Categories
Չափածո Տխուր բանաստեղծություններ

Ջրեմարդը

Գիշերը իջել՝ ձանձրույթը քիչ էր,
բերել է իր հետ վաղեմի դարդս,
իմ ու քո միջև մետաքսե լճեր
հյուսել է թաքուն իմ ջրեմարդը։

Անիմաստ հարց է, թե խի ես կարծել,
որ ես չափազանց խառը ու բարդ եմ,
ահերս դարսել, պահերս թարսել,
խառնել է, հոսել, իմ ջրեմարդը։

Ինձ նորից քեզ հետ մտքիս մեջ տեսել
ճարել է, լարել իր հին թակարդը,
անցյալով տանջել, խաբել ինձ կանչել,
իր մոտ է տարել իմ ջրեմարդը։

Գիշերը իջել՝ ձանձրույթը քիչ էր,
բերել է իր հետ վաղեմի դարդս,
էս թուղթուգիր է՝ մեկն էլ ինձ սիրեց,
իսկ ես սիրում եմ իմ ջրեմարդը։
Categories
Չափածո

Վանեսա Պարադին

Նա գիտի մի անչափ ձանձրալի մեղեդի,
Որ սիրում է երգել քթի տակ,
Նա, ինչպես մի ֆիլմում Վանեսա՛ Պարադին,
Պարոնի է սիրում ծերացած:

Ձևացնում է մեկ-մեկ, թե ոչինչ չի լսել,
Երբ խոսում է պարոնն ուրիշից,
Հացից շատ է ուտում շաքարով թթվասեր,
Որ նյարդերը հանի իր միջից:

Նա ունի 24 ժամ անվճար ինտերնետ
Եվ ամեն օր մի նոր սկավառակ,
Նա միայն երազում իրական մարդու հետ
Սավառնում է՝ ասես թև առած:

Լրացնում է խեղդող տաղտկությունն օրերի
Սերիալով, գրքերով, զանգելով,
Ողորմի է տալիս իր նախկին սերերին՝
Ներկայից դեպի ետ ցատկելով:

Նա ուզում է սիրվել, նա հոգնել է արդեն՝
Զարկելով իր պատիվը գետին,
Թե ինչպե՞ս էր ապրում մի նման մարդու հետ
Իր ֆիլմում Վանեսա՛ Պարադին…
Categories
Չափածո

Օփրա

Ու նստեց մի օր, մտածեց Օփրան,
Որ դարձրել է արդեն կյանքը շոու,
Որ դարձել է արդեն նյարդերի տոպրակ,
Ու սպանում է իրեն մտքի սովը:

Սեփական լկտի բարքերից հոգնած,
Սեփական սրտի զարկերից հոգնած,
Պարտքերից հոգնած,
Հարկերից հոգնած,
Կարգերից հոգնած
Պառավել է:

Ու էնքան է խոսել, որ արդեն սպառվել է,
Որ արդեն սպանվել է հազար կողմից,
Որ որքան ճղվել է, այնքան կարվել է,
Այնքան կախվել է մի կոճ թելից:

Սեփական տխուր երգերից հոգնած,
Սեփական խղճի վերքերից հոգնած,
Զենքերից հոգնած,
Շենքերից հոգնած,
Դեմքերից հոգնած
Ծարավել է:

Ու էնքան է դժգոհ, որ արդեն ձախ թև է,
Որ արդեն ծախվել է հազար ձեռքից,
Որ որքան ծնվել է, այնքան թաղվել է,
Այքան դաղվել է մի կում ձեթից:

Սեփական դատարկ top-երից հոգնած,
Սեփական մռայլ կոպերից հոգնած,
Րոպեից հոգնած,
Շոպենից հոգնած,
Շոն Փենից հոգնած,
Թառամել է:

Ու էնքան է խաբել, որ արդեն հասցրել է
Աշխարհին չկապած` աշխարհից պոկված,
Աճուրդի բարձրացնել իր հոգու հասցեն էլ,
Մտածեց ու գլխից դեն նետեց Օփրան:
Categories
Չափածո Կարոտի մասին Սիրո մասին

Քո պատրանքի շիրայում

Ես չլսած ձայնը քո կարոտում եմ,
Երազելով՝ վեր նայում,
Թաթախելով միայնակ դառնությունս
Քո պատրանքի շիրայում:

Ու փակվելով խենթի պես՝ հորինված
Իմ օդային ամրոցում,
Խուսափելով օտար աչքերից
Քո լռությունն եմ ծծում:

Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր,
Պետք չէ բուժել էս տենդը,
Թույլ տուր հյուսել համրության հելունով
Քո գոյության լեգենդը:
Categories
Չափածո Տխուր բանաստեղծություններ

Երգ, որ չեմ երգի

Ծաղկել է վախճանս քո ճյուղերին,
Մարել է մարմանդը իմ խարույկի,
Ասա ինձ, ասա, թե ո՞վ մկրտեց
Ներսինս անսանձ ու ո՞վ կփրկի։

Հառել եմ հայացքս քո երկնքին,
Վառել եմ մանկանը խղճիս գրկի,
Ես չգիտեի դեռ ոչ մի աղոթք,
Երբ քո առաջ էի իջել ծնկի։

Ծխել եմ ցավից ու չեմ ամոքել,
Փախել եմ միշտ էլ ինքս ինձանից,
Ու քո ձայնով լռեցված քնել
Ու արթնացել եմ խղճիս ձայնից։

Ներել եմ հերքելդ լինելը իմ,
Կերել եմ մարմինդ քո իսկ ձեռքից,
Ճանապարհիդ սուտ-հավատ շփել,
Ու տառապել սեփական խելքից։

Շարել եմ ցավերս, դրել հերթի,
Ճարել եմ մահվան լավագույն առիթ,
Ալիքը ընտրել եմ, ասել «թեքիր»
Ու վահանակս կարել ձեռքիդ։

Ծաղկել է վախճանս քո ճյուղերին,
Մարել է մարմանդը իմ խարույկի,
Ես շատ լավ գիտեմ, թե ով մկրտեց
Ներսինս անսանձ, որ էլ չի փրկի։

Հ․Գ․ Սա իմ գրած առաջին ու վերջին
Երգն է, որ ես երբեք չեմ երգի․․․