fbpx

Ամենապահանջված Դօրիանը

BOOM ամսագիր, # 2/47 / 2012

Մի քանի տարի առաջ համացանցում բնակություն հաստատեց Դօրիանը, ու հատկապես սոցկայքերում լայնորեն սկսեց շրջանառվել այդ կեղծանունը։ Եթե սկզբնական շրջանում նա հայտնի էր որպես մի նորեկ մեր հայ գրողների աշխարհում, որտեղ գրեթե յուրաքանչյուրս է իրեն այդպիսին համարում, ապա նրան այժմ ճանաչում են որպես հայ ամենասկանդալային գրողներից մեկը թե՛ իր ստեղծագործական ոճով, թե՛ թեմաներով ու օգտագործած հայհոյանքներով։ Բացի այդ, այս կարճ ժամանակահատվածում Դօրիանը «վաստակել» է գրական հիերարխիայի որոշ ներկայացուցիչների թշնամանքը և վերջինների հետ մի քանի կծու խոսք փոխանակել։ Նրա բոլոր ստեղծագործությունները ընթերցողին հասանելի էին դառնում անվճար՝ բացառապես համացանցի տարբեր տիրույթներում։ Գուցե և այս ամբողջի դրական ազդեցության արդյունքում էլ 2011-ին նրա ընթերցողների ցանկը կտրուկ աճեց, ու Դօրիանն անցյալ տարի դարձավ Google–ում ամենաորոնված հայ գրողը։

2009-ին նրա «Սատանան մայրամուտին» վիպակն արժանացավ «Ինքնագիր» գրական մրցանակին։ Դրանում ներկայացվում է մի երիտասարդի կյանքի այն շրջանը, երբ վերջինս նոր մուտք է գործում «համասեռամոլության» աշխարհ ու բացահայտում իր սեռական կողմնորոշումը։ Նույն տարի Տիկնիկային թատրոնում բեմադրվեց նաև Դօրիանի առաջին պիեսը։ Սակայն «Դօրիան» անվան հանդեպ առաջացած ամենամեծ հետաքրքրությունը վերաբերում էր նրա անձին։ Ամբողջ այս ընթացքում նրա ով լինելը մնում էր հարցական նշանի տակ։ Ո՞վ էր նա։ Շատերն այդ ժամանակ վստահ կարծում էին, որ Դօրիանը Վիոլետ Գրիգորյանի այլընտրանքային էգոն է։ 2018-ին հեղինակին բացահայտելու գործին լծվեցին մի քանի լրագրողներ, ովքեր մի պահ կարծես թե գտան նրան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, քանի որ դաժանաբար ծեծի էր Ենթարկվել։ Բայց հետո, ինչպես պարզվեց, այդ արդյունքը միայն իրական Դորիանի թողած կեղծ հետքն էր։ Նույն ամսին շրջանառության մեջ հայտնվեց «փնտրվողի» առաջին լուսանկարը` Դօրիանը 3 տարեկան հասակում։ Սա հավանաբար նրա հայտնիությանն ուղղված հերթական PR քայլն էր։

Վերջապես՝ վերջին տարվա դեկտեմբերին Դօրիանը որոշեց բացահայտվել (այդ օրերին լույս էր տեսնելու նաև նրա առաջին տպագիր վեպը)։ Շատերի պատկերացումները նրա կերպարի մասին «հօդս ցնդեցին», քանի որ «Կիսաբաց լուսամուտների» աթոռին հայտնվեց շիկահեր մազերով, գլխարկով և սև ունքերով, հանրությանն ընդհանրապես անհայտ մի տղա. ահա և այդ անհայտ հայտնի գրողը…

Հաշվի առնելով նրա անձի հանդեպ այդ օրվանից հետո առաջացած մեծ ինֆորմացիոն պակասն ու պահանջը՝ BOOM-ը որոշեց անդրադառնալ թեմային ու անցկացնել հարցազրույց։ Առանձնացրեցի 12 թեմատիկ հարցեր։

