fbpx

Դօրիանի դեմքի մի երեսը

22 հունվարի 2011 թ․, «Երկիր» օրաթերթ #10/2333

Եթե որևէ լավ լրագրող հավեսով մտներ Դօրիանի ով լինելը բացահայտելու գործի մեջ, դժվար թե ջանքերն անարդյունք մնային։ Բայց պե՞տք է որ… Իր որոշելիքն է, թե որ հանդիսասրահում, որ պահին և ինչու կհանի Օսկար Ուայլդի՝ այլոց երիտասարդության հաշվին հավերժ երիտասարդ Դորիան Գրեյի դիմակը, որն այլևս իրենն է ու մի լավ տեղայնացված։ Բոլոր նրանց համար, ում հայտնի չէ նրա գաղտնիքը, մանկական այս լուսանկարն է նրա միակ դիմանկարը։ Իր պնդմամբ, 22 տարեկան է և արական սեռի։ Դօրիանը այս կեղծանունով վերջին տարիներին հայտնի դարձավ։ Հրապարակված պատմվածքների, բեմադրված պիեսների, ակտիվ բլոգերության շուրջ աղմուկը բազմապատկում են անհայտության խորհրդավորությունն ու չխորշելը մեծամասնության համար անընդունելի հատկանիշներ իրեն վերագրելուց։ Սա կյանքումս առաջին դեպքն է, երբ հարցազրույց եմ վարում՝ չիմանալով, թե ում հետ։ Օգնեցին Facebook-ի հնարավորությունները։

Ինչու՞ ես ուզում, որ իսկական անունդ գաղտնի մնա․ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնելու՞ համար է, թե՞ ավելի ազատ գրելու։

Պարզապես ստեղծվել է ֆորմատ, որն առավել արդյունավետ կլինի, ու որի մեջ ես ինձ ավելի լավ կզգամ։ Ես փակ մարդ եմ՝ չեմ սիրում տարատեսակ միջոցառումների ու հանդիպումների ներկայանալ, շփումներ հաստատել։ Կեղծանվան տակ աշխատելով՝ հնարավորություն եմ ստանում խուսափել այդ ամենից։ Բացի այդ, դա նաև գովազդային քայլ է։

Ոմանք ասում են, թե անուն հանելու վրա «յանդ տարել է», ի՞նչ կասես։

Ոմանք այդպես են ասում նաև Մադոննայի մասին։

Լավ, ընդունենք, որ գրողը կարող է կեղծանուն ունենալ։ Ինչպե՞ս կվերաբերվեիր կեղծանուն ունեցող ու երբևէ չբացահայտվող լրագրողին։

Եթե լրագրողը ժամանցային ժանրի մեջ է գրում, հայտնում իր տեսակետն այս կամ այն դեպքի կամ անձի մասին, ապա նրա ով լինելու գործոնը կարելի է նաև անտեսել։ Սակայն եթե նա տարածում է կարևոր ինֆորմացիա, հայտնում լուրեր կամ կատարում այլ պատասխանատու աշխատանք, նախընտրելի կլիներ ճանաչել վերջինիս։ Դժվար է վստահության արժանանալ, երբ մարդիկ չգիտեն, թե ում են արժանացնում այդ վստահությանը։

Բլոգերությունը լրագրությու՞ն է։ Ապագայում ինչպե՞ս ես պատկերացնում այս երկուսի հարաբերությունը։ Մեկը մյուսին կու՞լ է տալու։

Ոչ, բլոգինգը լրագրություն չէ։ Կան բլոգերներ, որոնք չեն ստեղծում օրիգինալ կոնտենտ, ու կան լրագրողներ, որոնք գրում են որևէ բլոգի համար, բայց չեն զբաղվում բլոգինգով։ Այնպես որ, «կուլ տալու» մասին խոսելիս, պետք է խոսել էլեկտրոնային մամուլի կողմից տպագիր մամուլը կուլ տալու մասին, ինչն արդեն տեղի է ունենում։

Քո կեղծանունը կապ ունի՞ Դորիան Գրեյի հետ։

Դօրիան անունով ինձ իմ ծանոթներից մեկն է ժամանակին կնքել։ Նա պնդում էր, որ ես այնքան վատն եմ, որ ստիպում եմ իրեն ծերանալ՝ ինքս սնվելով դրանով և հավերժ երիտասարդ մնալով։ Հետագայում, երբ սկսեցի գրանցվել ամեն տեսակ կայքերում ու ֆորումներում, առաջացավ կեղծանվան անհրաժեշտություն։ Ես, առանց երկար մտածելու, ընտրեցի ինձ երբևէ տրված միակ կեղծանունը։ Այն ժամանակ բառը գրվում էր սովորական ուղղագրությամբ, սակայն մեկ տարի անց որոշեցինք «ո» տառը փոխել «օ»-ով՝ բրենդային մասը ընդգծելու համար։

Ի՞նչ անկեղծ տվյալներ կան քո մասին, որ հրապարակելի են։

Ծնվել եմ 1988 թվականի օգոստոսի 27-ին։ 2006-2008 թթ․ ծառայել եմ ՀՀ զինված ուժերում։ Երկու տարի սովորել եմ լրագրության ֆակուլտետում, հետո՝ վռնդվել համալսարանից։ Ապրում եմ Երևանում։ Առայժմ, կարծեմ, այսքանն ենք հրապարակել։

