fbpx

«Իմ երկու հայրը» որոշեցի հրապարակել մասամբ գենդերային խնդիրների մասին ծավալված քննարկումների պատճառով». Դօրիան

3 Սեպտեմբերի 2013, Aravot.am

Դօրիան. հայ իրականության մեջ այս անունը թերևս ամենասկանդալային անունների շարքում կարելի է դասել: Մեկ տարի առաջ նրա անունը լսողները ամենուր, գրեթե ամեն տեղ փորձում էին փնտրել նրա կերպարանքը, սակայն երկար ինտրգներից հետո Դօրիանը, նույն ինքը՝ Գրիգոր Մուրադյանը բացահայտվեց, բայց մինչև օրս մնաց անկանխատեսելի և առեղծվածային: Որտե՞ղ է նա և ի՞նչ նոր պատմվածքով է ներկայանալու իր ընթերցողին. այս և մի շարք այլ հարցերի մասին «Առավոտ երիտասարդական»-ը զրուցեց երիտասարդ գրողի հետ:

Բավական երկար ժամանակ է, ինչ Դօրիան անունը չի շրջանառվում, արդյո՞ք այն կարելի է խորհրդավոր լռություն անվանել:

Ավելի ճիշտ՝ իմաստուն լռություն։ Փոխվելու ժամանակ, որպեսզի ձանձրալի չլինեմ։

Այսինքն արդեն ձանձրալի՞ էիք Ձեր ընթերցողների համար, ինչպե՞ս եկաք այդ եզրահանգմանը:

Ենթադրում էի, որ կարող եմ նախ «շատ» լինել, հետո խիստ ասոցացվել անհայտ Դօրիանի հետ։ Բացի այդ ձանձրալի էի դառնում ինքս ինձ համար, փոփոխության կարիք կար ու այդ փոփոխության հակառակ կողմից աշխարհին նայելու, փոփոխության հակառակ կողմում գրելու ցանկություն։ Այժմ արդեն ինձ հակառակ կողմում եմ զգում, բայց հասկանում եմ, որ փոփոխության ցանկությունն այդքանով չեմ սպառել։ Գուցե որոշ ժամանակ անց նորից «կորչեմ »։

Իսկ ի՞նչ կասեք «Իմ երկու հայրը» պատմվածքի մասին, որը նոր պետք է հանձնեք ընթերցողների դատին, գուցե փոփոխությունը հենց այս պատմվածնքն էր:

Ես փորձել եմ ավելի լավ գրող լինել։ Նոր պատմվածքումս նախ և առաջ փոփոխության այդ կողմը պիտի արտացոլված լինի, սակայն պատմվածքն ինքնին այդ փոփոխությունը չէ։ Այս ընթացքում գրած իմ աշխատանքներից հենց «Իմ երկու հայրը» որոշեցի հրապարակել առաջինը՝ մասամբ գենդերային խնդիրների մասին ծավալված քննարկումների, մասամբ էլ այն ամենից շատ հավանելու պատճառով։ Հուսամ, իմ հերոսն ու նրա երկու հայրերը կօգնեն ընթերցողիս ևս մեկ տեսանկյունից նայել մարդկային հարաբերություններին ու զգացմունքներին։

Պատմվածքի վերնագրից կարելի է կարծել, որ ընթերցողի համար հերթական սկանդալն եք պատրաստել, ճի՞շտ եմ: Ի՞նչ կգտնի կամ կփնտրի ու չի գտնի ընթերցողդ այս պատվածքում:

Սկանդալ չի գտնի՝ միանշանակ։ Կարծում եմ՝ իմ ընթերցողն այն չի էլ փնտրում։ Ընթերցողս սպասում է իմ հերթական աշխատանքին, ինչ աշխատանք էլ որ դա լինի, մարդիկ այս ընթացքում նամակներ էին գրում, ճշտում, արդյոք որևէ փորձանք չի պատահել, երբ եմ նոր ստեղծագործություն հրապարակելու և այդպես շարունակ։ Ահա իմ աշխատանքը՝ համոզված եմ, որ այն հենց այնպիսին է, ինչպիսին իրեն սպասում էին։

Իսկ ե՞րբ եք պատրաստվում «Իմ երկու հայրը» ներկայացնել ընթերցողներիդ դատին, ֆեյսբուքում նույնիսկ նկատեցի, որ օրերն եք հաշվում:

Պատմվածքը կներկայացվի սեպտեմբերի 13-ին։ Այդ օրը ընթերցողիս դատին կհանձնենք «Իմ գրադարակը» հավելումը Chrome դիտարկչի համար, որն իրենից ներկայացնում է և՛ իմ էլեկտրոնային գրքերը, և՛ դրանց ընթերցման համար նախատեսված ծրագիրը մեկ փաթեթի մեջ։ Սա նախատիպը չունեցող քայլ է և ոչ միայն Հայաստանում։ Dorian.am կայքի այցելուների 85%-ն օգտվում է հենց Chrome դիտարկչից։ Ստեղծելով «Իմ գրադարակը» մենք այդ մարդկանց հնարավորություն կտանք կարդալ իմ աշխատանքները նաև առանց ինտերնետ միացման, առանց էլեկտրոնային գրքեր կարդալու համար նախատեսված ծրագիր ունենալու և ավելի հաճելի ու հարմար միջավայրում։ «Իմ երկու հայրը» պատմվածքը կհրապարակվի միայն այդ հավելման միջոցով, առանց դրա այն անհնար կլինի կարդալ։

Չե՞ք մտածել ընթերցող-գրող հանդիպում կազմակերպելու մասին, չե՞ք հոգնել այս քառակուսի տուփից (համացանց, ֆեյսբուք . . .): Կա՞ ինչ-որ բան, որ ետ է պահում Ձեզ՝ ընթերցողի հետ դեմառդեմ հանդիպելուց:

Ի դեպ, նկատե՞լ եք, որ ես այդ հարցում ունիկալ եմ։ Այսօր հենց այդ հանդիպումներն են օգնում գրքեր վաճառել, գրողները փորձում են ավելացնել ոչ թե ընթերցողների, այլ կոնտակտների թիվը, դա հնարավորություն է տալիս ստեղծել անորակ գրականություն և լինել ընթերցված։ Ես ինքնախաբեությամբ զբաղվելու ցանկություն չունեմ ու պահպանում եմ իմ և ընթերցողի միջև հեռավորությունը։ Եթե ես լավ գրականություն եմ ստեղծում, այն պիտի ընթերցվի։ Չեմ պատրաստվում հարաբերություններ հաստատել յուրաքանչյուր ընթերցողի հետ՝ հանուն ընթերցված լինելու։ Այլ հարց է, եթե մարդիկ, ում ես ճանաչում եմ, իբրև հավատարիմ ընթերցողների, իրենք որոշեն, որ հանդիպումն անհրաժեշտ է և կազմակերպեն այն։ Նման ցանկություն հայտնող առայժմ չի եղել։

«Պահպանում եմ իմ և ընթերցողի միջև հեռավորությունը», իսկ որքանո՞վ է ճիշտ, որ գրողը հեռավորություն պահի իր ընթեցողից, կա՞ ինչ-որ սահման, որը չի կարելի :

Ես համացանցի միջոցով պատասխանում եմ ընթերցողներիս հարցերին, նամակներին, շփվում եմ, եթե շփման առանցք կա, չաթերից երբեք չեմ օգտվում, պարզապես զրուցելու համար զրուցողներին էլ առանձնապես չեմ հավանում։ Ես շփվող մարդ չեմ, հարաբերություններին միշտ էլ գերադասել եմ աշխատանքը, ժամանակն արդյունավետ օգտագործելը։ Միակ բանը, որ պահանջում եմ ինձ հետ կապի մեջ գտնվող մարդկանցից՝ դիմելուց առաջ մտածելն է՝ արդյո՞ք իրենց ասելիքն ավելի կարևոր է, քան այն, ինչ պիտի անեի իրենց պատասխանելու փոխարեն։ Ահա և սահմանը, ընդ որում՝ ոչ միայն գրող-ընթերցող հարաբերությունների։

Իսկ եթե ընթերցողները ցանկություն հայտնեն հանդիպել Ձեզ հետ, ինչպե՞ս կարձագանքեք:

Ես անուն առ անուն կարող եմ նշել իմ բոլոր այն ընթերցողներին, ովքեր մշտապես իմ կողքին են, ոչ միայն կարդում և արձագանքում են, այլ նաև հրաշալի գիտակցում են ընթերցողի իրենց դերը, իրենց մասնակցությունն են ունենում իմ աշխատանքում։ Այո, եթե նրանք մի օր որոշեն հանդիպում կազմակերպել, ես, որքան էլ որ անհարմար զգամ, կներկայանամ այդ հանդիպմանը։

Անհարմա՞ր, ինչի՞ց, Դօրիա՛ն, Ձեզ կոմպլեքսավորված մարդ համարու՞մ եք:

Այո, կոմպլեքսավորված եմ։ Թեկուզ ես այն մարդկանցից չեմ, ովքեր փորձում են ազատվել կոմպլեքսներից, որպեսզի վնասակար հյութերի գովազդի հերոսների նման լինեն։ Կոմպլեքս կոչվածն էլ հատկանիշ է, առանց որի անհատն ունիկալ չի կարող լինել։ Դրանից պետք չէ ազատվել, պարզապես անհրաժեշտ է պատրաստ լինել բացառիկ իրավիճակներում ինքդ քեզ դավաճանելուն։ Բնականաբար, սոցիոֆոբ լինելով, ես լավ վաճառող կամ գործակալ չէի կարող լինել, բայց լավ գրող լինելու համար դա խոչընդոտ չէ, ավելին՝ գուցե նաև նախապայման։