Ինչու՞ ընտրեցիր հենց «ԴՕՐԻԱՆ» կեղծանունը, երբ մեր առանց այդ էլ փոքր «հայտնիների շուկայում» կա նմանատիպ ևս մեկ անվանում՝ Դորիանս խումբը։

«Դորիանս» խումբը լայն մասսաներին ճանաչելի դարձավ 2009-ի Եվրատեսիլի նախընտրականից հետո։ Այդ ժամանակ համացանցում արդեն ապրում էր Դօրիանը և գործարկվել էր նրա առաջին՝ «Հոգու մերկապար» կայքը։ Կասեի` «Այդ հարցն իրենց ուղղեք», բայց բնական է, որ նրանք չգիտեին իմ գոյության մասին. այն ժամանակ դեռ առանձնապես հայտնի չէի։

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ մազերդ առաջին անգամ հրամցրիր մեզ, ու պարզվեց, որ շիկահեր ես։ Սակայն միաժամանակ նկատելի էր հոնքերիդ գույնի հետ տարբերությունը։ Արչիի հարցին պատասխանեցիր, որ իրականում մազերդ բնական են, և ներկում ես հոնքերդ։ Մի քանի օր հետո «Մաքս Լիբերթի երիտասարդականով» լսեցի խոսքդ, որ ներկել ես մազերդ քո ազատությունն արտահայտելու համար։ Ինչու՞մ է կայանում այս երկու հարցազրույցների տվյալների հակասությունը։ Վերջապես՝ իրականում ո՞րն է «իրական»։

«Կիսաբաց լուսամուտներում» ասածս հեգնանք էր։ Պարզապես հնչեց հարց այն մասին, ինչն առանց այդ էլ ակնհայտ էր։ Չեմ սիրում անջատել ուղեղս ու պատասխանել հարցերի, որոնց պատասխանները կարելի է ստանալ առանց իմ մեկնաբանությունների։ Բնականաբար, ներկած են մազերս, ու «Մաքս Ակումբի» եթերում դա է՛լ ավելի ակնհայտ էր։

Ունե՞ս կախվածություններ, որոնք կարող են ամբողջությամբ իշխել քեզ։

Արդեն ոչ։ Սակայն ունեմ կոմպլեքսներ ու վտանգավոր մտքեր, որոնք ցանկացած կախվածությունից էլ լավ են իշխում ինձ վրա։ Դրանք վերացնելու ուղղությամբ էլ աշխատում եմ։ Ունեմ նաև նախասիրություններ, որոնց վրա կցանկանայի ավելի քիչ ժամանակ ծախսել. շատ ժամանակ եմ տրամադրում ինտերնետին, համակարգչային խաղերին ու հեռուստացույցին։ Այժմ ապրում եմ օրվա պլաններով, որտեղ հստակ նշված է, թե որ զբաղմունքին որքան ժամանակ պիտի հատկացվի։ Շեղվում եմ, իհարկե, այդ ժամանակացույցից, բայց աստիճանաբար կհասնեմ ուզածս արդյունքին. միշտ եմ հասնում։

Եվ ի՞նչ տիպի համակարգչային խաղերի մասին է խոսքը։

Մանկուց սիրածս խաղը «Tomb Raider»-ն է։ Անհամբերությամբ սպասում եմ խաղի հերթական մասի նոր ռելիզին, բայց ժանրային առումով նախընտրելի էն ստրատեգիաները, «Tower defence», «Time management», իրերի որոնում ժանրի խաղերը, գլուխկոտրուկներն ու արկադաները։ Նաև սոցիալական խաղեր եմ սիրում։

Բողոքների ալիքի տակ հայտնված «Սեր եմ ճռռում» ոտանավորիդ համար ինչ-որ դրդապատճառ ունեի՞ր։