Ինչու՞ հոգնակիով։ Դու մենակ չե՞ս, փիարի մասնագետնե՞ր ունես։

Մենակ չեմ․ իմ կողքին ունեմ մարդիկ, ովքեր գերազանց ի կատար են ածում իմ մտքերը կամ օգնում խորհուրդներով։

Ինչու՞ են հեռացրել լրագրության ֆակուլտետից։

Պահվածքի պատճառով։

Ի՞նչ է նշանակում՝ պահվածքի պատճառով։

Նախընտրում եմ այդ մասին չխոսել։ Ուղղակի դժվար ուսանող էի։

Թատերական ինստիտուտում էլ ես սովորել կարծեմ։ Ի դեպ, ծեծի ենթարկվածը դու՞ էիր։

Թատերական ինստիտուտում չեմ սովորել։ Ծեծված տղայի հետ որևէ կապ չունեմ։ Իմ ծեծի մասին ինֆորմացիան հատուկ էր տարածվել՝ հասարակության ուշադրությունը ինստիտուտի վրա գրավելով, դրա ղեկավարությանը վնասելու համար։ Այն ժամանակ ինձ հետ աշխատում էին մարդիկ, որոնց դա ձեռնտու էր։

Մտավախություն չունե՞ս, որ եթե շատ ուզենամ բացահայտել քեզ, կզանգեմ Երևանի բոլոր համալսարանների լրագրության ֆակուլտետներ, կիմանամ հեռացվածների անունները, կարող եմ ծննդյան թվերով էլ նայել։ Չնայած չի բացառվում, որ պարզվի՝ ծննդյանդ թիվն էլ էր սուտ, լրագրության ֆակուլտետն էլ, հեռացվելն էլ, չէ՞։

Ոչ մի սուտ տեղեկություն առայժմ չեմ տվել։ Կարող ես վստահաբար բացահայտել ինձ։ Ինչպես մեկը ասում է․ «Դօրիանը հաստատ մի մարդ չի։ Մեկը արձակ ա գրում, մեկը՝ չափածո, մեկը՝ էս, մեկը՝ էն։ Ու մենակ մեկն ա իրանցից տաղանդավոր՝ PR-շչիկը»։ PR-շչիկի ջանը սաղ լինի՝ հակակրիզիսային մարքեթինգով էլ կզբաղվի։

Ասում ես՝ անունդ գաղտնի ես պահում նաև նրա համար, որ չես սիրում տարատեսակ միջոցառումների ու հանդիպումների ներկայանալ, գիտեմ, որ մի անգամ մրցանակդ ստանալու համար ուրիշը ներկայացավ։ Այդ օրը կամ ընդհանրապես, եղե՞լ է, որ լավ էլ ներկա ես եղել, ու ոչ ոք չի իմացել ով լինելդ։ Կամ չի՞ եղել, որ առանց իմանալու, քո ներկայությամբ քեզանից բամբասեն։

Նման դեպք դեռ չի գրանցվել։ Պատահել է, որ ինչ-որ մեկին խնդրեմ ներկայանալ ու պատմել դեպքերի մասին, սակայն ինքս երբեք չեմ ներկայացել։ Անձի գաղտնիությունն այստեղ կապ չունի։ Չեմ կարծում, թե դեմքս բացահայտելուց հետո հաճախ կներկայանամ միջոցառումների։ Բայց պատահել է, որ ընկերներիս ծանոթները, իմանալով, որ նրանք Դօրիանին ճանաչում են, իմ ներկայությամբ հարցուփորձ են արել։ Հաճախ նաև ինքս իմ մասին երրորդ դեմքով խոսել եմ մարդկանց հետ, քննադատել Դօրիանին, կարծիք հարցրել նրա այս կամ այն արարքի վերաբերյալ։ Հատկապես հետաքրքիր է, երբ դեմքիդ նայելով վատաբանում են քեզ։ Դա ինձ զվարճալի է թվում։

Ծնողներդ գիտե՞ն, որ Դօրիանը դու ես։

Ծնողներս էլ գիտեն, ընտանիքիս անդամներն էլ, ընկերներս էլ, նաև բոլոր այն մարդիկ, ում հետ աշխատել ու աշխատում եմ։ Անգամ վարսահարդարս գիտի, թե ում սանրվածքն է անում։ Facebook-ի իմ էջի հետևողների մեջ շատերը կան, ովքեր իրական կյանքում ճանաչում են ինձ, սակայն օն-լայն շփման ժամանակ՝ հրապարակային, թե պրիվատ, դիմում են ինձ Դօրիան անունով։ Բոլոր նրանց, ովքեր նախ ճանաչել են ինձ ոչ որպես Դօրիան, ես ազատ հայտնում եմ, որ կա նաև վերջինս։ Ընկերս, որին արդեն գրեթե 10 տարի ճանաչում եմ, նույնպես սկսել է ինձ «Դօր»-ով դիմել, ու ինձ դա դուր է գալիս։

Ճի՞շտ է, որ դու նույնիսկ մամուլի խոսնակ ունես։

Ունեմ, բայց էնպես չի, որ վճարում եմ դրա համար։ Որպես իմ մամուլի խոսնակ իմ ընկերն է հանդես գալիս։ Նա նման հարցերում ավելի լավ է գլուխ հանում ու օգնում է ինձ։

Հարցազրույցը՝ Ռուզան Խաչատրյանի

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։