կեղծանունով շատերն էին բլոգներ բացում: Ինչպե՞ս պարզվեց, թե ով է իրականը, չէ՞ որ դու այդ ժամանակ բացահայտ չէիր:

Իրականին գտնելու խնդիր չկար, քանի որ բոլոր բլոգերը բացվում էին միևնույն մարդկանց կողմից և ունեին միևնույն բովանդակությունը: Դա արվում էր գովազդելու համար այն ստեղծագործությունները, որոնց հեղինակը ես եմ:

Քո ստեղծած գրականությունը տարբերվում է: Հայաստանում կարծես առաջինը եղար, որ գրեցիր միասեռականների կյանքի մասին: Պատահե՞լ են դեպքեր, երբ ավելի տարիքով գրողները, քննադատները «քարկոծել» են քեզ` ասելով, օրինակ, գրականությունը քո տեղը չէ, և այլն…

Հուսամ` իմ գրականությունը միայն դրանով չի տարբերվում: Ինչ վերաբերում է ավագ սերնդին, ապա մինչ այժմ որևէ կարծիք չեմ լսել: Բացառությամբ այն դեպքի, երբ ավագ սերնդի ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին ինձ մրցանակ շնորհեց: Սակայն դա այն ժամանակ էր, երբ Դօրիանին դեռ քչերն էին ճանաչում: Գիտեմ, որ ինձ նվիրված հեռուստահաղորդումներին մասնակցելուց հրաժարվել են ավագ սերնդի բոլոր ներկայացուցիչները, ում դիմել է հեռուստաընկերությունը:

Հետաքրքիր է իմանալ որտե՞ղ տպագրվեցին քո երախայրիքները: Կարծեմ նույնիսկ անմիջապես մրցանակներ ստացար…

Առաջին ստեղծագործություններս տպագրվեցին «YES» երիտասարդական ամսագրում: Իսկ դրանից ամիսներ անց, այո, ստացա «Ինքնագիր» գրական մրցանակը:

Եղե՞լ է պահ կամ դեպք, որ ստիպի քեզ այլևս չգրել, թողնել գրականությունը…

Ես դեպրեսիվ անձնավորություն եմ, հուսահատության նոպաներն ինձ հատուկ են, այդ պահերին սկսում եմ վերհիշել իմ հասցեին հնչած կարծիքներն ու անգամ բացասական մեկնաբանությունները facebook-ում, խտացնում եմ գույներն ու գալիս այն եզրահանգման, որ իզուր եմ գրում: Բայց նաև հասկանում եմ, որ չգրելն անհնար է: Գրում եմ 12-13 տարեկանից, երբ դեռ ամաչում էի գրածիցս: Գրում էի, բայց թաքցնում: Որևէ մեկի դրական կարծիքի համար չէի անում դա ու չեմ անում նաև այսօր: Այնպես որ չգրելու մասին չեմ մտածել երբեք, մտածել եմ չհրապարակելու մասին, ինչն այժմ նույնպես անհնար է դարձել… Պարտավոր եմ հրապարակել, անկախ ցանկացած դեպրեսիայի հետևանքից, գրածներս թաքցնելու իրավունք չունեմ…

Պատմությունը վկայում է, որ գրողները, առավել ևս` երիտասարդները գրելիս սիրում են ոգելից օգտագործել, դո՞ւ էլ…

Երբ քիչ խնդիրներ ունես, կենտրոնանալն ավելի հեշտ է: Սակայն, երբ այդ թվացյալ խնդիրները շատ են ու շեղում են քեզ, այո, ալկոհոլն օգնում է անջատել ուղեղը, չտանել միտքը բացասական հունով, չշեղել ստեղծագործելու գործընթացից: Նախ՝ դրա փոքր քանակությունն օգնում է հասնելու ցանկալի ինքնամոռացության, հետո այդ քանակությունն էլ չի ազդում… Նախորդ տարեսկզբին ալկոհոլի չարաշահման պատճառով խնդիրներ ունեցա: Այժմ աշխատում եմ զերծ մնալ դրանից, հասկացա, որ հակում ունեմ ու արդեն իսկ նշածս դեպրեսիվության պատճառով այդ հակումներն արտահայտվելու հարթակ են ստանում, անկառավարելի դառնում: Ի վերջո, դա բռնություն է ստեղծագործական պրոցեսի վրա: Եթե չի ստացվում, պիտի չգրել ու սպասել ճիշտ պահին:

Ի՞նչ կարծիքներ ես լսել այս ընթացքում, որ տպավորիչ են եղել քեզ համար:

Եթե կարծիքները մի քանի տասնյակ լինեին, գուցե առանձնացնեի որևէ մեկը: Չեմ կարող նման բան անել: Ցանկացած կարծիք էլ կարևոր է ինձ համար, հաճույքով եմ կարդում ընթերցողների մեկնաբանությունները, պատասխանում, հարկ եղած դեպքում հաշվի նստում արտահայտվողի հետ:

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում էր պատրաստել, որին մասնակցում էիր նաև դու: Ասացիր` վախենում ես փողոցով քայլել, մարդաշատ վայրերում հայտնվել, ինչո՞ւ:

Մանուկ հասակում ընտանեկան բռնությունների ականատես եմ եղել: Դպրոցական տարիներին պայուսակը գրկած տուն վազող երեխաներից էի, որը տղաների ծիծաղի առարկան էր: Ամբողջ կյանքս ապրել եմ այն համոզմունքով, որ օտար մարդկանցից զգուշանալ է պետք, հատկապես երբ «ոտնձգություն» ես կատարում նրանց առօրեականության և անգիտության նկատմամբ: Այսօր էլ, կարդալով անձիս մասին առցանց մեկնաբանությունները, հասկանում եմ, որ մեր երկրում կա մարդկանց մի հսկայական խումբ, որից խելացի մարդը պետք է զգուշանա…

Ընտանիքիդ անդամներն ինչպե՞ս վերաբերվեցին, երբ տեսան` ինչ ես գրում կամ ինչի մասին:

Չեմ հասկանում «ինչ ես գրում»-ի իմաստը: Իսկ ի՞նչ եմ գրում: Ընտանիքիս անդամներից միայն քույրս է կարդում աշխատանքներս, քանի որ միայն նա է, որ համակարգչից է օգտվում և հետաքրքրվում՝ ինչ եմ գրում: Մյուսները միայն հրատարակված առաջին գիրքս են կարդացել: Չեմ հասկանում` ինչպե՞ս պիտի վերաբերվեին: Գրականությանն ինչպե՞ս են վերաբերվում, այդպես էլ վերաբերվեցին:

Դօրիան, մի փոքր էլ կխնդրեմ պատմես նոր լույս տեսած գրքիդ և անելիքներիդ մասին:

«Իսկ գիշերվանից հետոշուշաններն» առաջին վեպս է: Գրել եմ ծառայության ընթացքում, ինչպես և իմ երկրորդ վեպը «Ադհյատմանը»: Մինչ այդ ծավալուն աշխատանքներ չէի գրել: Սա երևի իմ այն եզակի աշխատանքներից է, որը թե՛ առցանց բազմաթիվ ընթերցումներ գրանցեց, թե՛ չարժանացավ քննադատության:

Քանի որ ինքս գիրք տպագրելու մեջ իմաստ չէի տեսնում ու տպագրել եմ միայն ընթերցողի կամքով, վերցրեցի հենց այդ աշխատանքը: Միայն առաջին ամսում տպաքանակի 30 տոկոս սպառում գրանցվեց: Առաջիկա պլաններումս մնացած 70 տոկոսը սպառելն է: 2012-ին, կարծում եմ, որևէ աշխատանք չեմ տպագրի: Առաջին ամիսների ծրագիրը վերաբերում է Dorian.am կայքին: Արդեն այս ամիս կգործարկվի իմ ընթերցողների համար նախատեսված սոցիալական մինի ցանց: Ընթացքի մեջ է նաև կայքի ռուսերեն թարգմանությունը: Տարվա առաջին կեսին ծրագրվում է կայքում տեղադրել առայժմ չհրապարակված մոտ չորս աշխատանք, այդ թվում՝ «Ադհյատման» վեպը: Մի խոսքով, մոտ ապագայում միայն աշխատանք ընթերցողիս հետ ու նրա համար, էլ ի՞նչ պիտի լիներ…

Զրուցեց՝ ՄԻՔԱՅԵԼ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։