Դա, ռուսերեն ասած, «զա կայֆ» գրված բանաստեղծություն է։ Պարզապես զվարճանալու և մյուսներին զվարճացնելու համար։

Բառերից ենթադրում եմ, որ գրել ես՝ «աղջկա տեսանկյունից» մտածելով (Սիրաբրդիր, Սիրակոխիր)։ Ճի՞շտ եմ։

Որոշ տղաներ քեզ հետ չեն համաձայնվի (ծիծաղում է)։

«Սատանան մայրամուտինը» ո՞րերորդ ստեղծագործությունդ է։ Ի՞նչ կասես դրա «պատմվածք» կոչվելու մասին։

Դրանից առաջ երկու վեպ ու մի քանի պատմվածք եմ գրել, նաև բազմաթիվ բանաստեղծություններ։ Հերթական համար չունի, պարզապես աշխատանքներիցս մեկն է։ Այո, պատմությունն իրական է։ Իհարկե, որոշ դետալներ ավելացրել եմ ինքս, ինչպես, օրինակ, հերոսի մոր մահը և այլն։ Դավիթի նախատիպի հետ երկար ժամանակ շփվում էի։ Պատմությունը պատմելիս ցանկանում էր բացասական քողի տակ ներկայացնել Ալեքի նախատիպին, սակայն, ինչպես կնկատի ընթերցողը, ի տարբերություն Դավիթի, Ալեքին հեղինակը սիրում է։

Ինչու՞ որոշեցիր գրել պատմվածք հենց համասեռամոլի մասին։ Նպատակդ որն էր։

Կինն ու միասեռականն իմ սիրած հերոսներն են։ Տղամարդու կողմից օկուպացված ու նրա «շնորհիվ» նախապաշարմունքների գերության մեջ ապրող հասարակությունում հասունանալով՝ հասկացել եմ, որ բոլոր մեր դժբախտությունների մեջ հենց տղամարդու այդ կաղապարային կերպարն է մեղավոր, լինի դա սպանված զինվոր, թե խոհանոցային կոմբայնի վերածված կին։ Հենց այդ կաղապարի հետ պայքարում եմ զգացել դրա հակառակ ծայրահեղության մասին խոսելու անհրաժեշտությունը։ Երբ իմ ստեղծագործությունը քարկոծվում է տղամարդու կողմից, հասկանում եմ, որ հասել եմ ուզածիս, կոտրել եմ նրան, բարկացրել։ Հասկանում եմ, որ նա աշխարհն իրենն է կարծում, ցանկանում է կանոններ պարտադրել, բայց տեսնում է, որ սկսել է անզորանալ։ Ահա, թե ինչի եմ ձգտում…

Խոսում ես «համասեռամոլության» մասին, երբեմն նրանց անունից, իսկ ինչպիսի՞ն է քո տեսակետը՝ այդպիսի մարդը պետք է բարձրաձայնի՞ իր մասին, թե՞ բավարարվի լռելով։

Կարծում եմ՝ սխալ է որևէ մեկի սեռական կողմնորոշման մասին բարձրաձայնելը։ Դա, ինչպես և այն, թե ով ում հետ ու ինչ դիրքով է սեքսով զբաղվում, մարդու անձնական կյանքն է, ու նախընտրելի է, որ այդպիսին էլ մնա։

Բոլորիս էլ հայտնի ես որպես բավականին սկանդալային՝ կերպար, ու միշտ հայտնվում ես սկանդալների կենտրոնում։ Ամեն դեպքում թե՛ արածներիդ, ասածներիդ հետևելով, թե՛ մազերիդ ձևին նայելով՝ այդ տպավորությունն եմ ստացել։ Կարծում եմ՝ հիմա հարցիցս չես վիրավորվի։ Գրել ես համասեռամոլի մասին, ստեղծագործություններումդ նախընտրում ես կնոջ անունից խոսել, ու հետաքրքիր է՝ ինքդ ունե՞ս համասեռամոլության հակումներ։

