fbpx

Քեզ մոտ եմ գալիս

Աշնան ևս մի առավոտ,
Կրկին քեզ մոտ եմ գալիս՝
Հայհոյելով ավտոբուսը,
Որ ինձ ճամփա չի տալիս։

Ինչ-որ մեկի պատուհանից
Իմ սիրած երգն է լսվում,
Կանգ եմ առնում այնտեղ մի պահ,
Լուռ, շշուկով արտասվում։

Մոտենում եմ այգուն ծանոթ,
Ուր շնիկիդ էինք թաղում…
Ա՜խ, երանի, երբ մանուկ էինք,
Այս այգում էինք, չէ՞, խաղում։

Նստում եմ նույն ճոճանակին,
Ուր մայրիկս էր տանում,
Ճոճանակն էլ ծերացել է՝
Արդեն հոգոց է հանում։

Եվ տերևներն ակացիայի
Լացում են անձրևի հետ,
Չեմ տխրելու, մտածում եմ,
Չեմ նայելու կրկին ետ։

Բայց նկատում եմ անուններ՝
Փորագրված ծեր ծառին,
Այստեղ է ծնվել սերը մեր՝
Սերը անմահ՝ քո ու իմ։

Ահա և դու… Վերջ երազին՝
Երեկն անցյալ է դարձել,
Պետք է մեր կյանքի օրագրում
Այսօրվա էջը բացենք։
Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։