Իսկ, որտե՞ղ կարելի է գտնել Դօրիանին:

Շատ եմ սիրում իմ տունը, մտերիմների տները կամ բակերը։ Այնտեղ էլ կարող եք գտնել։

Վերջին անգամ ե՞րբ եք սիրահարվել, հե՞շտ եք սիրահարվում, թե՞ սիրում:

Ոչ, ես դժվար եմ որևէ դրական բան զգում նոր մարդկանց հանդեպ։ Առհասարակ՝ սիրային հարաբերությունների նկատմամբ թույլ հետաքրքրություն եմ ցուցաբերում։ Հաշվարկների կողմնակից եմ (խոսքս, իհարկե, ֆինանսական հաշվարկների մասին չէ), անգամ ամենաուժգին զգացմունքը կարող է ժամանակի ընթացքում քայքայվել անհամապատասխան աշխատաժամերի պատճառով, հետևաբար նախ պիտի հարմարեցնել աշխատաժամերը։ Գուցե հոգով ես թույլ եմ զգում ինչ-որ մեկի հանդեպ դրականը, բայց նման հաշվարկների արդյունքներին նայելով՝ հասկանում եմ, որ դա հենց այն մեկն է։ Էդպես էլ ապրում ենք։

Իսկ ի՞նչն է օգնում, որ ստեղծագործեք:

Ստեղծագործել ինձ օգնում է գիտելիքը։ Այն և՛ ոգեշնչման աղբյուր է, և՛ ստեղծագործելու միջոց։

Առաջիկայում նոր գիրք հրատարակելու պլաններ չկա՞ն:

Պլաններ կան, իսկ նոր գիրք՝ ոչ։ Վեպը, որի վրա աշխատում եմ այժմ, նույնպես տպագիր գիրք դառնալու համար հարմար չէ։ Եթե շա՜տ արդյունավետ աշխատեմ, գուցե եկող տարի և տպագրեմ նոր աշխատանք, չեմ սիրում նախապես ինչ-որ բան ասել։

Իսկ հայ ժամանակակից գրողների աշխատանքներին հետևո՞ւմ եք, ըստ Ձեզ՝ կա՞ անպիսի մեկը, ում ձեռագիրը նորություն է ժամանակակից գրականության մեջ:

Ընդհանուր առմամբ իրավիճակին ծանոթ եմ։ Հաճույքի համար որևէ մեկի ստեղծագործությունները չեմ կարդա, բայց զուտ ծանոթանալու համար հետևում եմ։ Բանաստեղծներին ընդհանրապես չեմ հասկանում, արձակագիրների հետ հաշտ եմ։ Հայ ժամանակակից գրականության մեջ մեզանից ոմանք գուցե և նորություն կարող են համարվել, բայց ոչ ավելին։

Ի՞նչ եք կարծում՝ գրականության մեջ կա՞ն բաց և փակ սահմաններ, շա՞տ եք տարանջատումներ դնում Ձեր ստեղծագործությունների մեջ, թե այնտեղ ազատ եք ինչպես երբեք:

Գրականության մեջ էլ, ինչպես կյանքում, ես ազատ եմ ինձ սահմանափակելու հարցում։ Իմ սահմանափակումների հիմքերը, սակայն, սոցիալական չեն, անձնական են։ Երևույթների այսպիսին կամ այնպիսին համարվելն ինձ համար կողմնորոշիչ չէ, կողմնորոշիչ է այդ երևույթների այսպիսին կամ այնպիսին թվալը։ Հենց այդ պատճառով էլ գրականության մեջ ինձ ավելի հարմար է, քան շրջապատող աշխարհում՝ այնտեղ ես պայմանականությունների ստեղծողն եմ՝ ոչ միայն հետևողը։ Չգիտեմ, դա ազատություն կարելի է անվանել, թե՝ ոչ։

Քանի որ ընթերցողներդ քեզ միայն պարբերաբար թարմացվող նկարներում են տեսնում, հետաքրքիր է իմանալ նոր իմիջային փոփոխություններ արե՞լ եք:

Առանձնապես ոչինչ չի փոխվել։

Ցանկություն էլ չկա՞:

Անկեղծ ասած, դրա մասին չէի մտածել՝ հերթը չի հասնում։ Հարցիցդ հետո կարծեցի, որ կարելի է մի բան փոխել, թեկուզ միայն մտածել փոխելու մասին։

Դօրիան
Դօրիան

Այս ստեղծագործության հեղինակն է հայ գրող Դօրիանը։ Կարող եք կարդալ նրա 👉կենսագրությունը։