fbpx

Նոր շուլուլած կարեր

Հին վերքերի տեղում
Ես կգտնեմ շուտով նոր շուլուլած կարեր,
Ու ոչ թե կարոտով,
Այլ սեփական ոտով կշրջեմ տանը մեր։

Ու կմաշեմ օրեր,
Որոնք տեսնում էի դեռ երեկ ցուցափեղկում,
Ու հռչակ կթորեմ,
Մտքիս ու գրիչիս տված բերքով։

Ու ամեն Աստծո օր, 
Արթնանալով, կիջնեմ խանութ՝ հացի,
Ու կաղոթեմ Աստծուն՝
Ոչինչ չխնդրելով, այլ հանուն տվածի։

Կլսեմ հեզությամբ
Խրատները տատիս՝ ճիշտ թվան, թե սխալ,
Գուցե մտնեմ նորից
Այն նույն եկեղեցին, որոշեմ դարձի գալ։

… Սրճարանն անձրևի,
Փողոցները ծանոթ ու իմ սիրած խանութը գրքերի,
Կապրեմ օրերը նույն՝
Այս վայրերում դժգույն, թվացող անթերի։

Բայց էլ, սիրտս լցրած,
Չեմ զգա մուսա ծնող կարոտը իմ,
Ու այլևս թաքուն
Առավոտյան թխվածք չի տա Սյուզին։

Պատուհանիցս դուրս
Չեմ տեսնի գեղեցիկ, բայց ձանձրալի սարեր,
Հին վերքերի տեղում
Ես կգտնեմ շուտով նոր շուլուլած կարեր։
Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։