Categories
Պատմվածք

Ես Մերիլ Սթրիփն եմ

Նորից, փակված երեք պատի մեջ, ոչ ոքի չի ուզում տեսնել: Կարծում է, որ այն, ինչ պատահել է իր հետ, փոխել է իր հանդեպ նրանց վերաբերմունքն, ովքեր սիրում էին իրեն, ովքեր նոր էին պատրաստվում սիրել ու անգամ նրանց, ում նա դեռ չի ճանաչում, քանզի պատրաստվում է ութսուն տարեկանում մեռնել, իսկ այժմ ընդամենը վաթսուներկու տարեկան է ու ապրելու տասնութ տարի ունի, որոնց ընթացքում դեռ կհասցնի ճանաչել: Ամեն ինչ իր տեղում է` կլոր սեղանը, որի համար մինչ մարտ այդպես էլ հարմար սփռոց չկարողացավ գնել, իսկ մարտյան դեպքերից հետո այլևս իմաստ չի տեսնում, դրա շուրջ կոկիկ ու իրարից հավասար հեռավորության վրա շարած չորս աթոռները, որոնք ասես դիտմամբ հոգնակի են, գրադարակը, ուր առաջին շարքում շարված են ոչ այն գրքերը, որոնք սիրում է, այլ նրանք, որոնք ավելի գեղեցիկ են նայվում (ժամանակն է փոխել դասավորությունը) ու պատերից կախած մի քանի նկար` ջրվեժը ու աղջիկը պատի` մինչև ննջասենյակի դուռն ընկած հատվածում, կակաչները` դռնից աջ: Նախկինում դրանց փոխարեն վարդեր էին, բայց առաջին իսկ աշխատավարձը ստանալով` նա ինքը, սեփական միջոցներով գնեց նոր նկար և ազատվեց վարդերից, որոնք անճոռնի էր համարում: Հեռուստադիտողն այնքան ուշադիր չէ, որպեսզի նկատի նման մանրուքները, պնդում էր ռեժիսորը, բայց ինքը Մերիլ Սթրիփն էր ու իր հեռուստադիտողը պիտի որ ուշադիր լիներ: Արդյունքում` երեսունհինգերորդ մասում կակաչների նկարն իրեն նվիրեց Տիգրանը: Վերնիսաժում շատ էժան էին վաճառում` իր անսպասելի նվերը բացատրեց նա: Այժմ անգամ Տիգրանն իրեն չի այցելում ու եթե սցենարի հեղինակը փոքր ինչ խելացի լիներ, այդ կակաչները կդառնային սիրելիի բացակայության խորհրդանիշը: Ո՞վ գիտե, գուցե մայիսյան մասերից մեկում նա վերցներ նկարը, դներ դատարկ աթոռներից մեկի վրա ու ճաշեր նրա հետ, զրուցեր հետը` հիշելով երջանիկ երեսունհինգերորդ մասը, երբ այդ նկարն հայտնվեց իր տանը: