fbpx

Հավատում եմ, որ մյուսներից շուտ եմ հայտնվելու ապագայում. Դօրիան

11 դեկտեմբերի 2011, Tert.am

Րոպեներ առաջ հայկական հեռուստաընկերություններից մեկի եթերում բացահայտվեց հայալեզու համացանցում արդեն երեք տարի հայտնի ու միևնույն ժամանակ գաղտնի մնացող, facebook-ում ամենամեծ թվով հետևողներ ունեցող հայերից մեկը` Դօրիանը: Նրա ստեղծագործություններով կամ անձով հետաքրքրվողներն այլևս ստիպված չեն լինի գուշակել, թե ով է թաքնված խորհրդավոր դիմակի տակ: Tert.am-ի հետ բացառիկ զրույցում Գրիգոր Մուրադյանը` նույն ինքը Դօրիանը, առաջին անգամ հանդես է գալիս առանց դիմակի:

Այժմ, երբ բացահայտված է Ձեր անձի հետ կապված գլխավոր ինտրիգը, շարունակելո՞ւ եք արդյոք հանդես գալ Դօրիան կեղծանվան տակ, թե ներկայանալու եք իրական անուն-ազգանունով։

Ոչինչ չի փոխվի` շարունակելու եմ գրական կեղծանվամբ ներկայանալ: Ընթերցողն արդեն ճանաչում և սիրում է հենց Դօրիան հեղինակին: Հանկարծակի այդ անվանափոխությունը միայն շփոթություն կառաջացնի: Բացի այդ, ինքս էլ ցանկություն չունեմ իրական անուն-ազգանվամբ հանդես գալու:

Սակայն իրական դեմքով հանդես գալուց արդեն չեք կարող խուսափել: Կարծում եք ինչպե՞ս մարդիկ կարձագանքեն ձեր ոչ սովորական արտաքնին:

Այդ առումով հասարակական կարծիքն ավելի քան կանխատեսելի է: Լինելու է արական սեռի ներկայացուցիչների մի հսկայական խումբ, որոնք բացասաբար են արձագանքելու հայ իրականությունում նման կերպարի ի հայտ գալուն, լինելու են աղջիկներ, որոնք կհիասթափվեն` չգտնելով իրենց երազանքների հերոսին, հեռուստատեսությամբ այդ «սարսափելի» կերպարի ցուցադրվելու հետևանքում հայտնվելու են իմ անձով նոր հատաքրքրվողներ, որոնք առաջին անգամ են ընթերցելու իմ աշխատանքները, սիրելու են դրանք, կամ չեն սիրելու:
Ու, ինչն ամենակարևորն է, մնալու է մարդկանց մի խումբ, որն անտարբեր է լինելու բացահայտվելուս փաստի հանդեպ ու շարունակելու է կարդալ ինձ:

Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, լինելո՞ւ է վարկանիշի անկում, զիջելո՞ւ եք ձեր դիրքերը:

Մինչև տարեվերջ` ոչ: Հակառակը: Իսկ թե ինչ կլինի դրանից հետո, կախված է միայն ինձանից, այն աշխատանքից, որը կանեմ: Դրանից հետո էլ, որպես հեղինակ, իհարկե, դիրքերս չեմ զիջի, բայց որպես հասարակական հետաքրքրություն առաջացնող անձ, գուցե և…

Ցուցադրված հաղորդման ընթացքում կարծիք հնչեց, թե միջակ հեղինակ եք: Ինչպե՞ս եք վերաբերվում նման գնահատականներին և արդյո՞ք ձեզ միջակ եք համարում:

Ինձ հայտնի չէ գրական ստեղծագործությունները գնահատելու համար ընդունված որևէ միջազգային սանդղակ: Այդ գնահատականը սուբյեկտիվ է ու, եթե քառասուն տարի ընթերցանությամբ զբաղվող մարդու համար դա միջակություն է, ընթերցանության հինգ կամ տասը տարվա փորձ ունեցող մարդու համար լավագույնն է, ինչ կարող է իրեն տալ հեղինակը: Այն էլ հայ հեղինակն ու այն էլ իմ տարիքի: Վաթսուն և ութսուն կիլոգրամ կշռող մարզիկները տարբեր կարգերում են մենամարտում: Ես համեմատում եմ ինձ իմ «քաշային կարգի մարզիկների» հետ, որոնք դեռ անգամ «բազմակետերի սինդրոմից» չեն ազատվել ու հասկանում եմ, որ շատ հեռու եմ նրանց համեմատ միջակ լինելուց:

Ի՞նչպիսի գրականություն է պետք այսօր ստեղծել, Ձեր նշած հինգ կամ տասը տարվա ընթերցանության փորձ ունեցող մարդկանց համակրանքին արժանանալու համար:

Խորապես չեմ մտածել այդ հարցի շուրջ, քանի որ ինքս իմ առջև նպատակ չեմ դրել ընթերցողի համար հաշվարկված գրականություն ստեղծել: Երիտասարդներին դուր է գալիս այն, ինչ գրում եմ, քանի որ դա նման է նրան, ինչ գրում են այսօր հեղինակություն վայելող ու հայտնի արտասահմանյան հեղինակները: Ես այն եմ, ինչ կարդում եմ ու, բնական է, որ կարդալով բացառապես ժամանակակից արտասահմանյան գրականություն, գրելիս էլ դրա նման եմ գրում:

Դասկաններին չե՞ք կարդում:

Վերջին երեք տարվա ընթացքում երկու, թե երեք դասականի գիրք եմ կարդացել, երևի: Այդ առումով մեծ բաց ունեմ, բայց չունեմ այդ բացը լրացնելու ստիմուլ: Միայն այն կարծիքը, թե դասականներին չուսումնասիրելն ամոթ է, բավարար դրդապատճառ չէ: Ժամանակակից գրականությունը հաճույք է պատճառում ինձ, այն նախընտրելի է ու նաև այնքան շատ, որ ստիպում է երազել իրեն սպառելու ժամանակ գտնելու մասին: Եթե ինչ-որ մեկն ասի, թե ես չեմ կարող լավ ներկա կառուցել, քանի որ լավ չգիտեմ անցյալը, կպատասխանեմ, որ այսօրվա օրը վաղն անցյալ է դառնալու: Նշանակում է ես մեկ քայլ առաջ եմ ընկել, ես ապագա կառուցելու գաղափարով եմ ապրում, ներկա չեմ ուզում: Ուժեղ ու աստիճանաբար էլ ավելի աճող կոնֆլիկտի մեջ եմ անցյալ ժամանակի հետ: Ժամանակի նախորդ ու նաև ընթացիկ սեկտորներից ազատվելու, առաջ ընկնելու ձգտումը ոգևորում է ինձ: Դա խանգարում է անկողմնակալ լինել գրականության ընտրության հարցում:

Ամսագրերից մեկում լույս տեսած ինքնակենսագրությանդ մեջ ոչ այնքան երջանիկ մանկության մասին էիք պատմում: Կապո՞ւմ եք արդյոք Ձեր մանկությունն անցյալի հետ ունեցած այդ կոնֆլիկտի հետ:

Երբ ինձ խնդրում են ցույց տալ իմ գրած առաջին բանաստեղծությունները, ցուցադրելու ոչինչ չեմ գտնում` պատռել եմ դրանք: Պատռել եմ օրագրերը, որոնք վարում էի պատանի տարիներին, դեն եմ նետել նախկինում ստացած բոլոր նվերներս ու նամակներս: Անգամ փորձ եմ արել այլոց ուղղված իմ նամակները հավաքել ու նույն բախտին արժանացնել: Ու դա շարունակվում է:

Անվերադարձ ջնջում եմ իմ բլոգային գրառումները, ջնջում եմ այն ստեղծագործությունները, որոնք ժամանակի ընթացքում աչքիցս ընկել են: Օրեր առաջ լույս տեսավ իմ կողմից այդքան սպասված առաջին գիրքս` վեպ, որն իմ լավագույն աշխատանքներից մեկն էի համարում: Ես ձեռքս առա այն ու սկսեցի սխալներ գտնել` տողեր, որոնց համար փոշմանում եմ, բառեր, որոնք իզուր եմ օգտագործել, ասես օրգանիզմս մերժեր այն, ինչպես վտանգավոր սնունդը կմերժեր: Ոչ միայն մանկությանս, այլև ապրած օրերիցս մեծ մասի համար եմ փոշմանում, արածներիս ու ասածներիս մեծ մասի համար: Եթե կարծում եմ, թե երեկ վատն էի, հետևություն եմ անում նաև, որ այսօր փոքր ինչ ավելի լավն եմ դարձել:

Սակայն որքան էլ ժամանակ անցնի, ես ու աշխարհը թերի ենք մնալու ու լավագույնը փնտրողը ստիպված է լինելու փնտրել այն վաղվա օրվա մեջ: Յուրաքանչյուր օր արթնանալիս ես հագնում եմ այն շորերը, որոնցով ամոթ չի լինելու դեպի վաղը գնալ: Ես հավատում եմ, որ մյուսներից շուտ եմ այնտեղ հայտնվելու:

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։