Մարդու սեռական կողմնորոշմամբ հետաքրքրվելը վիրավորանք չի կարող լինել, պարզապես ավելորդ հետաքրքրասիրություն է։ Ես ինձ հրապարակային կերպար եմ համարում, հետևաբար այնպիսին եմ, ինչպիսին կկարծի «հանդիսատեսը»։ Երկու «ճամբարում» հայտնվելուց էլ չեմ խուսափում, որևէ մեկը մյուսից առավել չեմ համարում, դրականի ու բացասականի չեմ դասում։ Ու պատասխանս չի փոխվի, քանի որ ցանկանում եմ օրինակելի լինել, իսկ օրինակելի եմ համարում այդ մասին լռելը։ Դա լավագույն պատասխանն է միասեռականների համար, ովքեր չեն ցանկանում խոսել այդ մասին, ու հետերոսեքսուալների համար, ովքեր չեն ցանկանում իրենց կողմնորոշումը որպես առավելություն ներկայացնել։

«Դեմք բացելը» ի՞նչ փոխեց՝ քո կյանքում։

Ինձ սկսեցին հեռուստաեթերների կանչել ու առերես հանդիպումներ խնդրել, ինչն ինձ առայժմ դուր չի գալիս։

Իսկ «աստղային հիվանդության» համար խոցելի՞ ես։

Այո, ինչպես ցանկացած եսակենտրոն մարդ։ Բայց և հումորի զգացում ունեմ, ինչը մի թեթև մեղմում է շրջապատողների վերաբերմունքն այդ «հիվանդությանս» հանդեպ։

Այդքան խոսվում էր, որ «Դօրիանը» Վիոլետ Գրիգորիանի այլընտրանքային էգոն է, բայց, փաստորեն, պարզվեց այդ «ոչը»։ Եվ ամեն դեպքում` կա՞ կամ կար վերջինս քո այն խմբի մեջ, ովքեր ամբողջ 3 տարի լավ PR էին անում «ԴՕՐԻԱՆ» հեղինակին։

Ոչ, իհարկե։ Ես անգամ իրականում չեմ տեսել Վիոլետին։ Պարզապես, երբ հայտնվեցի դաշտում, նա առավել ակտուալ էր։ Գուցե այդ պատճառով սկսեցին իր անվան հետ կապել իմ կեղծանունը։ Բացի այդ, ստացա իր ամուսնու ակումբի սահմանած մրցանակը։

Իսկ ձեզ նույնացնողների նման դու ինքդ չե՞ս նմանեցնում արտահայտման ձեր ոճերը։

Եթե մեկ–երկու հայհոյանք գրելը ոճի նմանություն կարելի է համարել, ուրեմն շատ նման ենք։ Բայց իրականում որևէ ընդհանրություն չկա։ Բացի այդ, Վիոլետը բանաստեղծուհի է, ես նախ և առաջ ինձ արձակագիր եմ համարում։

Ասում են, թե կա գրելու երկու շարժառիթ՝ գրել լավ ապագա կա ռուցելու՝ այսպես կոչված էլիտար կյանք մուտք գործելու համար, և երկրորդ՝ փառքի համար։ Ինչպիսի՞ իրավիճակ է քեզ մոտ։

Չգիտեմ, թե ով է նման բան ասել, բայց ես սկսել եմ գրել այն ժամանակ, երբ դեռ չգիտեի էլ էլիտար կյանքի մասին։ Ուղղակի նախ` կար երազանք՝ գրել սերիալներ, քանի որ մանկուց ու մինչ օրս էլ սերիալների մեծ երկրպագու եմ։ Հենց դրանից էլ սկսեցի։ Հետո արդեն ավելի լրջացրեի աշխատանքս։ Փառքի հասնելու ցանկությունն էլ մեծ էր մանկուց։ Ստեղծագործությանս որոշակի շրջանում հենց այդ ձգտումն էր ուղղորդում ինձ, բայց այսօր այն արդեն չի ազդում գրականությանս վրա։ Գրում եմ այն, ինչ ասելու ցանկություն ունեմ, և այն, ինչ կուզենայի, որ գրեին մյուս գրողները, ու ես կարդայի։ Կարծում եմ, որ երկու հսկայական քայլ եմ արել թե՛ հանրաճանաչ լինելու ուղղությամբ, թե՛ որպես լավ հեղինակ։ Ու դա հենց երկու քայլ է, միևնույն քայլը չէ։

«Իսկ գիշերվանից հետո՝ շուշանները» ազատ հասանելիությունից հանելու նպատակը գրախանութներում գրքերիդ վրա փոշի նստելու գործընթացը կանխե՞լն էր։

Ամեն ինչից զատ գիրքը նաև իմ մասնագիտությունն է, գումար աշխատելու իմ եղանակը։ Որևէ մասնագետ իր ամբողջ աշխատանքն անհատույց չի անում։ Ես երեք տարի ազատ տարածել եմ ստեղծագործություններս ու շարունակելու եմ էլի տարածել։ Բայց ամեն ինչ անվճար անել կնշանակի չշարժվել տեղից, քանի որ ցանկացած քայլ ոչ միայն աշխատանք, այլև ֆինանսներ է պահանջում։ Ցավոք սրտի, մեր ժողովրդի զգալի մասը, անգամ ունենալով գիրքը գնելու գումարը, նախընտրում է այն անվճար հայթհայթել, ասես երշիկն ու կոշիկն ավելի կարևոր են ու առավել արժանի դրանց դիմաց տրվող գումարին։ Այո, ես սահմանափակել եմ «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» վեպի հասանելիությունը, որպեսզի գումար աշխատեմ, ունենամ հետագա քայլերս առանց կողմնակի հովանավորության անելու հնարավորություն։

Ո՞ր թաղամասում ես ապրում։ Ինչպե՞ս է հանրությունը ընդունում շիկահեր երիտասարդին։ Փսփսոցներ լսու՞մ ես։

Բնակվում եմ Արաբկիրում։ Բարեբախտաբար, չեմ ապրում այն թաղամասում, որտեղ մեծացել եմ։ Նոր բնակավայրում ինձ գրեթե չեն ճանաչում, ինքս էլ աշխատում եմ քիչ ուշադրություն գրավել։ Մեծ մասամբ գլխարկով եմ շրջում, ու դա այնքան էլ նկատելի չէ։ Եթե նկատում եմ, որ ծուռ են նայում, միանգամից հասկանում եմ, որ հեռուստատեսությամբ ցուցադրվելու արդյունքն է։ Աշխատում եմ հետևիցս ռեպլիկներ անելու չհրահրել մարդկանց՝ իմ հանդեպ ուշադրություն գրավելով։

Բնորոշիր ինքդ քեզ։

Մարդ, ով չունի բնավորության ոչ մի գիծ, որը կխոսի իր գրող լինելու մասին, բայց ով կարողանում է գրել ու դուր գալ մարդկանց։

Հարցազրույցի ընթացքում նաև պարզեցի, որ մի խումբ ընթերցողների այն կարծիքը, թե Դօրիանը գրում է Պաուլո Կոելյոյի ոճով, գուցե և իր ուղղակի պատճառներն ունի։ Վերջինս երկար ժամանակ եղել է Դօրիանի սիրելի հեղինակը, ու որոշ ստեղծագործություններում, հնարավոր է, այդ ազդեցությունը նկատելի լինի։ Հիմա պետք է հիշեմ դասղեկիս խոսքը, որ մենք որքան հարուստ ենք չափածոյով, այնքան էլ աղքատ ենք արձակում։ Չեմ ասում՝ չքավոր, բայց աղքատ ենք։ Ու գուցե հենց նոր գրողներին է տրված կշեռքի նժարների անհավասարակշռությունն ուղղելու այդ դերը։

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։