fbpx

Դօրիան. վիրտուալ գրողը խոստանում է «լույս աշխարհ գալ»

30 Նոյեմբեր 2011, Արմենպրես

Քչերն են այնպես «լիաբուռ» օգտվել «Ֆեյսբուք»-ից, ինչպես դա արել է իրեն ժամանակակից հայ գրող անվանող Դօրիանը: Նա արդեն երեք տարի facebook-ի «բնակիչ» է, ունի շուրջ 13000 հետևող, նրա էջը սովորաբար բուռն քննարկումների վայր է, ընթերցողների թվով բարձր հորիզոնականներում է նաեւ Դօրիանի անձնական կայքը: Վերջերս նա իր ընթերցողներին խոստացավ առաջին գրքի լույսընծայման կապակցությամբ դեն գցել վիրտուալ քողը եւ «լույս աշխարհ գալ», ինչը նրա շուրջ նոր ինտրիգ ու հետաքրքրություն ստեղծեց: Այս կապակցությամբ «Արմենպրես»-ը վիրտուալ զրույց ունեցավ «Ֆեյսբուք»-ի թափառող հոգու հետ:

Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանում երիտասարդ գրողն ավելի մեծ ուշադրության արժանացավ օնլայն հասարակության կողմից, քան փոփ աստղերից շատերը:

Հավանաբար, այլընտրանքի բացակայության պատճառով: Փոփ աստղերին հետևելու համար պարտադիր չէ նրանց հետևել facebook-ում: Նրանց պակասը չի զգացվում հեռուստատեսությունում կամ մամուլում: Իմ դեպքում facebook-ն ի սկզբանե ծառայել է որպես գործունեության հիմնական հարթակ ու շարունակում է այդպիսին մնալ: Արդեն երեք տարի անընդմեջ ակտիվություն եմ ցուցաբերում այնտեղ, օգտագործում եմ որպես նոր աշխատանքներիս առաջխաղացման, ընթեցողիս հետ շփվելու հիմնական միջոց:

Այսօր մի քանի էջ գրած յուրաքանչյուր երիտասարդ փորձ է անում facebook-ի միջոցով գրողի համբավ ձեռք բերել: Մամուլում հաճախ են այդ թեմայով քննադատական հոդվածներ հանդիպում: Ձեր կարծիքով, այդտեղ կա՞ Դօրիանի ազդեցությունը:

Չեմ բացառում: Մարդիկ աչքի առաջ ունեն դրա նախատիպը: Իմ հեղինակած երկու աշխատանք արդեն բեմադրվել է Երևանի լավագույն բեմերում, բազմաթիվ անգամ արժանացել եմ մամուլի ուշադրությանը, տարատեսակ հրապարակումների ու սկանդալների «հերոս» դարձել, ու ամեն ինչ սկսվել է հենց facebook-ից: Հանրաճանաչ դառնալ ձգտողների առջև դրան հասնելու ևս մեկ բաղադրատոմս է հայտնվել: Չգիտեմ, թե որքանով այդտեղ կա իմ ազդեցությունը, բայց հրաշալի է, որ մարդիկ փորձում են գրել, հրապարակում են իրենց աշխատանքները, հրավիրում են ընկերներին կարդալ: Գրելու շնորհ չունեցող մարդը դրանով, միևնույն է, ոչինչ չի շահի, բայց ընթերցանությունը կշահի` միանշանակ: Նկատված այդ տենդենցի քննադատության հիմքում, հավատացեք, էլեմենտար նախանձ է, ուշադրության պակաս, վախ մրցակցությունից: Ինչպե՞ս կարող է որևէ գրող, կամ գրականագետ դժգոհել երիտասարդների` գրելու ցանկությունից, ես դա նորմալ չեմ համարում:

Ինչպե՞ս է ստացվում, որ մշտապես հայտնվում եք ձեր նշած սկանդալների կիզակետում: Ձեզ «ծեծում են», սպառնում են, օրերս էլ մամուլում հայտարարություն տարածեցիք այն մասին, որ ձեր պիեսն են գողացել և բեմադրել: Առաջնորդվում եք «Եթե չես հալածվում, ուրեմն լավ գրող չես» սկզբունքո՞վ, թե՞…

Ես արդեն իմունիտետ ունեմ նման բաների հանդեպ. ինձ ոչ հալածված եմ զգում, ոչ վիրավորված: Հասկացել եմ, որ այն ամենը, ինչ կատարվում է ինձ հետ, բնական է մի մարդու համար, ով մշտապես մյուսների աչքի առաջ է, թեկուզ և այդ աչքը վիրտուալ լինի: Փոքրիկ անհաջողությունները, որոնք մշտապես ուղեկցում են ինձ, նույնպես օրինաչափ են, երբ աստիճան ես բարձրանում: Մեկը փորձում է հրել ու առաջ անցնել, մյուսն ընկնելիս բռնում է ոտքիցդ, որ հետը ներքև տանի: Ու դա բարձր գնահատական է. ոչ ոք աչք չի դնում անարժեքի, անպետքի վրա:

Այդ դեպքում ի՞նչ կարիք կա այդպես բարձրաձայնելու ամեն «փոքրիկ անհաջողության» մասին:

Եթե հաջողություններիս մասին բարձրաձայնում եմ, անհաջողություններիս մասին էլ պիտի խոսեմ: Բացի այդ, ունեմ գրեթե աննկատ մինուս` սկանդալիստ եմ:

Իսկ չե՞ք կարծում, որ բոլորին նկատելի այդ «աննկատ մինուսը» կարող է խանգարել ընթերցողներին, որպեսզի լուրջ ընկալեն Ձեզ, ընդունեն որպես իրենց ժամանակի մտավորականի:

Ուսումնասիրեք ցանկացած դասական գրողի կենսագրություն: Միայն մեկ-երկուսին կգտնեք, որ համապատասխանում է գրողի` ընդունված մելամաղձոտ-դարչնագույն կլիշեին: Ես գրում եմ և չեմ պատրաստվում աջ ու ձախ մեջբերումներ շաղ տալով քայլել ու հոգեկան շեղումների իմիտացիա անել, որպեսզի ինձ ու մյուսներին ապացուցեմ, թե լուրջ հեղինակ եմ: Գրողի ընդունված դիմակի ազդեցությամբ անհատականություն չեմ ձևավորում, հակառակը` թույլ եմ տալիս, որպեսզի ձևավորված անհատականությունս ազդի իմ գրականության վրա: Ի վերջո, սովորական մարդ եմ ու այնպիսին, ինչպիսին կարող է լինել այսօրվա աշխարհում ապրող սովորական մարդը:

Վերջերս Ձեր էջում գրեցիք, որ երեք տարի գաղտնի մնալուց հետո պատրաստվում եք բացահայտվել, ներկայանալ հանրությանը:

Դեռ մեկ տարի առաջ ընթերցողիս խոստացել էի, որ կբացահայտվեմ առաջին գրքիս հրատարակվելու դեպքում և չեմ դրժի խոստումս: Արդեն իսկ իմ մասին հաղորդում է նկարահանվել, որը եթերում կլինի գրքիս շնորհանդեսից հետո: Ես ուշադրություն չսիրող մարդ եմ, գաղտնիությունն ինձ օգնեց ժամանակ շահել, հաստատ որոշել, որ ցանկանում եմ շարունակել ընտրածս ուղին, ավելի հեշտ հաղթահարել ավելորդ ուշադրության առաջացած սթրեսները: Այժմ, կարծում եմ, ճիշտ ժամանակն է մարդկանց գիտակցությունից անդեմ Դօրիանի կերպարը հանելու, նորովի ներկայանալու համար:

Ե՞րբ տեղի կունենա գրքի շնորհանդեսը: Ի՞նչ գիրք է դա, եւ ինչպե՞ս որոշվեց հրատարակել հենց այդ գիրքը:

Առհասարակ, որևէ գիրք հրատարակելուց առաջ անհրաժեշտ է լավ մտածել. դա բավականին մեծ գումարի կորուստ կարող է դառնալ: Այսօր կա համացանցը, զարգանում է էլեկտրոնային գրքերի ընթերցման մշակույթ, ինչը կարելի է օգտագործել գրականությունն ընթերցողին անվճար մատուցելու համար, իսկ որևէ աշխատանք հրատարակել միայն այն դեպքում, երբ համոզված կլինես, որ կարող ես արդարացնել ծախսերդ: Խոսքս, իհարկե, հեղինակային հրատարակության մասին է: Իմ «Իսկ գիշերվանից հետո` շուշաններ» վեպը, տեղադրվելով համացանցում, յուրատեսակ փորձաշրջան անցավ: Չնայած համեմատաբար մեծ ծավալին, այն ընթերցվեց գրեթե երեք հազար անգամ, գտավ միայն ու միայն դրական արձագանքներ: Դա խոսեց այն մասին, որ վեպը կարող է ժողովրդականություն վայելել, կարող է, լինելով մարդկանց համար հետաքրքիր գրականություն, դառնալ նաև պահանջված «ապրանք»: Այն դեռ տպագրության փուլում է, սակայն արդեն կան նախապես պատվիրողներ: Դա ապացուցում է, որ վեպի ընտրության հարցում ես չեմ սխալվել: Դեկտեմբերի սկզբին արդեն ես և իմ ընթերցողը հանդիպելու հնարավորություն կունենանք:

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։